Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ընթացիկ տարում առաջին անգամ հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի և որ դրանում ինքն անձամբ պատասխանատվություն է կրում։ 
Գլխավորը դատախազը տեղեկացրեց, որ ասուլիսը հրավիրվել է հուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ և նպատակն է հանրության ներկայացնել հիմնական աշխատանքները, ուղղությունները, որոնք պետք է կատարվեն, ինչպես նաև անցած 9 ամիսների կատարված աշխատանքը:

«Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Վերջին շրջանում երկրում կրակոցների ավելացումը Գևորգ Կոստանյանը պայմանավորեց նրանով, որ դրա մասին ավելի շատ է հիմա խոսվում՝ վստահեցնելով, որ ոստիկանության կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ, և այսօր արդեն կարելի է տեսնել, որ բավական լուրջ արդյունքներ կան:

Ամփոփելով վերջին ամիսների աշխատանքը՝ դատախազը ներկայացրեց, որ առաջին հերթին դատախազությունում տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, սկզբունքների փոփոխություն:

Երկրորդ կարևոր հանգամանքը, նրա խոսքով, կադրային քաղաքականությունն է: «Վերջին 9 ամիսների կադրային փոփոխությունների արդյունքում դատախազության համակարգից դուրս է եկել 80–ից ավել դատախազ, որոնց մի մասին գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր դրա համար ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ փոխվել է դատախազության համակարգի գրեթե 1/3-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել