Panorama.am-ը գրում է.
«Երկար տարիներ երկրում գիտության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը բերել է այնպիսի վիճակի, որ այսօր գիտությանը և մտավոր գործունեությանը հայտարարված է պատերազմ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը` անդրադառնալով գիտաշխատողների աշխատավարձերին:
Նշենք, որ հուլիսի 1-ից սպասվող աշխատավարձերի բարձրացումը չի վերաբերվում ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին ու մանկավարժներին:
Նրա խոսքերով` այս կերպ փորձ է արվում երկրում «ոչնչացնել» առավել մտածող խավին: «Երկու տասնամյակ դրան ականատես ենք լինում, իսկ փաստերը խոսուն են: Եթե 1990-ականներին ունեինք 30 հազար գիտաշխատող, մի քանի տասնյակ ճարտարագետներ ու ինժեներներ, ապա այսօր գիտաշխատողների թիվը հասնում է մոտ 4 հազարի, որոնց միջին տարիքը հատում է 60-ը: Սա նույնպես ցույց է տալիս, որ այդ տեսակի վերացման մասին է խոսքը»,- ասաց Ա.Իշխանյանը:
Ըստ նրա` ժամանակն է, որ գիտական հանրությունը ինքնակազմակերպվի և ինքնապաշտպանվի: Գիտնականը դժվարացավ ասել, թե ինչ ձևով կարող են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, սակայն գտնում է, որ հարցի լուծման համար անհրաժեշտ են խաղաղ ցույցեր, գործադուլներ կազմակերպվեն, քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



