Ընդհանրապես ուսումնասիրելով մեր ազգի պատմությունը` վաղնջական ժամանակներից մինչև այսօր, ականատես ենք լինում բազմաթիվ ու բազմապիսի անհաջողությունների ու անկումների, որոնք կատարվել են բավականին շատ թվով գործած ոչ խելամիտ ու անհեռանկարային քայլերի հետևանքով: Ու որ այսօր հասել ենք այսպիսի վատթարագույն իրադրության ու բռնել ենք կործանման տանող երևի ամենահեշտ ու կարճ ճանապարհը, դրա պատճառները` մեր ազգի գործած սխալներն են, որոնք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ ֆեյսբուքի` գրելու համար նախատեսված ծավալը չի բավականացնի: Ուստի կուզենամ այս անգամ խոսել թերևս այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկի մասին: Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Արդեն 20 տարի է, ինչ կնքվել է անժամկետ զինադադարը, ու պատերազմը փաստորեն չի ավարտվել, ու գտնվելով ավելի պասիվ փուլում` շարունակում է բացասականապես անդրադառնալ մեզ վրա: Ու այս տևական շրջանում Լեռնային Ղարաբաղի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող ու տարիքին համապատասխան պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորը: Սակայն այսօր մեզ մոտ` ՀՀ-ում բնակվող բազմաթիվ բնակիչներ ասում են, թե ինչ գործ ունի մեր զինվորը ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՀԻ, թող իրենք էլ իրենց գլխի ճարը տեսնեն: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում: Այսինքն մենք իրարից տարբերակում ենք հայի ու ղարաբաղցու`որպես օտար մարդիկ: Էլ չասեմ, որ ինչ կարծիք կա հենց Արցախի մասին: Ասում են, թե ինչի պետք է այն ժամանակ (խոսքը Արցախյան ազատամարտի մասին է) այսքան մեր Հայաստանի տղերքը գնային, կռվեին Ղարաբաղի համար, արյուն թափեին, որ այդ Ղարաբաղը ազատագրեին: Սա նույնն է, որ ասենք, օրինակ` ինչի երևանցին գնա Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և մնացած մարզերի սահմանը պահի, թող իրենք էլ ոնց ուզում են, այնպես էլ պահեն: Բացեք, թերթեք պատմության էջերը, Խորենացու «Աշխարհացույցը», քարտեզները, տեսեք, որ դեռ հնագույն ժամանակներից` Արշակունիների կառավարման ժամանակներից Արցախը Մեծ Հայքի 15 աշխարհներից մեկն է եղել,մեր երկրի առանցքային շրջաններից մեկը, ազատագրական պայքարի գործուն կենտրոններից մեկը,որը ոչնչով չի տարբերվել մնացած շրջաններից: Պարզապես բախտի բերմամբ, թե պատահմամբ` մեր Լենին պապիկի թեթև ձեռքով Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, ու դրանով Արցախը կտրվեց ու մեկուսացվեց Մայր Հայաստանից, որի անբաժան մասն է եղել միշտ: Ու մեր կամքից անկախ` Արցախը օտարվել է մեզնից, ու այժմ կարծես Արցախը օտար հող է մեզ համար` օտարազգիներով բնակեցված, որը մեր հերոս ազատամարտիկները հետ վերցրին ազերիներից: Պետք է այս կործանարար «մտքի անհաջող աշխատանքի հետևանքի» դեմն առնենք: Այս մտածելակերպի համար առիթ են հանդիսանում որոշակի հանգամանքեր, սակայն անկախ ամեն ինչից մենք` յուրաքանչյուրս, պետք է հասկանանք, որ Արցախ աշխարհը` մեր Արցախը, այնտեղ բնակվող մեր հայը մերն է, մեր անբաժան մասը` անբաժանելի մասնիկը, մեր սեփական հայրենիքի մի թիզ հողը, որը այսօր` մեզ ազատ ավանդելու համար մեր ֆիդայիններն են արյուն թափել: Թեպետ դե-յուրե Լեռնային Ղարաբաղը անկախ ու որոշ չափով ինքնուրույն պետություն է, սակայն դե-ֆակտո այն Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է`ինչպես մեր 10 մարզերը: Լավ ու տեղին ժողովրդական խոսք կա. «Եթե ցեցը ներսից չլինի,գերանը հազար տարի ձայն կտա»: Եթե ուզումենք ուժեղ ազգ ու պետություն ունենալ,ապա պետք է գաղափարապես միասնական լինենք`մեր ազգային-գաղափարախոսական հարցերի շուրջ,և դրա առկայության դեպքում կարելի միայն երկիրը հզորացնելուն միտված մնացած քայլերը ձեռնարկել: Պետք է ներսիս ամուր լինենք` մեկս մյուսի թիկունքին կանգնած,որպեսզի դրսից չկարողանան մեզ կետրել:

Շարունակելի . . .

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել