Allsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում B խմբում ուժերը չափեցին 1/8 եզրափակչում իրենց տեղերն ապահովագրած Հոլանդիայի և Չիլիի հավաքականները:

Այս խաղում հաղթելու դեպքում Չիլիի հավաքականը կարող էր առաջին տեղը գրավել խմբում և խուսափել 1/8 եզրափակչում A խմբի առաջատարին՝ ամենայն հավանականությամբ, Բրազիլիային հանդիպելուց: Այդուհանդերձ, Չիլին ոչ միայն չհաղթեց, այլև չկարողացավ անգամ 1 միավոր վաստակել. հանդիպման 77-րդ րոպեին Յանմատի փոխանցումից հետո մրցակցի պաշտպանների դեմ պայքարում հաղթող դուրս եկավ փոխարինման դուրս եկած Լերոյ Ֆերը և գրավեց մրցակցի դարպասը: Վերջին վայրկյաններին, երբ թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի 1-0 հաշվով, Հոլանդիայի հավաքականը ևս մեկ գոլ խփեց. ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մեմֆիս Դեպայը, Արյեն Ռոբենի փոխանցումից կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Այսպիսով, Լուի վան Գալի սաները, հաղթանակ տանելով խմբային փուլի բոլոր 3 խաղերում, հավաքեցին 9 միավոր և դարձան խմբի միակ առաջատարը: Չիլիի հավաքականը 6 միավորով մնաց 2-րդ տեղում: 

Հոլանդիա-Չիլի` 2:0

Գոլերը` Ֆեր 77 (1:0), Դեպայ 90+2 (2:0)

Հիշեցնենք, որ B խմբից պայքարը թողեցին Իսպանիայի և Ավստրալիայի հավաքականները, որոնց միջև կայացած վերջին խաղում 3:0 հաշվով հաղթեցին իսպանացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել