Երևանի պետական համալսարանն այսօր նշում էր իր հիմնադրման 95 ամյակը։ 95-րդ տարեդարձը տոնող մայր բուհով, հիրավի, հպարտանալու պատճառ ու առիթ ունի յուրաքանչյուր հայ` անկախ այն բանից մայր բուհի շրջանավարտ է, թե՝ ոչ։
Բուհի հոբելյանին անդրադառնում է Հայաստանի գլխավոր լրատվականը՝ Հայլուրը….։ Եվ ոչ մի բառ այն մասին, թե ովքեր են համալսարանի հիմնադրման ակունքներում, թե ինչ ծանր ու աներևակայելի պայմաններում, ինչ տեսլականով ու կամքով էին պետականության երերուն քայլերին զուգահեռ, առաջին հանրապետության հայրերը հիմնադրում համալսարանը։
Չեմ կարծում, թե ժամանակի սղությունն էր պատճառը. Եվրասիական երիտասարդական ինտեգրացիային նվիրված շարքային միջոցառմանը կամ Ռուսաստանի օրվան նվիրված չորս հինգ րոպեանոց խիստ կոմպլիմենտար եթերաժամի կողքին կարելի էր քառորդ րոպե տրամադրել՝ հիշելու մայր բուհի հիմնադիրների անունները։
Պարզապես արդար չէ, եթե ոչ՝ ազնիվ. Մի օտարեք մեզ մեր պատմությունից, մեր ժառանգությունից, մի սննկացրեք մեզ մեր մտքի որակյալ տեսակից։
Իսկ Երևանի պետական համալսարանը բացվել է 1919-ին, Հայաստանի առաջին հանրապետության Հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի անմիջական ջանքերով ու հրամանագրով։
Ահա համալսարանի բացման առթիվ Նիկոլ Աղբալյանի ճառից մի հատված։
«Չնաչած, որ մեր երկիրն ավերված է…. մեր մեր ժողովուրդը աղքատության մեջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան։ Այն, ինչ որ մենք ունենք այսօր, ձեռք է բերված սերունդների արյունով, հարգենք նրանց հիշատակը։ Մենք վերաշինում ենք մեր տունը և հիմնում կրթության տաճարներ՝ առանց խորհելու, թե ինչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը։ Մեր մեջ հավատ կա, որ այս անգամ հայոց ազգի նավը դուրս կգա փոթորկից անփորձանք։ Մեր թշնամիների չեն հաջողելու, և այն ջահը, որ մենք վառում ենք Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի և կլուսավորե Առաջավոր Ասիան։ Անցնում է մղձավանջը և պայծառանում Հայաստանի երկինքը։ Դեռ մեզ համար բոլոր վտանգները անցած չեն, դեռ մեկ ձեռքում սուր պիտի ունենանք, բայց արդեն ժամանակն է, որ մյուս ձեռքում գրիչ բռնենք…»