Kiss.am-ը գրում է.
Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց բնորոշ են մի շարք սովորույթներ, որոնցից հիմնականներն են`
1. Համեմատելու սովորույթը: Ուրիշների հետ ինքն իրեն համեմատելու և բոլորին ներքևից վերև նայելու անձի սովորույթը անկասկած կախվածության նշան է: Բացառելով սեփական աձի յուրահատկությունն ու բացառիկությունը` աձը ինքնըստինքյան և աստիճանաբար դավաճանում է իրեն: Գնահատելով իրեն ուրիշների միջոցով` մարդը ռիսկի է գնում կորցնել իր համար ամենակարևորը` ինքն իրեն իրապես ճանաչելու բացառիկ կարողությունը և շնորհը: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը` մարդը դատապարտված է որոնելու իր համար տիրոջ, ղեկավարի, առաջնորդի, ով, հավատացե՛ք, անկասկած կգտնվի: Եթե անձը չի կողմնորոշվում և չգիտի ինչ անել իր կյանքի հետ ու ինչպես այն տնօրինել, ապա կգտնվի մեկը, ով կանի դա նրա փոխարեն:
2. Մրցակցելու սովորույթը: Ինչ որ մեկից ավելի լավը երևալու անձի նախանձախնդիր ներքին ցանկության ու ձգտման մեջ միշտ թաքնված է վերջինիս` ուրիշներից ավելի թերի, ավելի վատը լինելու փաստը և դրա հակառակն ապացուցելու անձի փորձը: Քանի դեռ մարդու ուռճացած ու ոչ բարենպաստ «Եսը» հանդիսանում է նրա կյանքի միակ առաջմղիչ ու գերնպատակ գործոնը, ապա նա իր կյանքում միշտ «մրցավազքի» ու «պայքարի» մեջ է գտնվելու: Հիշե՛ք, որ միշտ կլինեն այնպիսիք, ովքեր լավն են և նրանցից ավելի լավերը: Ինչպես ասում են` միշտ լավից լավն էլ կա: Կյանքի նպատակը միայն նրանում է, որ «լինենք», այլ ոչ թե մրցակցենք: Լինել ինքդ քեզ հետ, լինել ինքդ քեզ հավատարիմ, այլ ոչ թե հարևանից ավելի լավը: Տեղին է մեջբերել Օշոյի հետևյալ իմաստուն խոսքերը` «Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել , որ նա երջանիկ է, միայն մահացած մարդն է պայքարում ապացուցել, որ նա կենդանի է, ապրում է, միայն վախկոտն է փորձում ապացուցել, որ նա անվախ է, քաջ ու խիզախ: Միայն այն մարդը, ով գիտի սեփական աձի «փոքրությունը», փորձում է ապացուցել իր «մեծությունը»:
3. Հուսալու սովորույթը: Հրաժարվելով հավատալ ինքն իրեն` մարդն ապրում է մշտապես հուսալով, ակնկալիքներով ու սպասումներով: Նա հույս ունի, որ ինչ որ գերբնական ուժ, հոսանք կամ պարզապես կհայտնվի ինչ-որ մեկը, ով կօգնի իրեն անցնել կյանքի միջով: Այդպիսի մարդիկ միշտ ինչ-որ բանի են սպասում և չգիտեն էլ ինչ ակնկալել այդ անվերջանալի սպասումից: Նրանց վախեցնում է կյանքը, բայց ամենից շատ` դրա պատասխանատվությունը: Ապրելով ուրիշի սցենարով և ինչ-որ մեկի նավակում` անձն ինքն իրեն զրկում է կյանքի կախարդանքից ու հրաշքներից: Միշտ հիշե՛ք` հրաշքները ոտնակոխ եղած ճանապարհներում չեն, այլ անհայտ արահետներում: Մի օր, երբ ռիսկի գնաք ու որոշեք փորձել շրջել ձեր կյանքի անիվը, կտեսնեք, կհասկանաք ու կհամոզվեք, որ ձեզ առաջնորդներ պետք չեն:
4. Ճանաչում փնտրելու սովորույթը: Երբ անձը չգիտի իր գինը, նրան մնում է միայն կառչել շրջապատի գնահատականից: Ճանաչման և ինքնաճանաչման փնտրտուքների մեջ անձը կիսում է ոչ թե այն, ինչը իրեն է ցանկալի, այլ այն, ինչը նրան գումար կբերի ու կլցնի արժանիքների իր «քսակը»: Բայց մարդկային «Ես»-ը բավարարվել չգիտի, նա անհագ է: Եվ որքան մարդ ճանաչված ու հայտնի է դառնում, դրա հետ մեկտեղ նույնչափ ռեսուրսներ ու գործոններ են անհրաժեշտ լինում սեփական անձի կարևորությունն ու նշանակությունն ընդգծելու և շեշտելու համար: Ստացվում է փակ շրջան: Դրանից դուրս գալ հնարավոր է` հասկանալով, որ սեփական արժեքավորությունը բխում է միայն ներսից, այլ ոչ թե որոշվում է շրջապատի կարծիքով ու վերջինիս կողմից տրվող գնահատակներով:
5. Մանիպուլյացիայի դիմելու սովորույթը: Երբ մարդը չի հավատում սեփական ուժերին, նա օգտագործում է ուրիշներինը իր առաջխաղացման և սեփական նպատակներին հասնելու համար: Կամովին, թե ոչ կամովին նա դառնում է մանիպուլյատոր: Դրա համար նա օգտագործում է ամեն հնարավոր միջոցները, խորամանկ հնարքներն ու ճարպկությունները` խղճահարություն, մեղքի և այլ զգացողություններ առաջացնելով մարդկանց մեջ: Իսկ երբ նրա կողմից օգտագործվող հնարները ժամանակի ընթացքում հնանում ու դառնում են անարդյունավետ` չարդարացնելով սեփական սպասումներն ու ակնկալիքները, նա փնտրում ու գտնում է ավելի նորերը: Այսպես ասած` ժամանակի հետ զարգանում է ճարպկությունը, բայց ոչ հավատն ու վստահությունը սեփական անձի հանդեպ: Հիշե՛ք, օգտագործելով և ստորացնելով ուրիշներին` դուք չեք բարձրացնի ձեր ինքնագնահատականը: Ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու և շահարկելու փոխարեն` փորձեք ինքներդ ձեզ մոտիվացնել ու զարգացնել: