Այսօր Բաքվում կայացել է Վասիֆ Սամեդովի և Ռովշան Վելիզադեի «Լեյլա Ալիևա. Արդարությունը Խոջալուի նկատմամբ» գրքի շնորհանդեսը: Լեյլա Ալիևան հանդիսանում է ադրբեջանական GONGO-ների (government-oriented non-governmental organizations-պետական կոմնորոշմամբ ոչ պետական կազմակերպություններ) «կնքամայրը», որոնք Խոջալուի մասին միֆոլոգիական ինֆոլոգեմների տարածման համար ծախսում են հսկայական գումարներ և, պետք է խոստովանել, որ որոշակի հաջողությունների հասել են, թեկուզ, որ ԱՄՆ որոշ նահանգներ այդ օրը նշում են: 1992թ. փետրվարի 26-ին Հայկական զինված ուժերը գրոհով վերցրեցին Խոջալուն՝ թողնելով խաղաղ բնակչության համար նահանջի մարդասիրական միջանցք, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ: Խոջալուն կարևոր ստրատեգիական նշանակություն ուներ, որտեղից ամեն օր ադրբեջանաբնակ թյուրքերը «Գրադ» կայանքներից ռմբակոծում էին ԼՂՀ բնակավայրերը: Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում հենց ադրբեջանցիների աչքերով: Այսպես, այն ժամանակվա Ադրբեջան տարածքի նախագահ Մութալիբովը, հարցազրույց տալով չեխ լրագրողուհի Դանա Մազալովային, նշել էր, որ հայերը թողել էին մարդասիրական միջանցք, սակայն ինչ-ինչ ուժեր այդ ամենը սարքեցին՝ որոշակի քաղաքական նպատակների համար (Независимая газета, 2.04.1992): Այն, որ միջանց եղել է, հաստատվում է Մութալիբովի հետևյալ խոսքով. «Հնարավոր չէր, որ առանց միջանցքի առկայության մարդիկ կարողանային դուրս պրծնել այդ տեղանքում իրականացված շրջափակումից» (Эйнулла Фатуллаев. Карабахский дневник. Путешествие из Еревана в Карабах): Նմանատիպ համոզմունք է արտահայտել նաև ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը, ով համոզված հայտարարել էր, որ առանց միջանցքի ադրբեջանցիները չէին կարող դուրս գալ շրջափակումից: Իհարկե, հետո նա հերքել է, որ ինքն ասել է, թե Խոջալուն կազմակերպել էին ադրբեջանական ինչ-որ ուժեր, որովհետև նրա նկատմամբ սկսվել է հետապնդում, ինչպես և այլոց, ովքեր բացահայտում էին ճշմարտությունը: Հայկական կողմից հարձակումը նույնիսկ հանկարծակի էլ չի եղել, այդ մասին ադրբեջանցիներն իմացել են, ինչի մասին նշում է նաև «Օգոնյոկ» պարբերականն իր՝ N14-15, 1992թ. համարում: «Քաղաքն ու նրա բնակիչները գիտակցաբար զոհեցին ինչ-որ քաղաքական նպատակների համար»,- գրում է ադրբեջանցի մեկ այլ լրագրող Արիֆ Յունուսովը՝ ադրբեջանական Զերկալո թերթում՝ 1992թ. հուլիսին: Մութալիբովը նույնիսկ անկեղծացել է, որ մեկ շաբաթ առաջ, իմանալով այդ մասին, փորձել է կազմակերպել պաշտպանությունը՝ ինքնաթիռներ ուղարկելով, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է, որ ինքնաթիռներն այնտեղ չեն կարող հասնել ինչ-ինչ պատճառներով («Նեզավիսիմայա գազետա» 2.04.92): Թամերլան Կարաևը, ով այդ ժամանակ եղել է Ադրբեջանի ԳԽ նախագահը, իսկ այժմ Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է Ինդոնեզիայում, 1992թ. ապրիլի 28-ին Ադրբեջանական «Մուխալիֆատ» թերթում հաստատել է, որ ողբերգությունը կազմակերպել էին ադրբեջանցի բարձրաստիճան անձինք: Պետք է նշել նաև, որ մինչ Խոջալուն վերցնելը, այնտեղ պահվում էր 43 հայ գերի, որոնցից 34-ի ճակատագիրը մինչ օրս էլ հայտնի չէ, համենայնդեպս, նահանջող ադրբեջանցիները նրանց տարել են, բայց Աղդամ նրանք չեն հասել: Դրա մասին ադրբեջանցիները լավ լռում են: Բրիտանացի լրագրող, կովկասագետ Թովմաս դե Վաալը գրի է առել, Խոջալուի դեպքերին ականատես Սալման Աբասովի խոսքերը, ով նշել է, որ «մի քանի օր շարունակ հայերը տեղեկացնում էին ռադիոյով, որ հարձակում են նախապատրաստում, իսկ թե ինչու ոչ ոք չի արձագանքել, ինձ համար մնացել է գաղտնիք, իսկ միջանցք եղել է, իսկ երբ հնարավորություն է եղել դուրս բերել կանանց ու երեխաներին, հորդորել են չանել դա»: «Իսկ թե ինչու չեն արձագանքել», «պատասխանում է» ադրբեջանական դեգերող արձանի կարգավիճակում հայտնված ու ստալինյան պաշտամունքի արժանացած Հեյդար Ալիևը. «Արնահեղությունը կլինի մեր օգտին, մենք չպետք է խառնվենք իրադարձություններին» (Բիլիկ-Դունյասի լրատվական գործակալություն 1992թ. ապրիլ): Հեյդար Ալիևն այս հանգամանքն օգտագործելով եկավ իշխանության, այդ իսկ պատճառով նրան արնահեղությունը ձեռնտու էր, որպեսզի ցույց տար, որ գործող իշխանությունն անընդունակ է ինչ-որ բան անելու: Ադրբեջանցի ազգային հերոսների մոտ՝ ալիևներից մինչև ռամիլսաֆարովներ, ինչպես երևում է, մարդու արժեքայնությունն առաջնային չէ, նույնիսկ սեփական ժողովուրդը: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ Ալիևը քրդական ծագում ունի, կամ հնարավոր է, որ չկա ադրբեջանական էթնոիդենտիֆիկացիա, հետևաբար, Ադրբեջանը դիտարկվում է իբրև քաղաքական-իշխանական-բիզնես տարածք, բայց ոչ՝ ազգ-պետություն: Գուցե Խոջալուի բնակիչները չունեին թյուրքական ծագում, դրա համար դա սարքվեց նրանց գլխին, ինչպես որ հիմա, էթնիկական այլ ներկայացուցիչներին ուղարկում են սահմանամերձ գոտիներ ծառայության և հրահրում սահմանային միջադեպեր, որովհետև եթե սպանում են հայերին, սպանում են թշնամիների, իսկ եթե զոհվում են, ապա զոհվում են «ներքին թշնամիներ»: Ադրբեջանցիները փորձեցին ոչ միայն տեղի ունեցածը կեղծել, այլև սկսեցին ցուցադրել Կոսովոյից և այլ վայրերից վերցրած կադրեր, պղծել դիակները և դրանք նկարել, ինչի մասին վկայում է հենց Մազալովան՝ նշելով, որ ինքն անձամբ տեսել է ադրբեջանցի ֆոտոլրագրող Մուստաֆաևի նկարները, որտեղ չի եղել պղծված դիակների նկար: Այդ կերպ նրանք միջազգային հանրությանը մատուցում են կեղծ տեղեկատվություն՝ փորձելով առաջացնել ապրումակցման հուզական էֆեկտ, որը քարոզչական և դիրքավորման լրացուցիչ դաշտ կբացի: Սակայն Խոջալուն քարոզչական այն հարթակն է նաև, որի մերկացումը ոչ միայն ադրբեջանական քարոզչության նկատմամբ կասկածներ կհարուցի, այլև այդպիսի քաղաքականության դեպքում վերջինիս նկատմամբ կառաջանա հեղինակության և վստահության լրջագույն դեֆիցիտ, իր իսկ բացած դաշտը կդառնա սեփական հեղինակության նվաստացման տիրույթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/720072858031212?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել