1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ծրագրում է կրկնակի կրճատել ահաբեկչության դեմ պայքարի ծախսերը՝ չնայած երկրում և արտերկրում ահաբեկչական սպառնալիքի աճին: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գերատեսչության ծրագրերին ծանոթ աղբյուրներին:
Ծրագրվող կրճատումների մասին հաղորդագրությունները հայտնվել են Իրաքում իսլամիստ գրոհայինների հաջող առաջխաղացման ֆոնին: Մերձավորարևելյան երկրում նրանց վերահսկողության տակ են անցել մի ողջ նահանգ և մի քանի խոշոր քաղաքներ: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Իրաքում և հարևան Սիրիայում վատթարացող իրավիճակը տարածաշրջան է գրավում ծայրահեղական խմբավորումներին, որոնց շարքերում կռվում են 500 բրիտանացիներ և Եվրոպայի երկրների 3000 բնակիչներ՝ գրում է պարբերականը:
Չնայած այդ ամենին՝ ԱԳՆ-ն, որի հակաահաբեկչական ստորաբաժանումը համարվում է ամենախոշորը երկրում, կրճատում է ահաբեկչության դեմ պայքարի բյուջեն՝ 51 մլն դոլարից հասցնելով 26 մլն դոլարի: Ծրագրվում է նաև 1/3-ով կրճատել ստորաբաժանման աշխատակազմը: Այդ ամենն արվում է՝ հաջորդ տարի նախարարության բյուջեն 170 մլն դոլարով կրճատելու համար՝ նշում է պարբերականը:
Միևնույն ժամանակ նախարարությունում հայտարարել են, որ ահաբեկչության դիմակայությունը մնում է գերատեսչության խոշորագույն ծրագիրը, քանի որ խնդիրը մնում է կառավարության աշխատանքում առաջնահերթների թվում: