Տղամարդը և կինը ոչ միայն ամուսիններ են, հայր ու մայր, նրանք բազում ընկերային (սոցիալական) դերեր էլ են կատարում՝ քաղաքացի, աշխատակից, զրուցակից, հաճախորդ, գնորդ, ընկեր, հարևան, ղեկավար, ենթակա, անցորդ, ընտրող և այլն: Սեռային վարքի՝ կնոջ և տղամարդու դերերի վերլուծությունը բանալի է թե՛ ընտանեկան, թե՛ արտաընտանեկան աշխարհը հասկանալու համար: Սեռային վարքի առումով հոգեբանությունն առանձնացնում է մարդկանց հինգ տեսակ.

ա) Զուտ տղամարդ, որի մեջ առավել խտացված են այրական հատկանիշները՝ ֆիզիկական ուժ, քաջություն, համառություն, նպատակասլացություն, պատվախնդրություն, հաստատակամություն, վճռականություն և այլն,

բ) Զուտ կին, որն իր մեջ խտացնում է կանացի հատկանիշները՝ նազանք, հեզություն, համբերատարություն, հոգատարություն, ճկունություն, նվիրվածություն և այլն:

գ) Կին, որի մեջ իշխում են այրական հատկանիշներ,

գ) Տղամարդ, որի մեջ գերիշխում են կանացի հատկանիշներ,

ե) Անդրոգեններ, կանայք և տղամարդիկ, որոնց մեջ իգական և արական հատանիշները մոտավորապես հավասարաչափ են բաշխված:

Տարբեր երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեկ երրորդը անդրոգեններ են: Նկատվել է, որ անդրոգենային կանայք և տղամարդիկ առավել հաջողությամբ են համադրում իրենց ընտանեկան կյանքն ու աշխատանքային գործունեությունը, բուն ընտանիքի ներսում՝ հեշտությամբ են ներդաշնակում հուզական և օգտապաշտական կողմերը, իսկ ծառայողական առաջխաղացման հարցում ավելի հեշտ են խուսափում սթրեսային վիճակներից, նյարդային գերլարվածությունից ու հոգեբանական բարդույթների գոյացումից:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել