Որքան էլ կարդանք, որքան էլ լսենք, որքան էլ տեսել ենք Վահրամ Փափազյանի հրաշքը, միևնույնն է, սովորական բառերով չենք կարող արտահայտել այն, ինչ ապրել ենք այդ արտիստին բեմին տեսնելով: Վահրամ Փափազյանը մի հսկա ժայռ էր, որ ապրեց, ստեղծագործեց և իր հետևից այնպիսի հետագիծ թողեց, որ ինքան էլ ցանկանանք հասնել գագաթին, չենք կարող: Թե՛ նրա գրքերը՝ «Իմ Լիրը», «Իմ Օթելլոն», «Իմ Համլետը», «Հետադարձ հայացք», թե՛ խորացումները նրա արվեստի մասին շատ մեծ դպրոց են: Տեսնելով նրան բեմում՝ միշտ մտածել եմ, թե արդյոք կարող ենք գտնել մի դերասանի, որը համեմատելի լինի նրա հետ, ինչպե՞ս իմանանք, թե որտեղի՞ց է սնվում Փափազյանի արվեստը, իրո՞ք ինքնատիպ է նա անկրկնելի լինելու չափ: Անշուշտ, երիտասարդները փորձում էին կրկնել նրան, բայց դրանք սոսկ տեխնիկական կրկնություններ էին՝ ձայնի, քայլվածքի նմանակում, բայց այն, ինչ անում էր Փափազյանը, նմանակել հնարավոր չէր: Եվ բոլորը միաբերան կանչում էին՝ ցուցադրական արվեստի դերասանը: Բայց մի՞թե այդպիսի ցուցադրում՝ այդքա՞ն խորը և այդքա՞ն հոգեհարազատ, այդքա՞ն բնական, որ հանդիսատեսը չզգա, թե դերասանը խաղում է տեխնիկայով...
Առիթ ունեցա լսելու Լուիզա Սամվելյանի ելույթը, որի ընթացքում ասաց. «Որպեսզի հասկանաք Վահրամ Փափազյանի ցուցադրական արվեստը, պետք է նայեք Լոուրենս Օլիվիեի խաղը»: Լոուրենս Օլիվիեն Անգլիայում, մենք՝ Երևանում. ինչպե՞ս պիտի կարողանայինք տեսնել...
Մեր բախտը բերեց: 1971 թե 72 թվականին Լոուրենս Օլիվիեն իր Օթելլոյով եկավ Մոսկվա: Համակուրսեցիներով շտապ մեկնեցինք Մոսկվա՝ դիտելու Օլիվիեի Օթելլոն:
Զարմա՜նք... հրա՜շք... Մի՞թե նույն Օթելլոն է, նույն Շեքսպիրն է գրել: Նայում ես, մտովի համեմատում Փափազյանի Օթելլոյի հետ, բայց տեսնում ես՝ սա ուրիշ է, այստեղ ուրիշ է. ու ծայրը չէինք բռնում՝ ի՞նչը, ինչու՞... Հասկացանք, ի վերջո, որ Օլիվիեն տանում է դեպի վերամարմավորում, և զգացինք տարբերությունը Փափազյանի ցուցադրական արվեստի: Բայց միևնույն ժամանակ նրանք չէին տարբերվում միմյանցից. երկուսն էլ՝ բարձր, երկուսն էլ՝ հուզական և երկուսն էլ հանդիսատեսին տանում էին իրենց ետևից, բայց դեպի տարբեր դպրոցներ:
Աչքիս առաջ է գալիս Փափազյանի խաղացած թաշկինակի հատվածը. նայում ես Օլիվիեին, չես կարողանում կենտրոնանալ. Օլիվիեն նույն հատվածը խաղում է մի չտեսնված բարձր մակարդակով: Փափազյանի ձեռքն աշխատում է աճպարարի ձեռքի ճկունությամբ, Օլիվիեի խաղի ժամանակ զգում ես թաշկինակի գոյությունը, թաշկինակի մեջ՝ նրա վիրավոր, խանդոտ սիրտը, որ գրգռվում է, փշրվում, պատռվում ու դառնում թաշկինակ: Փափազյանն այդ հատվածը տանում է ինչպես մի աճպարար ու թաշկինակը դարձնում կերպար. տեսնում էիր այդ թաշկինակը, երբ նրա խոցված սրտից դուրս էր գալիս՝ «Իսկ ու՜ր է, ու՜ր է իմ թաշկինակը, այն թաշկինակը, որ նվիրել էր մայրս»...
Արվեստի երկու բարձրակետեր, երկու դպրոցներ՝ վերապրման ու ցուցադրման:
Մի առիթով Հրաչյա Ներսիսյանն ասել է. «Ես սիրով վերամարմնավորման դերասան եմ և սիրով գնում եմ խաղալու իմ ուզած դերը: Բայց այդ դերը մեկ անգամ կարող եմ այդպես խաղալ. հո չե՞ք ուզում, որ մեռնեմ: Ես ամեն անգամ վերամարմնավորման գնալիս կորցնում եմ իմ կյանքի կեսից ավելին»: Եվ մենք հասկացանք, թե ինչպես էր տանջվում Լոուրենս Օլիվիեն, և ինչպիսի հպարտ կեցվածքով էր դուրս գալիս Վահրամ Փափազյանը՝ ցուցադրելու իր գեղեցիկ արվեստը: Բայց մինչ նա վերամարմնավորում չապրեր, չէր կարող ցուցադրել իր արվեստը. դա գալիս էր ներքին աշխարհից: Երբ ընթերցում ենք նրա գրքերը, տեսնում ենք, որ խոսում է վերամարմնավորման մասին: Բայց ինչպիսի՜ տեխնիկայով էր ներկայացնում այդ ամենը. անքննելի էր...
Սա հրաշք էր, որը մարմնավորեցին երկու վիթխարի դերասաններ՝ Լոուրենս Օլիվիեն և Վահրամ Փափազյանը, որոնք կմնան պատմության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել