ArmnewsTV.am-ը գրում է.
Շարքային Սարո Սամվելյանի ինքնասպանության գործով դատական նիստը սկսվեց` տուժողի իրավահաջորդի միջնորդության քննությամբ: Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում: Տուժողի մայրն արդեն մի քանի անգամ է դիմել դատավորին` դատավարության վայրը փոխելու խնդրանքով: Միջնորդության հեղինակը դատական նիստին ներկա չէ:
Դատավոր Անդրանիկ Մնացականյանն այս անգամ ևս մերժեց միջնորդությունն` առաջարկելով ավելի ուշ հայց ներկայացնել եւ արված ծախսերը պահանջել ամբաստանյալներից: Զինվորի ինքնասպանության գործի դատաքննությունը տևում է մեկ տարուց ավելի: Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 359 հոդվածի երրորդ կետով` զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտում, որն ունեցել է ծանր հետեւանք` ինքնասպանություն: Մեղադրական եզրակացության համաձայն, Սարո Սամվելյանն ինքնասպանություն գործել է 2012 թվականի հունիսի 1-ին մարտական դիրքում: Ամբաստանյալի կարգավիճակով դատարանում են հայտնվել նույն զորամասի զինծառայողներ Սերյոժա Կարապետյանը, Ռազմիկ Խանյանը և Արմենակ Ավետիսյանը: Տուժողի մայրը նախորդ նիստի ժամանակ միջնորդել էր անմեղ ճանաչել ամբաստանյալներին: Միջնորդությունը չէր բավարարվել: Բայց զինդատախազը դիմում է ամբաստանյալին` ի՞նչ հիմքով է տուժողը նման միջնորդություն անում:
Ի պատասխան` Սերյոժա Կարապետյանը խոստովանում է` նախկին ցուցմունքների մեծ մասը տվել է ճնշման տակ եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այդ ցուցմունքների հիմնական մասն ուղղված են եղել ամբաստանյալներից Արմենակ Ավետիսյանի դեմ, որն, ի դեպ, քրեական գործում ներգրավվել է միջադեպից միայն 5 ամիս անց: Արմենակ Ավետիսյանը մեղադրվում է նաև հերթապահության կետը առանց թույլտվության 4 անգամ լքելու համար: Այս մեղադրանքը նա ընդունում է: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին: Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 4-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



