Մայիսի 12-ին վերջապես տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստը Կենտրոնի դատարանում: Չնայած նիստը հայտարարված էր դռնբաց, սակայն ոստիկանությունը այնքան մարդ ներս թողեց, որ դահլիճը միայն կիսով չափ էր լցված: Մինչդեռ շենքի առաջ՝ փողոցի մայթին հավաքված էին տվյալ գործով բանտարկյալների հարազատներ, լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, որոնց ներս չէին թողնում (իբր ներսում այլեւս տեղ չկա), եւ դրանով իսկ լրացուցիչ լարվածության ու դժգոհության մթնոլորտ հրահրում: Մինչդեռ եթե բոլոր ցանկացողներին ներս թողնեին, ամեն ինչ ավելի հանգիստ կանցներ:
Իսկ թե ում եւ ինչու էր պետք լարվածությունը, պարզ դարձավ քիչ հետո, երբ հայտնվեց մի երիտասարդ, որը բարձրացավ մի մեքենայի վրա եւ սկսեց ձեռքերի շարժումներ անել ու անմիտ խոսքեր ասել, ինչպես Շանթ Հարությունյանը՝ Թատերական հրապարակում նոյեմբերի 5-ի միջադեպից առաջ: Հետո երիտասարդը հայտարարեց, որ մեքենայում, որի վրա կանգնած էր, ռումբ կա, եւ զարմանք հայտնեց, թե արդյո՞ք ոստիկաններ չկան, որ իրեն բռնեն ու տանեն: Բանտարկյալների հարազատները սկզբում զարմացան կատարվածի վրա եւ անծանոթ երիտասարդին հորդորում էին խելոք մնալ: Բայց երիտասարդը գրպանից հանեց ատրճանակի տեսքով մի ջրացայտ խաղալիք եւ սկսեց աջ ու ձախ ջուր ցայտեցնել: Հետո երկրորդ այդպիսի խաղալիքը հանեց գրպանից եւ այնպիսի շարժումներ էր անում, իբր կրակում է: Ժողովուրդը սկսեց վրդովվել՝ պահանջելով, որ երիտասարդը վերջ տա այդ թատրոնին: Բայց նա անդրդվելի էր: Վերջապես մոտեցան ոստիկաններ, նրան իջեցրին մեքենայի վրայից, բռնեցին ու տարան:  
Թե ինչն էր այս միջադեպի նպատակը, պարզ դարձավ, երբ հեռուստատեսային տարբեր ալիքներով լսեցինք ոստիկանության լրատվական ծառայության ստահոդ հաղորդագրությունը, որում ջրացայտ խաղալիքը դարձել էր «գազային ատրճանակ», որից իբր վիրավորվել էին «հինգ ոստիկաններ, որոնցից մեկը՝ կին»: Նաեւ նշվեց, որ «նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»: Մնում է ենթադրել, որ ջրի շիթերից որոշ ոստիկաններ հոգեպես էին վիրավորվել: Խե՜ղճ զգայուն ոստիկաններ... Ցավակցում ենք ձեզ... 
Այս խեղկատակության նպատակը թերեւս նոյեմբերի 5-ի գործի շուրջ հավելյալ բացասական տպավորություն ստեղծելն էր: Ինչպես նոյեմբերի 5-ին ոստիկանները շուրջկալ արեցին, բախում հրահրեցին ու բռնեցին խաղաղ ցուցարարներին, հետո էլ սկսեցին ուռճացնել կատարվածը, սուտ լուրեր տարածել, թե իբր դանակահարված եւ ուղեղի ցնցում ստացած ոստիկաններ կան, այնպես էլ հունիսի 12-ի խեղկատակությանը փորձում են հանցագործության տեսք տալ: Մնում է ենթադրել, որ խեղկատակ երիտասարդը ոստիկանության սադրիչ էր: Եթե անգամ այդպես էլ չէ, ապա ոստիկանությունը առիթը ձեռքից բաց չթողեց եւ միջադեպը շրջեց իր օգտին:
Նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում եթե հանցագործներ կան, ապա դրանք են նախ քաղաքացիական հագուստով սադրիչ ոստիկանները, երկրորդ՝ փոխոստիկանապետը, որը Շանթի կողքին կանգնած, հանցավոր անտարբերությամբ նայում էր, թե ինչպես են ցուցարարները «զինվում» փայտե ձողերով ու ճայթուկներով: Մինչդեռ նա կարող էր անմիջապես կանխել այդ «զինումը» եւ բացառել որեւէ բախում: Բայց հետո ո՞ւմ բռնեին ու դատեին, բանտերը ումո՞վ լցնեին, իրավապահ մարմիններին ինչո՞վ զբաղեցնեին, բանտային բիզնեսը ինչպե՞ս ծաղկեցնեին... Այսքանից հետո փոխոստիկանապետը պատրաստվում է դատարանում ներկայանալ որպես տուժող: Նա ավելի ճիշտ կանի, եթե գնա եկեղեցում մոմ վառի այն բանի համար, որ իր հանցավոր թողտվությամբ «զինված» ցուցարարները խուլիգան չէին եւ իր գլուխը չջարդեցին...
Այս գործով բռնվածներից միայն Շանթ Հարությունյանն է, որի նկատմամբ հնարավոր է մեղադրանք հարուցել հրապարակորեն հայհոյելու, բռնության կոչեր անելու, մի խումբ մարդկանց մոլորեցնելու եւ փողոցային միջադեպի մեջ ներքաշելու համար: Իսկ մյուսներին պետք է հայտարարել Շանթից տուժածներ եւ ազատ արձակել: Եթե դատարանը գործը երկու մասի չբաժանի՝ Շանթի եւ Շանթից տուժածների, ապա կարելի է եզրակացնել, որ այս ամենում Շանթը ոստիկանության հետ համագործակցող գլխավոր սադրիչն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել