Panorama.am-ը գրում է.
«Բոլոր կրոնական կառույցները հետապնդում են ոչ թե հոգևոր սնունդ մատակարարելու խնդիր, այլ դրանք փողեր լվանալու միջոց են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ քայքայիչ աղանդների» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը՝ խոսելով Հայաստանում կրոնական աղանդների դերի ու տարածման մասին:
Անդրադառնալով կրոնական կառույցներին` նա նշեց, որ եթե կրոնական կառույցները ֆինանսավորվում և ղեկավարվում են արտասահմանից, ուրեմն նրանք Հայաստանում գործելու իրավունք չունեն:
«Հայ ավետարանական եկեղեցին և Հայ ավետարանչական ընկերակցությունը, որը նույնպես գրանցված է կրոնական կառույց, Հայաստանում զբաղվում են աղանդավորական գործունեությամբ: Մենք ունենք փաստեր այն մասին, որ Հայ ավետարանական եկեղեցին ֆինանսավորվում է արտասահմանից»,- ասաց նա` հավելելով, որ «սա փաստ է, ու օրենքի կոպիտ խախտում»:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ Հայաստանում կրոնի հետ կապված ոչ մի օրնեսդրական ակտ գոյություն չունի: Միայն գործում է «Խղճի ազատության մասին» օրենքը, որը, ըստ նրա, կարելի է համարել «մեռած օրենք»:
Նրա խոսքերով` Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում հատկապես խարիզմատիկ եկեղեցիները, ավետարանական ընտանիքի եկեղեցիներն ու «Կյանքի խոսք»-ը:
Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, որ «Կյանքի խոսք» աղանդը կործանումից փրկվելու համար միանալու է «Աստծո ժողովներ» նոր աղանդին, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց, թե դա նոր խոսակցություն չի: «Երբ «Կյանքի խոսք» աղանդի հիմնադիրը մի քանի ամսի առաջ հայտարարեց, թե ինքը 40 տարի սխալ է եղել և արդեն հարում է կաթոլիկ եկեղեցու գաղափարներին, դրանից հետո Հայաստանում գործող «Կյանքի խոսք»-ի որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, թե նա թոշակառու է և խելքը գցել է: Եթե առաջնորդը, գաղափարախոսը խելքը գցել է, պարզ է, որ մնացածն էլ վերջում իրենց խելքն են գցելու»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է «Կյանքի խոսք» աղանդի «Աստծո ժողովներ» նոր աղանդին միանալուն, Ա.Ամարյանը նշեց, որ երբ ժողովուրդն ակտիվորեն սկսեց խոսել «Կյանքի խոսքի» մասին և այն հայտնվեց ուշադրության կենտրոնում, այդ ժամանակ էլ որոշվել է, որ «Կյանքի խոսքը» պետք է փոխարինվի ուրիշ կառույցով, որը հենց «Աստծո ժողովներ» կառույցն է: Ըստ նրա` եթե դա փոխարինվեց, միանշանակ, այդ քանակը տեղափոխվելու է այնտեղ, այսինքն` ոչ մի բան չի փոխվելու:
Նա նշեց նաև, որ Առաքելական եկեղեցու բացն այն է, որ այնքան էլ ակտիվ չէ, սակայն պետք է ակտիվանա և ցույց տա, որ ճիշտը իրենք են: Այդուհանդերձ, Ալ. Ամարյանը նկատեց, որ եկեղեցին վերջին շրջանում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել, մասնավորապես, ուսանողների, զինվորների հետ հանդիպումներ են կազմակերպում, ինչը ողջունելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ