Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների վերջին շփումները մտածել են տալիս, որ Ռուսաստանը շահագրգռված է հնարավորինս արագ չեզոքացնել մեր տարածաշրջանում իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները և շտապում է պարզել, թե ինչ կարժենա դա իր համար: Ռուսաստանը սպասելու ժամանակ չունի՝ ուկրաինական ճգնաժամը դեռևս շարունակում է խորանալ, իսկ դրան զուգահեռ արդեն իսկ նշմարվում են Ռուսաստանին հարող այլ տարածաշրջաններում հասունացող զինված հակամարտությունների նոր օջախները: Սա նշանակում է, որ ՌԴ-ն պետք է շատ հստակ պատկերացում ունենա, թե իր անմիջական հարևաններից որոնք են իր դաշնակիցներն ու բացահայտ կամ դեռ ծպտյալ թշնամիները: Ասվածի համատեքստում այն տպավորությունն է ստեղծվում, որ Ռուսաստանն Արցախյան հիմնահարցի արժեքի շուրջ առևտուր է վարում, և քանի որ Հայաստանի պահանջած նվազագույնը պարզ է՝ խնդիրն Ադրբեջանն է մնում: Պաշտոնական Երևանը, դատելով ամեն ինչից, պատրաստ է հանձնել ազատագրված տարածքների գերակշիռ մասը՝ Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու պայմանով: Ռուսաստանի խնդիրն է համոզել Ադրբեջանին, որ ընդունի այս տարբերակը հենց իր միջնորդությամբ: Այս պահին միակ գինը, որ կբավարարի Ալիևին՝ ամբողջ Արցախն է: Աշխարհաքաղաքական զարգացումների բերումով Ադրբեջանը շուտով դառնալու է Ռուսատանի թիվ մեկ թշնամին մեր տարածաշրջանում, և Մոսկվան կձգտի անել հնարավորը՝ իր դեմ ուղղված բացահայտ թշնամական գործողություններից Ադրբեջանին ետ պահելու համար: Առաջիկայում միակ բանը, որ Ռուսաստանը կարող է առաջարկել հակամարտության կողմերին, նրանց անդամակցությունն է Եվրասիական տնտեսական միությանն առանց սահմանների խնդիրը դիտարկելու, իսկ այդ հարցին անդրադառնալ վերահաս ճգնաժամը համատեղ ուժերով հաղթահարելուց հետո միայն: Եթե Ռուսաստանը դիմանա իրեն սպասող ճնշումներին, ապա հետո կկարողանա Հարավային Կովկասում ցանկացած հարց լուծել իր նախընտրած տարբերակով: Այսինքն՝ այսպիսով ռուսները կարող են հետաձգել խնդրի լուծումը՝ հակամարտության կողմերից յուրաքանչյուրին խոստանալով, որ ավելի ուշ այն հենց իրենց օգտին կհանգուցալուծվի:



