Ամռան գալուն պես շատերը սկսում են մտածել իրենց հանգիստը կազմակերպելու մասին: Մի մասը նախընտրում է հանգստանալ Հայաստանում և Արցախում՝ վայելելով լեռնային բնությունը, մյուսներն էլ մեկնում են արտերկիր:
Հայաստանից դուրս որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր համաքաղաքացիները և ի՞նչ նախասիրություններ ունեն: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար Life.panorama.am-ը հարցում է անցկացրել մի քանի տուրիստական ընկերությունների շրջանակում:
Ինչպես և սպասվում էր, ամեն տարի Հայաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գնում Վրաստան: Տուրիստական ընկերություններից նշում են, որ և՛ ճանապարհածախսն է մատչելի, և՛ տեղում բնակվելը: Այսինքն՝ միջին չափով աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է իրեն թույլ տալ հանգստանալ Վրաստանում: Ի դեպ, նկատի ունենանք նաև այն, որ մեր համաքաղաքացիներից շատերը Վրաստան են մեկնում առանց տուրիստական ընկերությունների միջնորդությամբ, այլ սեփական նախաձեռնությամբ:
Մեր հարևան երկրից բացի, Հայաստանի քաղաքացիներին ոչ պակաս հետաքրքրում են Թուրքիան և այլ երկրները: Տուրիստական ընկերություններից տեղեկացրեցին, որ պահանջվածների թվում են Անթալիայում և Բուլղարիայում հանգստի կազմակերպման փաթեթները: «Զիոն Տուր» տուրիստական ընկերությունից նշեցին, որ, թեպետ Անթալիայի նկատմամբ նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ պահանջարկի նվազում է նկատվում, միևնույնն է, այն առաջատարներից է: Պատճառն այն է, որ նախ մատչելի է և երկրորդը փաստաթղային բարդ գործընթաց չկա: Հայաստանի քաղաքացիները փնտրում են նաև նոր ուղղություններ, մասնավորապես, նախընտրում են նաև Չեռնոգորիան, Բարսելոնան:
«Այտուր» տուրիստական ընկերության տնօրեն Արտավազդ Ավետիսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ բավական պահանջված են Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Իտալիան, Իսպանիան: Նա նկատեց, որ նախորդ տարիների համեմատ հետաքրքրող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է, մասնավորապես, Բալի կղզի մեկնողների թիվն է ավելանում:
Մեր համաքաղաքացիները եվրոպական երկրներից առավել շատ նախընտրում են նաև Հունաստանն ու Իսպանիան: Այս մասին մեզ տեղեկացրին «Անրիվա Տուր» ընկերությունից: Ըստ ընկերության մեզ տրամադրած տեղեկատվության՝ բանն այն է, որ այդ ուղղություններով չվերթներն են ավելացել, գնային արժեքի որոշակի փոփոխություն է նկատվում, փաթեթները դարձել են փոքր-ինչ մատչելի, բացի այդ իր ազդեցությունն է թողել վիզայի դյուրացման գործընթացը:
Վիզայի դյուրացման գործընթացի հետ այդքան էլ համամիտ չէ «Սլավ թրավլ» ընկերության մենեջեր Արմինե Մարտիրոսյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ վիզայի դյուրացման հարցում չնչին փոփոխություն է նկատվում, ընդհանուր առմամբ նույն փաստաթղային գործընթացն է: Ըստ նրա՝ եվրոպական երկրների նախընտրությունը հիմնականում պայմանավորված է գների որոշակի իջեցման հետ:
Եվրոպական երկրներից բացի Շրի Լանկան է սկսում հետաքրքրություն ցուցաբերել: Ի դեպ ամառվա այս սեզոնին մեր համաքաղաքացիների շրջանում շարունակում է պահանջված մնալ Դուբայը: «Զարմանալի է, բայց շատերն այս սեզոնին նախընտրում են հանգստանալ Դուբայում: Թերևս, դա պայմանավորված է այն հանգմանքով, որ գները մատչելի են»,-հավելեց «Այ տուր» ընկերության տնօրեն Արտավազդ Ավետիսյանը: