Պետությունն առաջանում է, որպեսզի մարդիկ հանրային բնույթի հարցերն իրենք չլուծեն, այլ պատվիրեն այդ լուծումները պետական մարմիններին: Այդ հանրային խնդիրներից են անվտանգությունը, կրթությունը, արդարադատությունը և այլն: Այստեղ ամեն ինչ, կարծես, ճիշտ է և հասկանալի:
Բայց այս դեպքում հարց է առաջանում. քաղաքացիական հասարակության, կամ նույնիսկ միայն ակտիվության իմաստն այն է, որ մարդիկ իրենց ձեռքն են վերցնում հանրային խնդիրների լուծման գործընթացը և անմիջականորեն ազդում են որոշումների ընդունման վրա: Հիմա ստացվում է, որ քաղաքացիական հասարակության կամ ակտիվության դեպքում մենք հե՞տ ենք գնում, ոչ թե առաջ, գնում ենք մինչպետակա՞ն կամ վաղ-պետական ժամանակահատված:
Ժողովրդավարության պայմաններում որոշումների ընդունման վրա քաղաքացիներն ազդում են միջնորդավորված կերպով, այն է՝ ընտրում են նրանց, ովքեր իրենց համար և իրենց փոխարեն որոշումներ պետք է կայացնեն: Իսկ քաղաքացիական ակտիվության իմաստն այդ թվում նա է, որ քաղաքացիներն անմիջականորեն են ազդում որոշումների ընդունման վրա: Կարծես թե՝ այո, դա բնորոշ է նախապետական վիճակին, երբ քաղաքական մասնակցության միջնորդավորված ձևերը դեռ զարգացած և կիրառելի չեն:
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական ակտիվությունը ենթադրում է փողոցում վարվող քաղաքականություն, որը նույնպես պետության ժամանակակից մոդելին նախորդող վիճակ է, ապա ստացվում է, որ քաղաքացիական ակտիվությունը վկայում է հանրային և պետական շահերի միջև իրական անհամապատասխանության կամ այդ շաների՝ իշխանության, կամ հանրության կողմից թյուրըմբռնման մասին:



