Ինչո՛ւ է մեր երկրում ամեն բան կամաց-կամաց արժեզրկվում: Անկախացումից հետո կոչումներ ու շքանշաններ ենք շռայլում ում պատահի: Պաշտոնական այցով կամ ուղղակի Հայաստան ժամանած ամեն հյուրի շտապում ենք «Մովսես Խորենացի», «Ներսես Շնորհալի» կամ այլ արժեքավոր շքանշաններ շնորհել ու հպարտանալ մեր այդ «պատվաբե ր » քայլով: Ովքե՞ րեն այդ մարդիկ, ինչի՞ համար ստացան մեր երկրի բարձրագույն շքանշանը կամ «Պատվավոր քաղաքացի» կոչումը, երբ մեր երկրի շատ քաղաքացիներ նույնիսկ անձնագիր չեն կարողանում ստանալ: Իսկ ամենածիծաղելին «Վաստակավոր արտիստ»-ի կոչում շնորհելու մեխանիզմն է և այդ երբեմնի բարձր տիտղոսը այսօր արժեզրկվել է ու որևէ մեկին այն «նվիրելիս» մենք այլլևս չենք հպարտանում, այլ զարմանում ենք ու զայրանում: Շատ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ սկզբունքներով են ընտրվում հերթական «վաստակավորները», ինչպիսի՞ չափանիշներ են սահմանված, ո՞ւմ բարի կամեցողությամբ մենք այսօր ունենք այսքան «վաստակավորներ»: Որևէ մեկն ինձ կբացատրի, թե ինչի՞ համար են այս բարձր կոչումը կրում Արամոն և Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը ու Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանը և Հրանտ Թոխատյանը, Արման Հովհաննիսյանն և Հայկոն, Դավիթ Ամալյանը և ուրիշներ , ի՞նչ վաստակի համար են նրանց տրվել մշակույթի ոլորտի այս բարձր կոչումը: Իհարկե կան մարդիկ, ովքեր արժանի են և պետք է վաղուց ստանային այսպիսի բարձր գնահատական, բայց վերը թվարկած մարդիկ ինչի՞ համար են արժանացել նման պատվի: Իսկ դուք լսել եք՞ , թե նրանք որքնա աղքատիկ բառապաշար ունեն, որքան անգրագետ են խոսում հարցազրույցների ժամանակ: Նախկինում Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Նորհայր Մնացականյանը երկարատև տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ են միայն կարողացել արժանանալ որևէ կոչման և իրենց կերպարներով օրինակ են հանդիսացել սերունդների համար: Իսկ ներկա “տիտղոսավորներից” ինչ՞ օրինակ ենք վերցնելու մենք: Այնպիսի «բեմական» հագուստներով, տրիկոներով են հայտնվում բեմում, որ ամաչում ես նրանց այդ կոչումով երջանկացնողների փոխարեն, այնպիսի արտահայտություններ են օգտագործում, որ հարիր չէ նման կոչման տեր անձնավորությանը: Ո՞վ և ինչո՞ւ է մի քանի տարի «շոու-բիզնեսում» գտնվող «արտիստներին» նման պարգևների արժանացնում, ինչո՞ւ Մշակույթի Նախարարությունը չի հստակեցնում այս մեխանիզմը, ո՞ւմ և ե՞րբ են հարցրել նրանց վաստակի մասին: Հաստատ այստեղ էլ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ-թիկունք ավանդական մոտեցումը: Մնում է Ջուսին ու Շպրոտին, Արամ MP3-ին ու Գարիկին, Վահրամ Պետրոսյանին ու Լիլիթ Հովհանիսյանին, Անի Երանյանին ու Արփինե Իսրաելյանին(«Աննա» հեռուստասերիալ) էլ «Վաստակավոր արտիստ»-ի կոչում շնորհեն ու ամեն ինչ իր տեղում կհայտնվի: Ամոթ է, սթափվե՛ք կոչումներ շռայլող պաշտոնյաններ, դուք խայտառակում եք մեր ազգը, մեր մշակույթը ու մեր Մեծությունների անունները թողնում եք ստվերում` անհարկի «Վաստակավորներ» նվիրելով մեր փոքրիկ ազգին: Վաստակավորներին հանդիսատեսը ծափահարում է ինքնաբուխ, այլ ոչ թե հաղորդավարների բազմաթիվ խնդրանք-աղերսանքներից հետո: Ինչպես կարելի է ֆոնոգրամմա երգող, շատ դեպքերում էլ նվնվացող, փողոցային բառերով համերգ ու հաղորդում վարողներին շնորհել այս կոչումը: Իսկ մեր երկրում և արտասահմանում անցկացվող երաժշտական մրցանակաբաշխությունները ուղղակի կարելի է խեղկատակություն համարել: Տարբեր անվանակարգերում «լավագույնների» կոչմանն արժանացածներին շքեղ բնակարաններ ու ավտոմեքենաներ նվիրողների ուշադրությունը կցանկանայի հրավիրել «Ժողովրդական արտիստուհի» Վարդուհի Վարդերեսյանի անձին, ով երկար տարիներ ապրում է մեկ սենյականոց բնակարանում, դե իրեն էլ նվիրեք շքեղ բնակարան: Վստահ եմ, որ այս ամենը կդադարի միայն այն ժամանակ, երբ ասպարեզի տերն ու տիրականը չլինեն Արթուր Գրիգորիչի նմանները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել