Ուկրաինայի հայազգի ոստիկանապետ Արսենի Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատերազմը մաքրագործում է: Ինչ-որ տեղ համամիտ եմ: Սակայն ես այս գաղափարը կընդարձակեի ավելի ու կգրեի, որ հեղափոխությունն է մաքրագործում: Ընդ որում, հեղափոխություն ասելով՝ ես երբեք նկատի չունեմ պետական հեղաշրջումը: Ես ավելի կնախընտրեի խոսել մշակութային հեղափոխության մասին, որովհետև, ինչպես արդեն հասկանալի է վերջին դեպքերից, հենց «անմշակութայնացվածությունն» է պատճառը բոլոր չարիքների, որ այսօր կան մեր իրականության մեջ, ու հենց մշակութային հեղափոխության կարիքն է, որ ունենք առաջին հերթին:
Ինձ համար մշակույթը միայն արվեստը կամ, ասենք, ճարտարապետությունն ու գրականությունը չէ: Ինձ համար մշակույթը սկսվում է խոսելու մշակույթից, ճաշի սեղանի շուրջ պահելաձևից, ուտելու մշակույթից, երաժշտություն լսելու մշակույթից, մի խոսքով՝ սկսած տարրական էթիկետից, իսկ այս հարցերում մենք հաստատ կաղում ենք: Իսկ նման կաղալով մենք չենք կարող ունենալ լուրջ ակնկալիքներ: Հենց այստեղից էլ պիտի սկսել, ապա միայն անցնել լուրջ հարցերի: Իսկ լուրջ հարցերը արդեն վերաբերում են ներկայիս հայ գրականությանը, երաժշտւթյանը, կերպարվեստին, կիրառական մշակույթին, մշակութային արժեքների հանդեպ ունեցած վերաբերմունքին, և այլն, և այլն` արդեն անցնելով հասարակական ու քաղաքական ու տնտեսական հարցերին: Իսկ հակառակ դեպքում երբ մշակութային հեղափոխություն չի իրականացված, ու մշակութայնացվածության մակարդակը ցածր է, ցանկացած այլ հեղափոխություն նման կլինի փողոցային կարկատանի, կոսմետիկ վերանորոգման՝ առանց խորքային հիմնանորոգման: