Բոլորը քննարկում են Սարյանի փողոցում տեղի ունեցած միջադեպը՝ ակտիվիստների ու ոստիկանության միջև: Տեսանյութը նայելով՝ երևում է, որ այս անգամ ոստիկանությունը «փափուկ» էլ չի գործում, համենայն դեպս, մի ինչ-որ փուլից հետո:
Հարցին անդրադարձել է նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ով արդարացիորեն նկատել է, որ ոստիկանության գործառույթների մեջ մտնում է նաև իրավաչափ ուժ կիրառելը, ու եթե կտրվենք առանձին դրվագներից, ապա Սարյան փողոցում էլ ոստիկանությունը համարժեք ու իրավաչափ ուժ էր կիրառում, քանի որ մինչև էդ հավաքվածների վրա չէր ազդել համոզման մեթոդը:
Իրականում եղածի մեջ ես ավելի հակված եմ մեղադրելու պրոֆեսիոնալ «ակԾիվիստներին», ովքեր այս երկու տարիների ընթացքում այնքան պղծեցին «ակտիվիզմ» ասվածը, իսկ ոստիկանության մոտ աստիճանաբար ձևավորեցին սուր հակակրանք նման հավաքների հանդեպ: Էս վերջին շրջանում արդեն լրիվ տվել-անցել էին իրենց, ակցիաների ժամանակ արդեն բացեիբաց հայհոյում էին ու հրում էին ոստիկաններին:
Ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Եթե դուք երկու տարի հետևողականորեն սղոցում եք ոստիկանների նյարդերը ու վիրավորում նրանց, հետո էլ լոթի-փոթի դուրս տալիս մեդիաներում, դա ստեղծում է զսպանակի էֆեկտ, ու մի օր, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում, զսպանակը կտրում-առաջ է մղվում: Հենց դրան մենք ականատես եղանք Սարյանի փողոցում, երբ ոստիկանները, ովքեր առաջ նույն իրավիճակում ավելի փափուկ էին գործում ու չէին ենթարկվում սադրանքներին, այս անգամ տեղի տվեցին ու անցան չոր հակազդեցության: Սրա համար առաջին հերթին պետք է շնորհակալ լինենք հիստերիկ ակԾիվիստներին: