Tert.am-ը գրում է.
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խմբակցություն ներկայացրել է նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները, որը ներկայացնում ենք ստորև:
Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ, և G20-ի ընդհանրական մոտեցումները:
Ըստ այդմ, կենսաթոշակային բարեփոխումներով ձևավորվող համակարգը պետք է ապահովի հետևյալ սկզբունքների անշեղ գործադրումը՝
1.Կենսաթոշակային ապահովությունը անձի իրավունքն է: Այս իրավունքի իրականացման համար սահմանվում են պարտադիր պետական, կամավոր-մասնավոր (անձնավորված) և կամավոր-կորպորատիվ համակարգեր: Պետք է սահմանվի, որ ցանկացած համակարգով անձի անունով կամ հաշվին ձևավորված կենսաթոշակային միջոցները կարող են ամբողջությամբ ժառանգվել, ինչպես նաև ժառանգի ցանկությամբ դրանք միանվագ վճարվել: Վերջին դեպքում կարող է սահմանվել դիսկոնտավորման պայման:
2.Կենսաթոշակային ապահովությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Պետությունը պետք է նախատեսի մարդու կենսաթոշակային ապահովության իրականացման համար լայն մասնակցության հնարավորություն՝ հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ: Սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը պարտադիր է:
3.Հաշվետվողականություն: Կենսաթոշակային ողջ համակարգը պետք է գործի հրապարակայնության, հանրային և մասնավոր մասնակցային վերահսկողության սկզբունքներով: Պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը մշտապես պետք է գտնվի կառավարության և կենտրոնական բանկի հսկողության, ինչպես նաև Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո: ՀՀ կենտրոնական բանկը օրենքով սահմանված հանրային պատասխանատվություն պետք է կրի իր կողմից իրականացվող կարգավորումների շրջանակում:
4.Անհրաժեշտ համարժեքություն: Կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում վճարվող թոշակի մեծության համար թիրախային պետք է հանդիսանա նվազագույն սպառողական զամբյուղի կամ միջին աշխատավարձի մեծությունը (կապը կարող է սահմանվել որոշակի տոկոսային հարաբերակցությամբ): Այն պետք է ապահովի նաև արդար կապ վճարված միջոցների և ստացվող թոշակի մեծության միջև:
5.Կենսաթոշակների ինդեքսավորում: Կենսաթոշակները չպետք է կորցնեն իրենց գնողունակությունը և պարբերաբար պետք է ինդեքսավորվեն: Ինդեքսավորման պահանջը և կանոնը պետք է սահմանվեն օրենքով:
6.Աշխատանքի և ժողովրդագրության խթանում: Համակարգը պետք է խթանի ավելի երկար աշխատանքային գործունեությանը, օրինակ՝ ավելի ուշ թոշակի գնացողի փոխհատուցման գործակիցն ավելի բարձր է կամ սահմանվում է հավելում: Կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումները այն անձանց մասով, ովքեր աշխատաշուկայից ժամանակավորապես դուրս են գալիս երեխա ունենալու կամ զիվորական ծառայության մեկնելու կապակցությամբ, պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



