Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ թուրքական ORC հետազոտական ընկերությունը 32 նահանգներում ավելի քան 3000 մարդկանց շրջանում հարցումներ է անցկացրել՝ նախընտրական հիմնական միտումները պարզելու նպատակով: Նախագահական ընտրություններին ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները առաջադրել են միասնական թեկնածու Է. Իհսանօղլուին, քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը՝ Ս. Դեմիրթաշին, իսկ իշխող ԱԶԿ-ն էլ կառաջադրի Էրդողանին: Ըստ ընկերության հարցումների՝ որպես նախագահի թեկնածու՝ Էրդողանն ստացել է 54 տոկոս քվե, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Իհսանօղլուն՝ 39.4 տոկոս, ինչը նշանակում է, որ Էրդողանը ընտրությունների առաջին փուլում կընտրվի նախագահ: Քրդական ԺԴԿ-ի թեկնածուն ստացել է 6.6 տոկոս: 
Ընդդիմադիր ԺՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը դեմ է արտահայտվել Է. Իհսանօղլուի առաջադրմանը, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել նաև հենց կուսակցության շրջանում: 
Թուրքական ORC հետազոտական ընկերությունը համարվում է որպես գյուլենականներին մոտ կանգնած կառույց, սակայն ունի նաև օբյեկտիվ ու անաչառ հետազոտություններ իրականացնողի համբավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել