Թարմ ու տաք մատնաքաշ, թե ֆրանսիական թիթիզ բագետ…ինչքան էլ սրանք համեղ լինեն, միևնույնն է տանը պատրաստած հացին չեն հասնի: Հատկապես, եթե դա հատուկ հավելումներով հաց է:
Ոչ մի բարդ բան չկա, հատկապես, եթե նախորդ անգամ պատրաստել եք համբուրգերի հաց:
Հիմնական խմոր
Սա այն հիմնական խմորի բաղադրիչներն են, որը մի թեթև փոխելով կարող եք երկու տեսակի հացից էլ ստանալ:
Մեզ պետք է`
2 թգ խմորիչ (անպայման նայեք, որպեսզի այն լինի թարմ` այլապես խմորը չի ուռի)
1 բաժակ գոլ ջուր (թույլ տաքության, շատ տաք ջուրը կրկին կվնասի ձեր խմորին)
1 ձու
3 թգ սենյակային ջերմաստիճանի հասած կարագ կամ սփռեդ
3 ճգ շաքարավազ
1 թգ աղ
3 -4 բաժակ ալյուր (կամ այնքան, որ ստացվի պինդ խմոր- այնպիսին, ինչպիսին ձեր տնական պիցցայի խմորն է)
Պատրաստման եղանակն ամբողջությամբ նայեք այստեղ` Ինչպես պատրատսել ամենահամով հացը?
Երկու տեսակի հացերն էլ նույն եղանակով են պատրաստվում` մի փոքր տարբերությամբ:
Փափուկ, մեղրով հաց
Սա շատ թեթև ու նուրբ համ ունեցող հաց է, որը, իմ կարծիքով, ամենալավը սազում է նախաճաշի հետ: Մի փոքր կարագ, ջեմ ու վերջ: ԱՅս հացը ստանալու համար հիմնական խմորին ավելացնում ենք կես բաժակ կաթ ու մեկ գդալ մեղր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ մեղրը ավելացնում ենք բոլոր բաղադրիչներից հետ` ամենավերջում ու նոր հունցում:
Խմորից ստացված գնդերին քսում ենք կաթով հարված ձու ու զարդարում ծովային կամ խոշոր աղով: Այս հացերի նուրբ կիսաքաղցր ու հաճելի աղիությունը + մեղրի հոտը ձեզ կդարձնեն իրենց գերին ու դուք ստիպված կլինեք ողջ կյանքը դրանից պատրաստել :)
Մեքսիկական ոճի լցոնված հացեր
Ճիշտն ասած չգիտեմ, որքանով են այս հացերը մեքսիկական (նման մեքսիկական հացի ռեցեպտ ոնցոր թե չեմ հիշում), ուղղակի խանութներից մեկում նմանատիպ համով հաց գնեցի, որի անունն էր մեքսիկական: Որոշեցի չփոխեմ անունն ու անպայման տանը փորձեմ ստանալ նման համ:
Սովորական խմորից մեքսիկական հացիկներ ստանալու համար ձեզ ընդամենը պետք է ավելացնել
2 թգ եգիպտացորենի ալյուր
3-5 կտոր մանրեցված բեկոն
2 լոլիկի պինդ հատվածը մանրեցված
1 կծու կարմիր բիբար
1 թգ սխտորի փոշի
1 բաժակ մանրեցված սունկ
Սովորական խմորին ավելացնում ենք եգիպտացորեն, լավ հունցում և թողնում խմորը հանգստանա`2 ժամով:Մինչ այդ մանր կտրատած բաղադրիչները դնում ենք 150 աստիճանի հասցրած վառարան ու պահում այնտեղ այնքան, մինչև դրանք չջրազրկվեն ու մի փոքր չորանան (ուշադիր եղեք դրանք շատ արագ վառվում են):
2 Ժամ հետո հանում ենք խմորն ու հունցելով կամաց-կամաց ավելացնում մանր կտրատած բաղադրիչները: Կտրատում ենք խմորը հավասար գնդերի ու թողնում դրանք ուռեն`30-50 րոպեյով:
ՄՆացածն էլ դե գիտեք` 150 աստիճանի հասցրած վառարան 10-20 րոպեյով (+10 րոպե, եթե վառարանը թույլ է):
Այս հացը ավելի լավ է մատուցել ընթրիքին, իսկ հաջորդ օրը դրանից կարելի է ստանալ առանձին համեղ ուտեստ: Ընդամենը մի փոքր տոմատ ու պանիր (կամ ինչ ուզեք), 10 րոպե վառարանում ու այս հացը կդառնա շատ լավ լանչ:
P.S.
Եթե իմ պես սիրում եք ֆիլմ դիտելիս հաց ուտել, ապա սա լավագույն տարբերակն է` անպայման փորձեք, չեք փոշմանի:
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան