Մեր զրուցակիցն է արձակագիր, հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը
Արմեն, վերջին շրջանում կարծես թե հնչում է մտահոգություն հեռուստատեսության որակի, քրեածին տարրեր պարունակող հաղորդումների, սերիալների մասին: Ինչո ՞ւ հանկարծ հեռուստատեսության մասին հիշեցին մեր մտավորականները, ՀԿ-ները, ավելին, այդ մասին հիշեցրին Սերժ Սարգսյանին, և հիմա բոլորով զբաղվում են այդ գործով:
Իրենց պետք է հարցնել: Մերոնք մի քիչ միամիտ են, կարծում են մարդիկ էկրանին նայելով կատաղում են կամ բարիանում, եթե էդպես լիներ` Հ1-ով ամբողջ օրը բարի մուլտեր ցույց կտային ու Ազատության հրապարակում միտինգ չէր լինի: Գիտական փաստ է, որ բռնության պատկերումը, ճիշտ հակառակը` նպաստում է, որ իրականում այն նվազի, փաստ է նաև, որ հայ ժողովրդի մեծագույն դժբախտությունը սերիալները չեն, այլ դեմոգրաֆիան: Իրոք կարծում եմ, որ սա տասներորդական հարց է:
Լավ, խոսենք դեմոգրաֆիայից, մի կողմից արտագաղթը շարունակվում է, մյուս կողմից «Արի տուն» ծրագիր են իրականացնում, բայց տուն եկած սիրիահայերի խնդիրները լուծելու և ներգաղթ իրականացնելու պատրաստակամություն չկա: Շատերը գտնում են, որ կառավարության կողմից հստակ ծրագիր էր պետք իրականացնել: Ըստ Ձեզ, ո՞ր դեպքում Հայաստանը սիրիահայերի համար կարող է գրավիչ դառնալ:
Հայաստանի գրավչությունն ուղիղ համեմատական է նրա ժողովրդավարացման ու տնտեսական զարգացմանը, ու ոչ միայն սփյուռքի, այլև մեզ համար: Այսօր հրատապ է սիրիահայության խնդիրը, երեկ՝ քուվեյթահայության, վաղն, ասենք, մոզմաբիկահայության հարց կարող է առաջ գալ, որովհետև տարբեր հաշվարկներով աշխարհում ապրում է 8-12 միլիոն հայ, որից, ըստ մեր վերջին սուտ-մարդահամարի, շուրջ 2,9 միլիոնը Հայաստանում: Ուրեմն, մոտ 10 միլիոն աշխարհասփյուռ հայության մի մասն էլ ապրում է ոչ ժողովրդավար, աշխարհաքաղաքական առումով պայթունավտանգ երկրներում, հեռու չգնանք`հենց պարսկահայերը մեր քթի տակ են ու նման իրավիճակներից ապահովագրված չեն: Եթե ընդհանրացնելու լինենք, սիրիահայության հետ կապված տխուր իրավիճակը գալիս է հավաստելու, որ հայրենիք-սփյուռք կապի կայացման բոլոր նախորդ փորձերը, խոշոր հաշվով, ձախողվել են, որովհետև ինչքան էլ արի տուն-տունիկ խաղան, համահայկական պարեր-խաղեր-ժաժքեր կազմակերպեն, մեկ է` նեղն ընկած տեղն է երևում կապի ամրությունը: Ուրեմն հարցը էն կապի թուլությունն է, որ կոչվում է հայրենիք-սփյուռք, ավելի ստույգ` անկապությունը:
Արմեն, այսինքն՝ ստացվում է նո ՞ր ծրագիր, ընթացակարգ պետք է մշակել, որ հայրենիք-սփյուռք հարաբերություններն ամրանան: Իսկ գուցե կառավարությանը պետք էլ չէ՞ նման ամրություն, երբ խթանում է արտագաղթին:
Չէ, երկու հայի միջև կապն ընթացակարգային կամ ծրագրված չի կարող լինել, այլ ինքնաբուխ, բնական, ոչ պաշտոնական մի բան է: Մեծ ցավով եմ ասում. անցած տարի սոցիալական համերաշխություն թեմայով հարցում են արել ու պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 82 տոկոսը Սփյուռքում մոտ ընկեր չունի: Հայրենիք-սփյուռքը հայկական ժամանակի ու տարածության խեղված կապն է, մինչդեռ դրանք անքակտելի են: Արդեն 20 տարի է՝ ինչ փոխվել է հայի կենսատարածքը, հայրենիքն այլևս հող ու ջուրը չի միայն, այլև գերբ ու դրոշ: Հայրենասիրությունն էլ պարզ ինքնասիրություն է, երբ ես-դ չես անջատում քո կենսատարածքից, եթե անգամ ֆիզիկապես հեռու ես: Երբ հեռուստաէկրաններից ճվճվում ու ծվծվում են «Հայաստանը ես եմ» կամ «Հայաստանը դու ես», նկատի ունեն միայն հողն ու ջուրը, բայց, երբ Ազատության հրապարակում հնչում է նույն միտքը (Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկը ես եմ, և այդ մեկը դու ես), ապա խոսքը գերբ ու դրոշով տարածության մասին է: Հենց այստեղ է տարածության մեր պատկերացման աղճատումը, երբ հայության մի զգալի զանգված, լինելով անկեղծ հայրենասեր, ուշաթափվում է մեր հողուջրի համար, բայց խորապես թքած ունի գերբուդրոշի վրա: Իսկ մեզ բաժանում է ոչ միայն տարածությունը, այլև ժամանակը, որովհետև շատերի ժամացույցը կանգ է առել 15 թվի ապրիլի 24-ին, որոշներն ընդհանրապես շպրտել են իրենց հին ու լարովի պապական ժամերն ու հիմա թվայնացված աշխարհի բոլորովին այլ ժամանակային գոտիներում են թևածում, մինչդեռ էստեղ ու հիմա հարցեր կան, որ մեզանից բացի ոչ մեկը չի լուծելու:
Արմեն, ի՞նչպես ինքնաբուխ լինի, երբ սփյուռքահայերը տեսնում են՝ ինչ է կատարավում այստեղ, որ Հայաստանի ապագա կերտող երիտասարդների, քաղաքացիների հանդեպ ի՞նչ միջոցներ են կիրառվում: ՀԱԿ երիտասարդների դատավճիռը` որպես դրա վկայություն: երբ Հայաստանի ապագան տեսնում ես, որ ոչ թե քեզնից, ինձնից, այլ մեկ մարդուց է կախված:
Ուրեմն, եթե Սերժ Սարգսյանին ի նկատի ունեք` չարաչար սխալվում եք, Հայաստանում տղամարդու կյանքի միջին տևողությունը 70 տարի է, ձեր ասելով բան չմնաց, մի տաս տարուց`վերջ: Էսօր դատվող երիտասարդները գուցե գնային նրա թաղմանն ու անգամ ծաղիկներ տանեին, բայց էսպես շարունակելու պարագայում, այդ թափորի երկարությունն օրըստօրե կրճատվելու է`հասնելով մինիմումի. երկու կափարիչ բռնող, չորս`դագաղ, մի`նկար, ու մի երկու բեղավոր զառամյալ ցեղակրոն` ծաղկեպսակներով, սա իհարկե տխուր պատկեր է լինելու: Հիշեք, կապրենք` մեր աչքով կտեսնենք:
Արմեն, ամեն դեպքում, ինքներդ եք ասում հիմա և էստեղ անելիքներ կան, ի՞նչ եք կարծում, ակցիաները, հրապարակումներն ի պաշտպանություն տղաների, նրանց ազատության, ի վերջո կշարժե՞ն անշարժը:
Տղաների գործը, սխալ ասացի`գլուխգործոցը, ժանրային առումով ֆենթըզիի ու ավանդական հեքիաթի արանքում մի բան է այն մասին, թե ինչ կատարվեց, երբ Կոնգրեսի չորս գայլ տղերքը յոթը կարմիր գլխարկի գլուխ կերան, ընդ որում էդ կարմիր գլխարկներից մեկն էլ սամբիստ էր, ու ինձնից էլ փոքրամարմին Տիգրան Առաքելյանը, ձեռքերը կապած վիճակում, մի հատ չռփել ու դրա քիթմռութը ջարդել էր, ու էս ամեն ինչը մենակ էն բանի համար, որ Զաքար Զաքարյանի 34 կիլոմետրանոց պիդբուլը, ըստ քննության նյութերի, առանց դնչկալի էր շրջում Կարապի լճում: Թարգմանեք ցանկացած լեզվով, ուղարկեք գրական մրցանակների, Էս քննիչների ստեղծագործական երևակայության համար պարգևների կարժանանա: Երևի մեզ ոստիկանություն ընդհանրապես պետք չի, Վովային իր գառնուկների հետ միասին ուղարկենք վանք: Էդ ի՞նչ ոստիկանություն է, որ քաղաքացու մի նկատողությունից, որն, ի դեպ, իրավաչափ գործողություն է, իր ուժերի մեծ մասը կենտրոնացնում է մի քանի անզեն ջահելի վրա, վերջում էլ` խոշտանգվում, ծեծվում ու ստորացվում: Վստահ եմ`մենք իրենց կարմիր գլխարկի քիթիկը չենք էլ կոտրել, բայց, եթե անգամ քաշքշոցի ժամանակ միամտաբար կոտրել ենք`լավ ենք արել, մենք ենք մեր գրպանից իրենց աշխատավարձ վճարում, էդ պլաստիկ վիրահատության փողն էլ կարող ենք տալ, ու էնպես չենք խփել, որ ուղեղի աջուձախ կիսագնդերն իրար մեջ մտնեին: Եթե գիտակցեին`ում վրա են ձեռք բարձրացնում, տեղում կչորանային: Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, 20-ամյա Հայաստանը թեպետ չի զարգանում, բայց հասունանում է, ու դրան լրջորեն նպաստել է Կոնգրեսն` իբրև քաղաքացիական դարբնոց, որտեղ և հասունացել ու կայացել է, ասենք Սարգիս Գևորգյանը, որ երկրի հասակակիցն է, քաջ քաղաքացին, ուրեմն և սիրտն ու միտքը: Ընդհանրապես սա է չափորոշիչը ցանկացած կապի գնահատման, ուզում է լինել սփյուռքահայ-հայրենիք, ուզում է լինել քաղաքացի-Կոնգրես, պետք է նայես դու ինչքանո՞վ ես կայացել գծիկի մյուս կողմում գտնվողի շնորհիվ և ինքն ինչքանով`քո: Այս իմաստով, օրինակ Դավիթ Շահնազարյանը ոչ հասունացել է Կոնգրեսում և ոչ էլ կայացել, կայացել է լրիվ ուրիշ ժամանակներում ու համապատասխան կառույցում, ուրեմն ինքը չի Կոնգրեսը: Ուղղակի, Շահնազարյանի օրինակը թարմ էր, լեզվիս եկավ, իսկ Սարգիսն ու Հայաստանն իրար հետ են չափահաս դարձել, սրանից ուղիղ չորս տարի առաջ՝օգոստոսի մեկին: Էնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է, մենք դեռ նոր-նոր քսան տարեկան ենք, պետք չի մոռանալ, որ աշխարհը 4 միլիարդ տարեկան է, իսկ մարդկությունը՝ ընդամենը 2,5 միլիոն, այսինքն, եթե աշխարհի պատմությունը պատկերացնենք մի օր, ապա մարդկությունը երկու վայրկյան է, ինչ գոյություն ունի: Մի շտապեք մեզ թաղել, մենք դեռ շատ ու շատ երիտասարդ ենք, Սարգիս-Հայաստանի նման ջահել, սիրուն, պայծառ ու խելացի:
Սիրանույշ Պապյան
Նյութի աղբյուր՝ http://avetis-payqar.blogspot.com/2012/08/blog-post_2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



