ArmnewsTV.am-ը գրում է.
Շվեդական Հարփսունդ քաղաքում որոշվում է Եվրամիության ապագան: Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների ղեկավարները քննարկում են Եվրահանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը: Հունիսի վերջին պարզ կդառնա, թե ով է փոխարինելու Ժոզե Մանուել Բարոզուին: Շվեդիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի ղեկավարները դեմ են ամենահավանական թեկնածուին: Նրանք չեն ցանկանում, որ Եվրահանձնաժողովը գլխավորի Եվրոպական ժողովրդական կուսակցության թեկնածու Ժան-Կլոդ Յունկերը: Պատճառն այն է, որ Յունկերը Եվրամիության անդամ երկրների ավելի սերտ միավորման կողմնակից է: Սրան համաձայն է միայն Անգելա Մերկելը: Սպասվում է, որ հավաքի մասնակից մյուս երեք առաջնորդները Մերկելին կփորձեն համոզել, որ նա չաջակցի Յունկերի թեկնածությանը:
2009 թվականին ուժի մեջ մտած լիսաբոնյան պայմանագրի համաձայն Եվրահանձնաժողովի նախագահի ընտրությունը կատարվում է նաև հաշվի առնելով Եվրախորհրդարանի ընտրության արդյունքները: Մինչև այդ, հանձնաժողովի ղեկավարին ընտրում էին միայն ԵՄ երկրների ղեկավարները: Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածուների թվում ԵԺԿ թեկնածուն ֆավորիտն է, քանի որ Եվրախորհրդարանի ընտրության արդյունքում ԵԺԿ-ն այս անգամ էլ կլինի ամենամեծ խմբակցությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը Յունկերի թեկնածության պատճառով անգամ սպառնացել է դուրս բերել իր երկիրը Եվրամիությունից: Քեմերոնի կարծիքով` Եվրամիության անդամների էլ ավելի մերձեցումը կհանգեցնի նրան, որ Մեծ Բրիտանիան միության կազմից դուրս գալու հանրաքվե կնախաձեռնի:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



