1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում 111 տարեկանում մահացել է քիմիկոս և պարահոգեբան Ալեքսանդր Իմիչը: Այս մասին հայտնում է NBC-ն:
2014 թվականի ապրիլին Իմիչը ներառվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ:
Նա ծնվել է 1903 թվականին՝ ռուսական կայսրության Չենստոխովա քաղաքում, որը ներկայում գտնվում է Լեհաստանի տարածքում: 1950-ականների սկզբներին Իմիչը ընտանիքի հետ գաղթել էր ԱՄՆ:
Երկարակեցության գաղտնիքի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Իմիչն ասել է, որ իր գաղտնիքն է սպորտով զբաղվելը, ալկոհոլից զերծ մնալն ու ճիշտ սննդակարգ պահպանելը, որի հիմքում թռչնի և ձկան մսով կերակուրներն են:
Իմիչը մոլորակի ամենատարեց մարդը չէ: Նրան գերազանցում են ավելի քան 60 կանայք: Նրանցից ամենատարեցը ճապոնուհի Միսաո Օկավան է, ով մարտին նշել է ծննդյան 116-ամյակը:
Այժմ մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսը կանցնի 111-ամյա ճապոնացի Սակարի Մոմոյին: Նա նույնպես ծնվել է 1903 թվականին և մեկ օրով է զիջում Իմիչին: