Քաղաքը ժամանակակից է,երիտասարդ,փոքր:
Քաղաքի բնակիչներից շատերն իրար ճանաչում են դեմքով:
Քաղաքը եկեղեցի չունի և համեմատ ավելի տարեց մարդիկ եկեղեցական տոներին բարձրանում են քաղաքից քիչ հեռու գտնվող վանքը:
Հուսավանք:
Վանքը գտնվում է քաղաքից դեպի հարավ-արևմուտք,մի մացառաշատ բլրի վրա:
Գիշերներն այստեղ կարելի է հանդիպել վանքի շրջանաձև տարածքում անկանոն շարված տապանաքարերի, լուռ տապանաքարերի,որոնց մեջ ոչ միայն դարերի պատմության տխուր էջերն են,այլև իրենց վրա նստած զույգերի զուսպ ծիծաղը, քչփչոցը, համբույրները, խոստովանությունները…
Պահակը չի առարկում,քաշվում է վանքի խցերից մեկն ու քնում ժպտալով:
Երիտասարդներն իրար մեջ վանքն անվանում են “Ռոմեոյի մոտ”:
Թե երբ և ով առաջին անգամ անվանեց Ռոմեոյի և Ջուլիետայի վանք,արդեն վաղուց ոչ ոք չի հիշում:
* * *
Քաղաքի բնակիչներն ապրում էին իրնց հասանելիք մոտավոր հինգ հարյուր վաթսուն երկու հազար ժամերն անհոգ,առանց ցնցումների, երբ պատերազմի դաժան տրամաբանությամբ բոթը երկրաշարժի նման ցնցեց քաղաքը:
…Քաղաքի երեք դպրոցներից մեկի 41 ամյա քիմիայի ուսուցիչը,ֆակուլտատիվ պարապունքի պատրվակով դասերից հետո պահել էր մի ավարտական դասարանի աշակերտուհու ու բռնաբարել:
Աղջկա հայրը փորձ էր արել սպանել ուսուցչին,բայց չէր ստացվել, աղջիկն էլ ինքնասպանության փորձ էր արել-չէր ստացվել ու փախել էր տանից:
Շատ էին ման եկել աղջկան,հետո գտել էին վանքի տարածքում,պահակի հետ նստած մի տապանաքարի հանգիստ խաղող ու հաց ուտելիս:
Թէ ինչ էին խոսացել, ոչ ոք չիմացավ,բայց մտերիմները գիտեին որ աղջիկը սիրում է իրենից երկու տարի շուտ նույն դպրոցն ավարտած,իր քրոջ համադասարանցի մի տղայի,որը ծառայում է բանակում` խաղաղապահ զորքերում ու գտնվում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու, անտեղյակ քաղաքի անցուդարձից:
* * *
Երկու իրարից քիչ հեռու տապանաքարերի արանքում մի հողաթումբ է:
Վաղուց արդեն գիշերային զույգերին չի զարմացնում այդ տապանաքարերից մեկի վրա նստած միայնակ աղջիկը:
Նրա տեղը, ոչ ոք չի զբաղեցնում:
Նստում է հողաթմբին ավելի մոտ գտնվող տապանաքարին,արմունկներով հենվում ծնկներին, ափերով այտերը գրկում ու նայում մի կետի:
Հեռանում է մինչ կեսգիշեր:
* * *
Քաղաքի տներից մեկում եռուզեռ էր:
- Մեռնեմ բոյիդ, ցավդ տանեմ, զինվոր ջանիդ ղուրբան…
- Տատ, լավ էլի թող մնացածներին էլ բարևեմ:
Տատի լվացքից սմքած ձեռքերը ջերմ են,գրկել ջերմացնում են ու չեն ցանկանում բաց թողնել:
Հետո զինվորը հերթով անցավ ներկաների գրկով:
Երբ արդեն սեղան էին նստել,տղան թեքվեց հոր կողմն ու հարցրեց.
- Պապին որտե՞ղ եք թաղել:
- Շատ էր ցանկանում քեզ զինվորի շորով տեսներ,նկարվեր հետդ, չդիմացավ:
Թաղել ենք իր աշխատավայրում,վանքի բակում,ինչպես ինքն էր խնդրել,մեծ խնդիրներ ունեցանք Մարզպետարանի հետ,բայց դե հորեղբայրդ լուծեց այդ հարցը:
Առավոտյան կգտնես, վրան դեռ քար չկա,իսկ հիմա քեֆ ենք անում:
Հայրը մի ումպով կուլ տվեց դառնահամ հեղուկը:
* * *
Քաղաքից դեպի հարավ-արևմուտք ճանապարհով մի ստվեր էր բարձրանում, դանդաղ կարծես վայելելով գիշերվա լռությունն ու մութը:
Լռությունն ու մութն իրար հետ - լինում են բարի, իսկ բարիներն անպաշտպան են:
Բարիներին միշտ հետևում են բազմաթիվ չար աչքեր իրենց բաժինը ժամանակին խլելու վայրի պատրաստակամությամբ:
Ստվերը լավ գիտեր, թե այդ ժամին վանքատարածքում ինչ է կատարվում ու գլուխը կախ սկսեց շրջել:
Զույգերը կիսամութի մեջ հետաքրքրությամբ նայում էին անծանոթ զինվորին:
Գտավ:
<Եկա,պապ,զինվորի շորով եմ>:
Ծնկեց, երեսը հպեց հողաթմբին…ձեռքերով շոշափեց հողաթումբը:
Զգաց որ հողաթմբին այրված, վերջացած մոմերի հետքեր են, փափուկ ու խոսուն:
Սկսեց զրուցել պապի հետ,աչքերը թաց,կիսափակ,կարծես մի նոր աղոթք լիներ մտքում անվերջանալի ու տարանջատված աշխարհից:
Աղջիկը որ միայնակ էր տարածքում մոտեցավ ու ծնկեց տղայի մոտ:
Նման պահին աղոթողները ոչ մեկին չեն տեսնում,ոչինչ չեն զգում,թերևս միայն աստղերի սառը թրթռոցը:
- Քեզ երկար եմ սպասել,շատ երկար,իսկ պապիկդ ասաց,Սպասիր,հաստատ գալու է:
Աղջկա նուրբ,քնքուշ ձեռքն իջավ տղայի ուսին:
Տղան հիշեց տատիկի ջերմ ձեռքերը ու թվաց թե այդ ջերմությունն է դեռ պահպանվել:
Հետո նստեցին տապանաքարին:
Աղջիկը երկու ձեռքով ամուր գրկել էր տղայի արմունկն ու մտածում էր թե տղան գիտե՞, որ արյունով է ներկված երկար սպասված նավակի սպիտակ առագաստը,գիտի արդյո՞ք, որ սպիտակ նժույգի վրա իր մոտ սլացող ասպետը ճանապարհին կանգնել է,հիշել որ տանն է մոռացել …երևի ծխախոտը ու ետ է գնացել:
Լռության մեջ մի բու բղավեց:
Իր երգը սկսեց լուսատիտիկը:
Մոտակա տապանաքարի վրա նստած զույգից մի ստվեր առանձնացավ ու մոտեցավ:
- Ծխելիք ունե՞ս զինվոր:
Տղան ազատեց արմունկն աղջկա ձեռքերից ու մտցրեց գրպանը:Ինքն էլ էր ուզում ծխել:
- Ինչ ռոմանտիկ տեսարան է, Զինվորն ու Կծած խնձորը..
Տղան ոտքի կանգնեց,սեղմեց բռունցքները, նայեց գլուխը կախած աղջկան:
Աղջկա հեծկլտոցն աղմուկով արձագանքվեց վանքի պատերից:
Ուշադիր նայեց լպիրշ դեմքին:
Իր տանից երկու տուն հեռու ապրող հարևանի մեծացած տղան էր`Էդոն:
- Չունեմ, ռադ եղիր,քեզ էլ դեռ շուտ է ծխելը:Վաղը կգամ ձեր տուն կծխենք իրար հետ:
Ինքն էլ ճանաչվեց,
Լսեց Էդոյի հեռացող քայլերը,լսեց մի աղջկա ձայն – Չտվե՞ց, քծի՞բ էր,-հետո լսվեց Էդոյի ձայնը,-Ախր ուզում էի որ լավ լիներ, ինքը չգիտի…հետո կարծես երազում աղջիկը շշնջոցով պատմում, պատմում էր ու կարծես վերջը չէր երևում:
Գրկեց դեռ լաց լինող աղջկան,գլուխը դրեց աղջկա կրծքերին,զգաց մի այլ ջերմություն այնքան նման իր տատի ձեռքերի ջերմությանը,այնքան նման իր կողքը հանգչող պապի խոսքերի ջերմությանը:
Լաց եղավ, չհասկացավ թե ինչու,աղջկա ոտնահարված հպարտության թե՞ պապին անվերադարձ կորցնեու համար:
Աղջիկը հեծկլտալով շոյում էր տղայի գլուխը:
Վանքատարածքում մի բու բղավեց:
Շրջապատը չնայած մութ էր,բայց այնքան բացատրելի էր ու այնքան պարզ:
Լիալուսինն իջավ ու թառեց աղջկա դողացող ծնկներին:
Ծնկները դարձան աղոթագրքեր:
Միաժամանակ նայեցին շուրջը:
“Ռոմեոյի մոտ” երկուսով էին ու մի երգող լուսատիտիկ:
Լիալուսին էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել