Այս հոդվածում ներկայացված են Վյաչեսլավ Միշչենկոյի մակրոլուսանկարները: Այս շնորհալի լուսանկարիչը դեռևս մանկուց է հետաքրքրվում մակրոլուսանկարչությամբ: Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ ստորև ներկայացված հարցազրույցը:

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր մասին:

-Ես մեծացել եմ Ուկրաինայում՝ մի փոքրիկ քաղաքում: Ես իմ առաջին մակրոլուսանկարը նկարել եմ 10 տարեկանում: Ամուսնանալուց և երեխաներ ունենալուց հետո լուսանկարչությունը երկրորդ պլան անցավ ինձ համար: Ես իմ ժամանակի մեծ մասը տրամադրում էի նկարչությանը: Թվային լուսանկարչության զարգացմանը զուգընթաց՝ ես նորից տարվեցի լուսանկարչությամբ: Երբ իմ ընկերն Ամերիկայից թվային ֆոտոխցիկ ուղարկեց ինձ, ես սկսեցի շատ լրջորեն զբաղվել մակրոլուսանկարչությամբ:

-Ինչպե՞ս ոտք դրեցիք լուսանկարչության աշխարհ: 

Ես մանկուց եմ հետաքրքրվել լուսանկարչությամբ: Իմ հայրը տեղական ամսագրերում աշխատում էր իբրև լուսանկարիչ: Ես ուսումնասիրեցի նրա լուսանկարչական արվեստը և շատ բաներ սովորեցի նրանից: Իմ հայրը հանգստյան օրերը հաճախ անցկացնում էր գեղեցիկ անտառներում՝ վայելելով ճամբարային հանգիստը: Այդպես լուսանկարչությունը և բնությունը դարձան իմ կյանքի անբաժան մասը:

-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Ես ոգեշնչվում եմ նկարչությունից: Իմ ամենասիրած նկարիչներից մեկը Կլոդ Մոնեն է: Դասական երաժշտությունը զարգացնում է իմ երևակայությունը: Բնությունը, նոր հանդիպումները, նոր մարդիկ, ճանապարհորդությունը, և սա դեռ ամբողջական ցուցակը չէ այն բոլոր բաների, որոնք ոգեշնչում են ինձ: Այնուամենայնիվ, ինձ համար ոգեշնչման հիմնական և անսպառ աղբյուր են հանդիսանում իմ կինը, երեխաներն ու հայրը: Նրանք իմ մեջ սերմանել են գեղեցիկի հանդեպ սերը, նրանց հետ կապված հիշողություններն ինձ դրդում են արվեստի նոր գործեր ստեղծել:

-Ինչո՞ւ է մակրոլուսանկարչությունը լուսանկարչության առանձնահատուկ ճյուղ հանդիսանում Ձեզ համար:

-Մակրոլուսանկարչությունը մեզ թույլ է տալիս տեսնել այն ամենը, ինչը մենք չենք կարող տեսնել առօրյա կյանքում: Այն հնարավորություն է ընձեռում մեզ մուտք գործել միջատների ու ծաղիկների զարմանահրաշ աշխարհը: Մակրոլուսանկարչությունը խթանում է լուսանկարչի ստեղծարարությունը և օգնում է նորովի տեսնել աշխարհը: Այսպիսի լուսանկարներ կարող են նկարվել գրեթե ցանկացած տարածքում: Ես սիրում եմ բացահայտել և ցույց տալ թաքնված գեղեցկությունը:

-Որքա՞ն կարևոր է համբերությունը լուսանկարչության այս ժանրում: Որքա՞ն երկար եք ստիպված լինում սպասել Ձեր լավագույն լուսանկարը նկարելու համար:

-Ես բոլոր միջատներին լուսանկարում եմ իրենց բնակավայրում, ոչ թե նրանց ինձ հետ փոխադրում լուսանկարչական ստուդիա: Պետք է ճիշտ ժամանակ ճիշտ տեղում լինես լավ լուսանկար ստանալու համար: Դա պարզապես բախտի բան է: Պատահել է, որ ես ստիպված եմ եղել երկու ժամ անցկացնել ճահճոտ վայրերում, իսկ տանը վրայիցս 15 տիզ եմ հանել, սակայն ես, միևնույնն է, չեմ դժգոհել, քանի որ վերջնարդյունքը սրտովս է եղել:

-Ապագայի ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք:

-Իմ նպատակն է իմ ստեղծագործությունների միջոցով ցույց տալ մեր շրջակա աշխարհի ողջ գեղեցկությունը:

-Ըստ Ձեզ ի՞նչ է հարկավոր լավ լուսանկար ստանալու համար:

-Հարկավոր է համբերություն և գեղագիտական բարձր ճաշակ ունենալ, լինել ռոմանտիկ ու սիրել բնությունը:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել