Ֆուտբոլասերների համար այս տարվա թերևս ամենակարևոր իրադարձությունը բուռն ընթացքի մեջ է: Հուլիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մոտ մեկ ամիս տևող այս ֆուտբոլային իրադարձության ընթացքում տեսարժան գոլերի ու նոր ռեկորդների պակաս չի լինի: Բրազիլիայի համար ֆուտբոլը սոսկ մարզաձև չէ, այն ասես ազգին համախմբելու գործառույթ ունենա: Բրազիլացիները կարողացան իրագործել իրենց վաղեմի երազանքը և 64 տարի անց նորից իրենց երկրում անցկացնել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. վերջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում անցկացվել էր 1950 թվականին: Ներկայումս հարավամերիկյան այս պետության համար նախանձելի ժամանակներ չեն: Երկրում աղքատության մակարդակը բավականին բարձր է: Հենց այդ պատճառով էլ բոլորը չէ, որ ուրախությամբ են ընդունում ֆուտբոլային այս իրադարձությունը: Բազմաթիվ բրազիլացիներ այնքան շատ հոգսերով են ծանրաբեռնված, որ ֆուտբոլի սիրտ չունեն: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ ոչինչ չի մթագնի տոնական մթնոլորտը, և ֆուտբոլը տոն կբերի անգամ նրանց համար, ովքեր անտարբեր են վերաբերում դրան: Այս լուսանկարների շարքում պատկերված է, թե ինչպես էին Բրազիլիայում նախապատրաստական աշխատանքներ իրականացվում, ինչպես նաև, թե ինչպիսի ընթացք է ստացել ֆուտբոլի առաջնությունը առաջին մի քանի օրերի ընթացքում: Դե ինչ, հուսով ենք, որ այս ֆոտոշարքը դիտելով, Դուք ինքներդ էլ Ձեզ ֆուտբոլային տոնի մի մասնիկը կզգաք: Բարի դիտում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել