Panorama.am-ը գրում է.
Հայաստանի պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը վարձակալության տվող Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում խրատվել են և որոշել են փոփոխություն կատարել վարձակալության համար անհրաժեշտ պայմանագրերում:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ շուտով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կներկայացնի ծրագիր` առաջարկելով վարձակալության պայմանագրի կետերի թվից հանել խնջույքների, կերուխումի անցկացումը:
«Ես արդեն նախարարին առաջարկով գրություն եմ պատրաստել, որ մենք նման կորպորատիվ միջոցառումներ, որ վերջում գեղարվեստական մաս էլ է լինում, բացառենք: Միջոցառում ինքնին կլինի, բայց ուղղակի չի լինի հացկերույթ ասեմ, ճաշկերույթ ասեմ: Խնջույքը բացառենք, բայց թող գան միջոցառում անեն», -մեզ հետ զրույցում հայտարարեց Վլադիմիր Պողոսյանը:
Պաշտոնյան ինքն էլ հասկացել է, որ խնջույքներն ու կերուխումը պատմամշակութային հուշարձանի ֆոնին «լավ չի դիտվում, տգեղ է», բայց ոչինչ անել չի կարող` «Օրենքն է այդպես թելադրում»: Սակայն օրենքը չի խանգարի, որ վարձակալության պայմանագրերում փոփոխությունների առաջարկ կներկայացնի նախարարին: Իսկ այդ առաջարկի վերաբերյալ մշակույթի նախարարի տրամադրության մասին ասաց, որ ոչինչ չի կարող ասել:
«Դեռ նոր պետք է ներկայացնեմ, կարծում եմ կքննարկվի ու կհամաձայնի», -հավելեց պաշտոնյան:
Բացի այդ, հասկացել են նաև, որ կատարվածը կարող է գցել հուշարձանների հեղինակությունը միջազգային ասպարեզում: Մեր դիտարկմանն ի պատասխան, պարոն Պողոսյանն այսպես արձագանքեց. «Բա ես ձեզ որ ասում եմ, թե նախարարին նման առաջարկ եմ ներկայացրել, ուրեմն դա նշանակում է, որ եթե պայմանագիր կնքողը ես եմ, ապա այսուհետ նման ձևի պայմանագիր չեմ կնքի: Մենք տեսնում ենք, որ դա իսկապես վատ է անդրադառնում և ընդունում ենք դա»:
Այսինքն` կատարվածից դասեր քաղել եք հարցին, Պողոսյանը դրական պատասխան տվեց:
Պետական բյուջեից պատմամշակութային հուշարձանների պահպանության նպատակով Պողոսյանի ղեկավարած ծառայությունը գումարներ գրեթե չի ստանում:
«Վերականգնման համար գումար տրամադրում է պետությունը, բայց դրանք այնքան փոքր գումարներ են, որ չի բավականացնում», -փոխանցեց Վլադիմիր Հակոբյանը:
Հետևաբար, հուշարձանների պահպանության համար գումարները ծառայությունը «վաստակում է»` դրանք միջոցառումներ կամ գիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձակալության տալու դեպքում:
Ընդհանուր առմամբ, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության իրավասությամբ կա շուրջ 17 պատմամշակութային հուշարձան` Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը, Գլաձորի համալսարանը, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը, Զորաց քարեր բնակատեղին, Լոռի բերդ արգելոցը և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



