
Ամեն հայտնի դերասան իր կյանքում ունեցել է այն մի, այն ամենակարևոր, այն ամենանշանակալի, հենց այն աստղային դերը: Հենց այդ դերն է նրան բարձրացրել Հոլիվուդի օլիմպոս ու նրան դարձրել է այն, ինչ կա:
Դերի ընտրության ժամանակ Հոլիվուդի դերասանների հետ մի ամբողջ խումբ է աշխատում: Նրանք կատարում են ռիսկերի գնահատում ու որոշում՝ արժե խաղալ այս ֆիլմում, թե ոչ: Երբեմն փորձառու գործակալները սխալվում են, երբեմն էլ հենց դերասանները չեն վստահում ինտուիցիային ու մերժում են ռեժիսորների՝ ապագա մեծ ֆիլմերում խաղալու հրավերները: Դերասաններից ոմանք հետո կարողանում են «վերականգնվել», իսկ ոմանք էլ բաց են թողնում շանսը ու հայտնվում են կոտրած տաշտակի առաջ:
Համակարգչային աշխարհը կարող էր փրկել սևամորթը
Վաչովսկի` այն ժամանակ դեռ եղբայրների (Wachowski brothers) համակարգչային իրականության մասին պատմող ֆիլմը դարձավ բլոքբաստեր, իսկ Քիանու Ռիվզը (Keanu Reeves) գերաստղ: «Մատրիքս» (The Matrix) ֆիլմում Նեոյին այլ կերպ, քան նեղաչյա, սևահեր ու աննկարագրելի գեղեցիկ ժպիտով պատկերացնել հնարավոր չէ: Սակայն ի սկզբանե Նեոն այլ կերպ էր «գծագրված»: Նա պետք է լիներ սևամորթ, իսկ ավելի կոնկրետ նա պետք է լիներ Ուիլ Սմիթը (Will Smith) : Ֆիլմի նկարահանումներից առաջ ռեժիսորները հենց Սմիթին են դիմել Նեոյի կերպարը մարմնավորելու համար: Սցենարը կարդալուց հետո դերասանը մի քիչ մտածելով՝ հրաժարվել է: «Մատրիքսի» ստեղծողներին մերժել է ու նկարահանվել Բարի Զոնենֆելդի (Barry Sonnenfeld) «Վայրի-վայրի Արևմուտք» (Wild-Wild West) ֆիլմում, որը կարելի է ասել՝ տապալվեց: Հետո իր հարցազրույցներից մեկում Սմիթը ասել է, որ հնարավոր է՝ ափսոսում է Վաչովսկի եղբայրներին մերժելու համար, սակայն արդարացել է՝ ասելով, թե իսկապես չէր կարող խաղալ մի ֆիլմում, որի սցենարից հազիվ էր գլուխ հանում:
Պանդորայի ճակատագիրը կարող էր լինել Մեթ Դեյմոնի ձեռքերում
Նա Բորն է ու Օուշենի ընկերը: Մեթ Դեյմոնը (Matt Damon) Հոլիվուդում առաջին իսկ քայլերից աչքի է ընկել ու բավական երիտասարդ հասակում ստացել Օսկարի արձանիկ` «Խելացի Ուիլ Հանթինքը» (Good Will Hunting) ֆիլում համահեղինակության համար: Թվում է, թե Դեյմոնը իդեալական գիտի, թե որ ֆիլմերում է պետք խաղալ, որոնք են լինելու հաջողված, իսկ որոնք տապալվելու են: Թվում է, նա երբեք չի մերժի խոստումնալից ֆիլմում խաղալու հրավերը: Բայց իրականում ամենը այդպես չէ: Մեթ Դեյմոնը կարող էր խաղալ Հոլիվուդի 2 գերհաջոցված ֆիլմերում: Նա կարող էր լինել Ջեյք Սալին «Ավատարը» (Avatar) ֆիլմում և Հարվի Դենթը «Մռայլ ասպետը» (Black Knight) ֆիլմում: Սակայն այս երկու դերերն էլ Դեյմոնը մերժել է ու դրանք բաժին են հասել այլ հաջողակների:
Նիքոլսոնին արեցին առաջարկ, որից նա կարողացավ հրաժարվել
Նա անում է առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել՝ քչերը միանգամից գլխի չեն ընկնի, որ խոսքը Կնքահոր մասին է: Սակայն Ջեք Նիքոլսոնը (Jack Nicholson) ինքը հրաժարվել է այդպիսի առաջարկից՝ նման առաջարկներ անողի դերը մերժելով: Խոսքը «Կնքահայրը» (The Godfather) ֆիլմում Մայքլ Քորլեոնեի դերի մասին է, որն Ալ Պաչինոյին (Al Pacino) մեծ հաջողություն բերեց: Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան մաֆիայի պարագլխի դերում տեսնում էր հենց Ջեք Նիքոլսոնին, սակայն ֆիլմում Քորլեոնեի դերը մարմնավորելու համար մերժում է ստացել: Ավելի ուշ իր հարցազրույցներից մեկում Նիքոլսոնը ասել է, որ նա հավատացած է, որ ամեն մարդ պետք է խաղա իր դերը. հնդիկը պետք է հնդիկի մարմնավորի, իսկ իտալացու դեր խաղա իտալացին: Դերի այս բացթողումը Նիքոլսոնի համար ճակատագրական չեղավ: Ըստ էության նրա փառքը ընդհամենը 3 տարի ուշացավ: Կնքահայրը Ալ Պաչինոյի դերակատարությամբ էկրաններ բարձրացավ 1972-ին, իսկ 1975-ին Նիքոլսոնը կատարեց իր լեգենդար թռիչքը կկվի բնի վրայով՝ օդում որսալով Օսկարի արձանիկը:
Սիրունիկը կարող էր չունենալ աշխարհում ամենագեղեցիկ ժպիտը, իսկ Պատրիք Սուեյզիի հետ կավագործությամբ կարող էր զբաղվել ուրիշը
90-ականների Հոլիվուդի ամենասեքսուալ, ամենացանկալի ու ամենագեղեցիկ կանանցից մեկը Ջուլիա Ռոբերթսն (Julia Roberts) էր: Նրա ժպիտով հիանում էին, իսկ անառակ կնոջ սիրո մասին պատմող ֆիլմը պտտում բոլոր հնարավոր էկրաններով: Հետո Ռոբերթսը «Սիրունիկը» (Pretty Woman) ֆիլմի համար նոմինացվեց Օսկարի, ու այն դարձավ ժամանակի ամենահաջողված մելոդրամներից մեկը: «Սիրունի՞կը» Ռոբերթսին դարձրեց աստղ, թե՞ Ռոբերթսը ֆիլմին հաջողություն բերեց, դժվար է ասել: Այդ հարցը պատասխան կստանար, եթե Վիվիենին մարմնավորեր մեկ ուրիշը, ասենք՝ Մոլի Ռինգուոլդը (Molly Ringwald): Հենց նա պետք է խաղար այդ ֆիլմում, սակայն դերի հրավերը Ռինգուոլդը մերժել է: Դերասանուհին ևս մի խոշոր բացթողում է ունեցել: Մերժել է խաղալ գլխավոր դերը Ջերի Ցուկերի «Ուրվական» (Ghost) ֆիլմում՝ աստեղային ժամ պարգևելով Դեմի Մուրին (Demi Moore): 90-ականների գերհաջողված մելոդրամը փառք բերեց երիտասարդ դերասանուհուն, իսկ Մոլի Ռինգուոլդը մնաց ստվերում:
Քևին Քոստները կարող էր փախչել Շոուշենկից
Միայն մեկ փոքրիկ մուրճիկով այս հերոսը երկար տարիներ թունել էր փորում, փակում դրանք հայտնի կանանց նկարներով: «Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption) ֆիլմը դարձավ պաշտամունքային, իսկ Թիմ Ռոբինսը (Tim Robbins)` մեգաաստղ: Սակայն նրա փոխարեն Դյուֆրեյնին կարող էր մարմնավորել Քևին Քոստները (Kevin Costner): Նա մերժել էր Ֆրենկ Դարաբոնտին՝ նախընտրելով խաղալ «Ջրային աշխարհ» ֆիլմում, որում նա համառեժիսոր էր: Այս ֆիլմը էկրաններ բարձրանալուց հետո սուզվեց ու ջրի հատակը քաշեց ստեղծագործական խմբին: Իսկ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը դարձավ դասական ու արդեն երկար տարիներ գլխավորում է լավագույն ֆիլմերի ցանկը ամենատարբեր չարտերում:
Էմիլի Բլանթը կարող էր համալրել Վրիժառուների համաստեղությունը
«Երկաթե մարդը» (Ironman) ֆիլմը դարձավ մեգահաջողված ֆրենչայզ: Ընդհանրապես Մարվելի կոմիքսների էկրանավորումներն արդեն երաշխավորված հաջողությամբ նախագծեր են համարվում: Այդ պատճառով մերժել դրանցում դեր մարմնովորելը մի քիչ անհասկանալի է: Այդ սխալը գործել է Էմիլի Բլանթը (Emily Blunt): «Երկաթե մարդը» ֆիլմում հենց նա պետք է մարմնավորեր Սև այրուն, սակայն դերասանուհին այդ դերն ուշադրության արժանի չի համարել: Փոխարենը նախընտրել է խաղալ «Գուլիվերի ճանապարհորդությունը» (Gulliver’s Travels) ֆիլմում, որը չարդարացրեց ներդրված գումարները: Իսկ Մարվելի արտադրանքը ստեղծողներին վերադարձրեց ավելի քան 600 միլիոն դոլլար, սակայն Բլանթը արդեն ֆիլմում ընդգրկված չէր, Սև այրու դերը շիկահեր Սքարլետ Յոհանսոնինն (Scarlett Johansson) էր, ով պարզապես հիասքանչ էր սև ու ընդգծող զգեստով:
Շոն Քոներին կարող էր օգնել հոբիթներին Միջերկիրը փրկելու հարցում
Շոն Քոներին (Sean Connery) ունի բազում հաջողված դերեր, սակայն դրանց մեծ մասը մնաց 90-ականներում: Հետո Քոներիին կուլտային ֆիլմերում հանդիպելը դժվար էր: Պարզվում է՝ խնդիրն այն չէ, որ Քոներին արժանի հրավերներ չի ստացել, պարզապես նա ճիշտ ժամանակին չի կողմնորոշվել և երկու գերշահավետ առաջարկներ մերժել է: Պատկերացրեք, որ հենց նա պետք է մարմնավորեր Մորֆիուսին «Մատրիքս» (The Matrix) ֆիլմում: Դերը նա ուշադրության արժանի չի համարել, սակայն հետո իր հարցազրույցներից մեկում Քոներին ասել է, որ զղջում է դրա համար: Վաչովսկի եղբայրների հրավերը մերժելուց հետո, թվում է, նա այլևս չպետք է սխալվեր, սակայն երկրորդ սխալը ավելի մեծ է եղել: Քոներին մերժել է Փիթեր Ջեքսոնին (Peter Jackson): Ռեժիսորը հենց Շոն Քոներիին էր տեսնում Գենդալֆի դերում: Թոլքինի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված եռագրության և դերասանական կազմի հաջողությունը դժվար է գերագնահատել: Հիմա արդեն անհնար է պատկերացնել մոխրագույն, հետո էլ սպիտակ կախարդին այլ արտաքինով, բացի Իեն ՄքՔելենից:
Ինդիանա Ջոնսի գլխարկը կարող էր հագնել դետեկտիվ Մագնումը
Նրա արտաքինը գուցե մի փոքր նման է իտալացու: Սակայն դա չէր կարող խանգարել նրան մարմնավորել փորձություններ հաղթահարող ամենահայտնի կերպարին: Սթիվեն Սփիլբերգը (Steven Spielberg) իր Ինդիանա Ջոնսի դերում տեսնում էր Թոմ Սելեկին (Tom Seleck): Սելեկն այդ ժամանակաշրջանում բավական հայտնի էր «Մասնավոր դետեկտիվ Մագնում» սերիալով, ու Սփիրբերգը միայն ու միայն նրան էր ցանկանում նկարահանել իր մարտաֆիլմում: Սելեկը հրավերը մերժել էր: Ժամանակի հետ նրա փառքը մարեց, իսկ Ինդիանա Ջոնսը դարձավ գերհաջողված նախագիծ: Հայտնի լայնեզր գլխարկը հագավ Հարիսոն Ֆորդն ու դարձավ ժամանակի ամենահայտնի ու հաջողված դերասաններից մեկը:
Դոուգրի Սքոթը կարող էր դառնալ ամենաանխոցելու X-մարդը
Նորից Մարվել, նորից գերհաջողված նախագիծ: Գուցե հենց այս ֆրենչայզի շնորհիվ Հյու Ջեքմենը (Hugh Jackman) դարձավ միլիոնավոր կանանց երազանքի ասպետը: Նրա ձեռքերից դաշույններ են աճում, բայց դա այնքան սարսափելի չէ, որքան սեքսուալ: Մարվելի հայտնի «X մարդիկ» (X-man) ֆրենչայզում ամենատպավորիչ ու կենտրոնական դերերից մեկը պետք է բաժին հասներ այլ դերասանի: Լոգանի դերում պետք է լիներ շոտլանդացի դերասան Դաուգրի Սքոթը (Dougray Scott): Ֆիլմի հրավերը նա մերժել է, որպեսզի խաղա «Առաքելությունն անիրագործելի է» (Mission: Impossible) ֆիլմում: Հետո այդտեղից է մերժում ստացել ու մնացել կոտրած տաշտակի առաջ:
Վազիր, Տրավոլտա, վազիր
Կյանքը նման է շոկոլադների տուփի: Երբեք չգիտես, թե ինչ միջուկով շոկոլադ է կարող քեզ բաժին հասնել: Թոմ Հենքսի (Tom Hanks) համար շոկոլադը քաղցր էր ու անուշահամ, իսկ Ջոն Տրավոլտայի (John Travolta) համար` դառը: Հենց Տրավոլտան պետք է մարմնավորեր Ֆորեսթ Գամփին (Forest Gump) համանուն ֆիլմում, սակայն հրավերը մերժել է: Ֆորեստ Գամփը դարձել է Թոմ Հենքսն ու արժանացել Օսկարի արձանիկի: Հետո իր հարցազրույցներից մեկում Տրավոլտան ասել է, որ Ռոբերտ Զեմեկիսին մերժելը նրա ամենամեծ սխալներից էր:
Նիքոլաս Քեյջը կարող էր դառնալ ռեսթլինգի աստղ
«9 ու կես շաբաթ» (Nine 1/2 Weeks) ֆիլմում նա գեղեցիկ է, սեքսուալ է ու գերող: Նրա դիմագծերը նուրբ են ու իդեալական: Ֆիլմը նկարահանվել էր 1986 թվականին, այդ ժամանակ հենց Միկի Ռուրկն (Miky Rorke) էր ժամանակի սեքս սիմվոլը: Այդ ֆիլմից հետո անցավ 22 տարի ու Դարեն Արոնոֆսկու (Darren Aronofsky) ֆիլմում Ռուրկն արդեն այն գեղեցիկ տղան չէր: Նա կոպիտ էր ու բրուտալ, սակայն դա չխանգարեց ոչ Ռուրկին, ոչ էլ Արոնոֆկսուն հաջողել «Ռեսթլերը» (The wrestler): Ի սկզբանե, սակայն, Արոնոֆսկին այլ պլաններ ուներ: Երկարամազ ու ծեր ռեսթլերին պետք է մարմնավորեր թախծոտ աչքերով Նիքոլաս Քեյջը (Nicolas Cage): Քեյջը Արոնոֆսկուն մերժել է` համարելով, որ ֆիլմը հաջողություն չի ունենա: Սխալվել է:
Մել Գիբսոնը կարող էր կռվել դուդուկի հնչյունների տակ
Հենց այս ֆիլմն այդքան հանրաճանաչ դարձրեց դուդուկը, ու գուցե նաև հենց դրա համար ենք հայերս այդ ֆիլմն այդքան սիրում: Ռիդլի Սքոթի (Ridley Scott) ֆիլմը վերցրեց Օսկարի արձանիկն ու դարձավ դասական: Խոսքն իհարկե «Գլադիատոր» (The Gladiator) ֆիլմի մասին է: Այն Օսկար բերեց նաև գլխավոր դերակատար Ռասել Քրոուին (Russell Crowe): Բայց դերն ի սկզբանե նրա համար չէր նախատեսված: Ռիդլի Սքոտը Մաքսիմուսի դերում տեսնում էր Մել Գիբսոսին (Mel Gibson): Գիբսոնը Սքոտին մերժել է ու մնացել առանց աստղային դերի, ու ինչ գիտես, գուցե և հենց այդ դերն էր նրան բերելու Օսկարի երրորդ արձանիկ: Լավագույն ֆիլմի ու լավագույն ռեժիսորի արձանիկներ նա ունի, իսկ այ լավագույն դերասանի՝ դեռևս ոչ:
Միշել Փֆայֆերը կարող էր ականջ դնել գառների լռությանը
Նրան վստահեց ու հավանեց սերիական մարդասպանը: Հանիբալ Լեկտորը հետաքրքրություն զգաց այդ կնոջ հանդեպ ու նրա առջև բացեց իր խեղված ու ներաշխարհի դռները: Կլարիսը անկեղծ էր, նուրբ ու զգայուն: Տեսնես կկարողանա՞ր նույն տպավորությունը թողնել նաև Միշել Փֆայֆերը (Michelle Pfeiffer), եթե համաձայներ մարմնավորել Կլարիս Սթարլինգի դերը «Գառների լռությունը» (The Silence of the Lambs) ֆիլմում: Ֆայֆերը դերից հրաժարվել է ու ոչ միայն բաց թողել հնարավորությունը ամենախարիզմատիկ ու տաղանդավոր դերասաններից մեկի խաղընկերը, այլ նաև մարմնավորելու ոչ պակաս դասական դերերից մեկը:
Ֆրեդի Փրինս Ջունիորը կարող էր սարդոստայններ հյուսել
Դե ասացինք՝ չի կարելի ու չի կարելի մերժել Մարվելի կոմիքսների էկրանավորումներում խաղալու հրավերները: «Սարդ-մարդու» (Spiderman) դերը ի սկզբանե Թոբի ՄքԳուաերինը (Tobey Maguire) չէր, Մարվելի ամենահայտնի սուպերհերոսին պետք է մարմնավորեր «Ես գիտեմ, թե դուք ինչ եք արել անցած ամռանը» (I know what you did last summer) ֆիլմի աստղ Ֆրեդդի Փրինս Ջունիորը (Freddie Prinze Jr): Նա դերը չի հավանել, ու այն բաժին է հասել ՄքԳուաերին, իսկ Փրինսը հայտնվել է լուսանցքից դուրս:
Էմիլի Բրոունինգը կարող էր լինել Ռոբերթ Փաթինսոնի թմրադեղի անձնական չափաբաժինը
Նա Էդվարդի թմրադեղի անձնական չափաբաժինն է: Հենց այս դերը փոքրամարմին ու աննկատ Քրիսթեն Սթյուարտին (Kristen Stewart) դարձրեց մեգաաստղ: Քեթրին Հարդվիքը (Catherine Hardwicke) Բելլա Սուոնի դերում այլ դերասանուհու էր տեսնում: Ռոբերտ Փաթինսոնի (Robert Pattinson) ընկերուհու դերում պետք է լիներ Էմիլի Բրոունինգը (Emily Browning): Վամպիրի ու մարդու սիրո մասին պատմող ֆիլմը դերասանուհուն վստահություն չի ներշնչել, ու Բրաունինգը հրաժարվել է: Նա չգիտեր, որ Սթեֆանի Մայերի գրքերի էկրանավորումները դառնալու են պաշտամունքային, իսկ մինչև այդ ոչ մի բանով աչքի չընկնող Քրիսթեն Սթյուարտը` երիտասարդների կուռք:
Հավաքեց Էմմա Հակոբյանը
Առանձին շնորհակալություն համացանցից պեղած կոլաժների անհայտ հեղինակներին