Tert.am-ը գրում է.
Հարութ Սասունյան
The CaliforniaCourier պարբերականի հրատարակիչ
Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:
Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:
Սա հստակորեն արտացոլում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, և նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռեցնելու քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից ...
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը «Այդինլիք» թուրքական թերթում` բացահայտելով, որ երկու կառավարությունները համատեղ մշակել են այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին և այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այսպիսով, զոհված թուրք զինվորներին հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հետ:
Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները, Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք լիովին տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը մինչև դրա հրապարակումը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի տեքստը պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ միասին և վերջնական տեսք ստացել երկու երկրների պաշտոնյաների կողմից: Պարզվում է, որ նախնական տեքստը նախապատրաստվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որից հետո Սպիտակ տունը որոշ փոփոխություններ է արել` այս հարցի վերաբերյալ «ամերիկյան նրբազգացության հիման վրա»: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տեքստը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ այն հրապարակել է ապրիլի 23-ին:
Քահրամանը նաև բացահայտել է, որ Էրդողանի հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխություններն ընդունելու դիմաց, Վաշինգտոնն առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի սկզբին դրա ընդունումից հետո:
«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ է հետևում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր հակաքայլերը, այդ թվում` մահաքնի մեջ գտնվող հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու գործը, միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



