1in.am-ը գրում է.
Եվրամիությունն Իսրայելին և ապագա պաղեստինյան կառավարությանն առաջարկում է հակամարտության կարգավորման դեպքում արտոնյալ գործընկերություն, որը կարող է արմատապես փոխել նրանց ապագան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Իսրայելցիների և պաղեստինցիների հիմնական դոնոր և խոշորագույն առևտրային գործընկեր հանդիսացող ԵՄ-ի կողմից աննախադեպ բոնուսների խոստումը հնչել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացում հերթական ճգնաժամի ֆոնին:
Կողմերը միմյանց վրա են բարդում ապրիլին տեղի ունեցած բանակցային ձախողումը:Նրանք բանակցություններն 9 ամիս շարունակ անցկացրել են ԱՄՆ-ի միջնորդությամբ:
«Համապարփակ խաղաղությունը Մերձավոր Արևելքում ԵՄ-ի և մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակն է վերջին 30 տարիներին: Քաղաքական և տնտեսական միջոցներով մենք կնպաստենք «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի կյանքի կոչմանը»,- ասել է Բարոզուն Իսրայելում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ:
«Միությունն առաջարկում է այն, ինչը կարող է արմատապես փոխել ձեր ապագան, Եվրոպայի և մնացած աշխարհի հետ ձեր հարաբերությունների ապագան»,- ասել է նա՝ նշելով, որ արտոնյալ գործընկերությունը կվերաբերի անվտանգության, քաղաքականության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներին:
«Այն կնպաստի երկու պետությունների հետ ԵՄ-ի երկկողմ կապերի զարգացմանը և որ ավելի կարևոր է՝ կներառի պաղեստինա-իսրայելա-եվրոպական եռաչափ ձևաչափ, ինչը շատ սերտորեն կկապի երկու պետությունները միմյանց, ինչպես նաև Եվրոպայի հետ»,- ասել է Բարոզուն:



