Հայաստանից արտագաղթողներին կարելի է նույնիսկ փախստականի ստատուս տալ:
Երեկ օդանավակայանում ճանապարհ էի դնում ընկերոջս և, բնական է, ռեգիստրացիայի ամբողջ ընկած ժամանակահատվածում օդանավակայանի սրահի պանորաման աչքիս առաջ էր: Եվ ահա` ինչ նկատեցի… Նկատեցի, որ մի ընտանիք արտագաղթում էր Հայաստանից: Հիմա ոմանց մոտ հարց կառաջանա, թե ինչպես կռահեցի, որ նրանք արտագաղթում են: Պատասխանում եմ նախապես՝ նախ ճամպրուկների թիվն էր շատ, երկրորդը` արտագաղթողներին չի կարելի չտարբերել այլ քաղաքացիներից, քանզի նրանց էմոցիոնալ վիճակը յուրահատուկ է: Անկեղծ ասած՝ չդիմացա և մոտեցա նրանց և հարցրեցի` ինչպես հասկացա, երկրից հեռանում եք, հա՞: Այն պատասխանը, որ ես ստացա, մինչև այսօր ինձ շոկի մեջ է պահում. «Մենք չենք արտագաղթում, մենք փախչում ենք այս երկրից, փախչում ենք, որպեսզի չտեսնենք, թե ինչպես են մի քանի սրիկա հարստանում մի ամբողջ ազգի հաշվին, փախչում ենք, որպեսզի փրկվենք Հայաստանում առկա անպատժելիության մթնոլորտից, փախչում ենք, քանզի օրը 14 ժամ աշխատելով, չենք կարողանում ընտանիք պահել, փախչում ենք, քանզի սովորական քաղաքացին այս երկրում մի քանի պետական հովանավորչությամբ հարստացած պաշտոնյաների և նրանց շրջապատի կողմից աստիճանաբար վերածվում է մարգինալների կամ խամաճիկների, փախչում ենք, քանզի այս երկրում, կարելի է ասել, որ դատաիրավական համակարգը ծառայում է միայն հարուստների շահերին, փախչում ենք, քանզի կոռուպցիան այս երկրում փոխանակ վերանա, օր-օրի աճում է, մի խոսքով, փախչում ենք…»: 

Հ.Գ. Իսկապես, միգուցե մեր երկիրը լքողները ոչ թե արտագաղթում են, այլ՝ փախչում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել