Արալանջի մեր հողամասից էսօր վերադարձա Երեւան, միացրի հեռուստացույցը` ԱրմՆյուզով Բրիֆինգն էր` «Համաշխարհայի՞ն է հայ գրականությունը, թե ոչ» զգայացունց թեմայով: Ամենասկիզբը չէր, բայց կարծես թե հիմնական մասը նայեցի: Եթե Բրիֆինգի ձեւաչափին ծանոթ եք, հիշում եք երեւի, որ հաղորդման ժամանակ մասնակիցները բաժանվում են երկու մասի` դեմ եւ կողմ, ընդ որում երկու մասերն էլ ունեն իրանց (ենթա)վարողները` հաղորդման հիմնական վարողից բացի: Աջ կողմում, ոնց որ միշտ, «ժխտողականներն էին», որ հնչեցրին հայ գրականության համաշխարհային չլինելու բոլոր էն խնդալու բացատրությունները, որ հազար անգամ հնչել են: Ժխտողականների վարողը պնդում էր ամենածեծված բացատրությունը` հայ գրականությունը համաշխարհային չի, որովհետեւ «հայրենասիրական ա»` հայոց դարդից ա խոսում` փոխանակ խոսի մարդուց: Ասում էր` «ես հայ գրականություն կարդալուց ոչ թե մարդուն եմ տեսնում, այլ հային»: Տեսնես անգլիացին, օրինակ, Մարկեսի վեպերը կարդալիս մարդու ա տեսնո՞ւմ, թե կոլումբիացուն: Ինձ թվում ա` կոլումբիացուն, ավելի ճիշտ մարդուն` ի դեմս կոլումբիացու: Բայց ոչ մեկի մտքով չի անցնում չէ՞ հարցնել` կոլումբիական գրականությունը համաշխարհային գրականության մասն ա՞ թե չէ: Ինչո՞ւ: Կարող եք ասել` որովհետեւ Մարկես կարդում են աշխարհի բոլոր չորս կողմերում: Այո, կարդում են: Բայց ո՞նց ա լինում որ կարդում են: Ո՞նց եղավ, որ, ասենք, Ճապոնիայում կամ Պորտուգալիայում մարդիկ սկսեցին Մարկես կարդալ: Ճիշտ էն նույն ձեւով, ոնց որ Հայաստանում: Լսեցին որ աշխարհում Մարկես անունով լավ գրող կա, մեկը թարգմանեց իրանց լեզվով, իրանք էլ սկսեցին կարդալ: Բայց ո՞նց լսեցին, Կոլումբիայից եկող տուրիստները չէին չէ՞ որ պատմում էին, ուրիշ ձեւով էր լուրը հասել: Մամուլով էր հասել: Նախ քննադատությունը, գրական մամուլը, գրական պաշտոնական ու ոչ պաշտոնական կառույցները, հետո արդեն ոչ գրական` ընդհանուր մամուլն էր լուրը տարածել: Էս ա գրողի համաշխարհային դառնալու ճանապարհը` գրողի մասին խոսում են, եւ լուրը տարածվում ա: Բայց էս ճանապարհը մի առանձնահատկություն ունի` ճանապարհի ամենաորոշիչ հանգրվանը առ էսօր Եվրոպան ա: Դժվար ա պատկերացնել, որ, ասենք, նոր ու հետաքրքիր թուրք գրողի, կամ ճապոնացի գրողի մասին լուրը, Եվրոպան շրջանցելով, ուղիղ ճանապարհով հասնի, ասենք, Հայաստան: Նախ Եվրոպան ա Փամուկին ճանաչում, Փամուկի մասին խոսում, հետո ենք մենք իմանում որ մեր կողքի երկրում Փամուկ կա: Ինչո՞ւ ա սենց: Որովհետեւ գրողի գրած տեքստը, եթե անգամ հանճարեղ լինի, չի կարող ավտոմատ` ինքն իրան, դառնալ հանրահայտ, տեքստը գրիպի վիրուս չի, որ ինքն իրան տարածվի, գրական տեքստը տարածվում ա, երբ որ իմաստավորվում ա, պիտակավորվում-տեղավորվում ա որոշակի դարակի մեջ` որպես հայտնի որեւէ հոսանքի գործ, կամ որպես նոր հոսանքի դրսեւորում, ու դա` էտ պիտակավորում-տեսակավորումը, մինչեւ հիմա, ու քանիի դար արդեն, ամենալավը անում են Եվրոպայում, դրա համար էլ, ոնց որ ասեցի, համաշխարհային դառնալու ճանապարհը Եվրոպայով ա անցնում:
Որպեսզի հայերեն գրողի գրածը աշխարհում հայտնի դառնա, նախ պետք ա եվրոպական որեւէ երկրում դրա վրա պիտակ խփեն: Ինչո՞ւ հայ գրողների դեպքում դա շատ քիչ ա պատահում: Հիմնական պատճառը կարծում եմ հետեւյալն ա: Էտ կնիքը ստանալու համար կամ պետք ա լրիվ Եվրոպայի մեջ լինես, կամ էլ լրիվ դրանից դուրս: Առաջին դեպքում որեւէ եվրոպական երկրում ստեղծագործող նորահայտ գրողներն անմիջապես թարգմանվում են մնացած եվրոպական լեզուներով եւ մտնում գրական գործընթացի մեջ, եթե դրա պոտենցիալը ունեն` մղվում են առաջ ու դառնում են հանրահռչակ: Երկրորդ դեպքում եվրոպական միտքը, դարավոր ավանդույթի համաձայն, իրանից դուրս փնտրում ա «ուրիշին»` էկզոտիկը, անհայտը, անսովորը, եւ դա գտնելով` դրան համապատասխան փաթեթավորում ա տալիս ու տարածում: (Օրհան Փամուկի դեպքն օրինակ սրա վերջին վառ օրինակներից ա): Բայց Հայաստանը էս երկու տարբերակներից ոչ մեկին լրիվ չի համապատասխանում: Հայաստանը Եվրոպայի համեմատ ոչ բավականաչափ ուրիշ ա` որ անսովորությամբ հետաքրքրություն առաջացնի, ոչ էլ Եվրոպայի կողմից լրիվ ճանաչվում ա որպես յուրային` որ եվրոպական գործընթացների մի մասը դառնա:
Սրա արդյունքում էլ առաջացել ա էս տխուր, բայց բնավ ոչ անելանելի վիճակը: Ելքը, կարծում եմ, քննարկումները չեն, այլ անհատական ջանքերը` մտնելու եվրոպական, ու եվրոպականի միջոցով` համաշխարհային գործընթացների մեջ: Երբ որ առաջին հայ գրողը էտ ճեղքումը կանի, երկրորդի համար արդեն մի քիչ ավելի հեշտ կլինի, երրորդի համար` շատ ավելի հեշտ: Ու երբ որ ժամանակակից հայ գրականությունը դառնա եվրոպական մտքի մի մասը, կգա արդեն անցյալի հայ գրականությունը համաշխարհային դարակներում տեղավորելու ժամանակը, ու պարզ կդառնա բոլորին, որ հայ գրականությունը ոչ մի դեֆեկտ էլ չունի, միակ դեֆեկտը համապատասխան դարակ չունենալն ա, որի արդյունքում մնում ես փողոցում ու անձրեւների տակ: Բայց գրականությունը, հայտնի բան ա, ոչ վառվում ա ոչ բորբոսնում` հանգիստ սպասում ա իրա օրվան: