bakunc3Հատված Ռուբեն Զարյանի «Հուշապատում» գրքից:

Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:
Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
_ Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
Մի օր ասաց.
_ Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

Աղբյուրը՝  Ռուբեն Զարյան, «Հուշապատում»

Նկարի հեղինակ՝  Էդվարդ Իսաբեկյան

Կարող եք ծանոթանալ նաև՝  Նորահայտ անտիպ էջեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել