Համազասպ Բաբաջանյանի արձանն է տեղադրվելու Երևանում, ինչը ես միանշանակորեն ողջունելի քայլ եմ համարում: Սակայն միևնույն ժամանակ մտավախություն ունեմ, որ մեր հասարակության լիբերալ-պայքարիստական շերտը էլի կարող է աղմուկ-աղաղակ բարձրացնել ու, ինչպես Միկոյանի դեպքում էր, սկսի քչփորել Բաբաջանյանի կենսագրության տարբեր կետերը՝ փորձելով վարկաբեկել ու արյունարբու դահիճ ներկայացնել Բաբաջանյանին:

Դժվար չէ անգամ կռահել, թե Բաբաջանյանի կենսագրության որ կետին են կպնելու մեր պայքարիստները. Հունգարիայի ապստամբության ճնշմանը: Ուղղակի պատմական ակնարկի կարգով ասեմ, որ այդ ապստամբությունը ճնշվել է Բաբաջանյանի հրամատարությամբ գործող զորամիավորման ուժերով ու մեծապես Բաբաջանյանի հրամաններով: Ընդ որում, բավականին արյունալի էր ամեն ինչ՝ մի քանի հազար մարդ է զոհվել այդ օրերին ու տասնյակ-հազարավոր մարդիկ են վիրավորվել:

Չծավալվեմ պատմության մեջ, կասեմ մենակ, որ ինչ էլ արել ա ԽՍՀՄ-ը և Բաբաջանյանը, ոչ միայն լավ ա արել, այլև ԵՀՊ-ի դաշնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ա արել, իսկ Հունգարիային ավելին էր հասնում՝ հաշվի առնելով՝ համարյա մինչև 1945 թիվ ֆաշիստական Հունգարիան պատերազմում էր ԽՍՀՄ-ի դեմ, իսկ հետպատերազմական պատժամիջոցներից խուսափել էր՝ համեմատած այն գնի հետ, որ վճարեց ու մինչ օրս էլ վճարում է Գերմանիան:

Ինձ համար այս կոնտեքստում ավելի կարևոր է այն հարցը, որ փորձում են վերանայել պատմությունը ու պղծել մինչ այդ գրեթե անբեկանելի մեծություններ համարվող մեր հերոսներին, ու հեսա գիտեմ՝ էլի սկսելու են «Ինքը Հայաստանի համար ի՞նչ ա արել որ» տիպի տափակ հարցերը: Սա պայմանավորված է սովետաֆոբական տրամադրությունների աճով ու ամեն «կարմիրի» դեմ ծավալվող վհուկների պայքարով, բայց դա չի կարող անհետևանք մնալ, որովհետև ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն, ու եթե հիմա սենց վերաքննում ենք մեր պատմության 70 տարիները, ապա անխուսափելիորեն կսկսենք քննել 1918-1920 թվականները, իսկ հետո էլ 1991 թ.-ից առ այսօրը, ու էդ ժամանակ, էդ ժամանակշրջանների արգասիք հանդիսացող լիբերալ-պայքարիստների բանը բուրդ կլինի, որովհետև իրենց է իդեալների ու հերոսների անցյալն ու ներկան ավելի մութ է, քան Միկոյանինն ու Բաբաջանյանի հարյուրապատիկ անգամ թանձրացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել