Նախորդ պոստում սովորեցինք տնային պայմաններում արագ պաղպաղակ պատրաստել ու ձեզանից ով փորձեց կհամաձայնվի, որ դա շատ վարակիչ է: Չէ, խոսքը ոչ թե հիվանդությունների մասին է, այլ պրոցեսի: Մեկ անգամ պատրաստելուց ու փորձելուց հետո ոգևորվում ես ու տան եղած-չեղածը վերածում պաղպաղակի (իմ ու ընկերուհուս պես): Իհարկե նման էքսպերիմենտներից ոչ բոլորն էին “ուտելու”,բայց մեկը դուրս եկավ ու որոշեցի ձեր հետ կիսվեմ: Ռեցեպտը նույնն է ինչ սրճով պաղպաղակինը`սերուծք, խտացրած կաթ, բայց այս անգամ ավելանում է նաև մեկ կիտրոնի թարմ քամած հյութ ու կեղև:Ամեն ինչ կրկին նույն կերպ` հարում ենք մինչև պնդանալը:
Անցած անգամվա պես այս լուծույթում էլ մի փոքր ալկոհոլ ավելացրի` համ չի սառցակալի (ալկոհոլը երբեք շատ չի սառցակալում): Այն նաև շատ նուրբ ու հետաքրքիր երանգ կհաղորդի այս պաղպաղակին` չթողնելով, որ համային առումով կիտրոնը գերիշխի: Սրճային պաղպաղակում ես օգտագործեցի վիսկի, այս մեկում որոշեցի մրգային երանգ ավելացնել ու լցրեցի մեկ թեյի գդալ իմ պատրաստած բալի լիկյորից (դրա ռեցեպտն էլ շուտով կգրեմ):
6-7 ժամ սառնարանում ու վերջ` ձեր հեղինակային երկրորդ պաղպաղակը կարելի է մատուցել:
Ի դեպ, եթե ձեր էքսպերիմենտների արդյունքում հետաքրքիր պաղպաղակ եք ստացել չմոռանաք կիսվել` ես էլ եմ ուզում:)
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան