Աբխազական հասարակության մասով` պետք է նշել, որ ներքաղաքական իրավիճակի լարվածության սաղմերը Աբխազիայում շոշափելի էին դեռ նախորդ տարվանից, երբ երկրում պայմանավորված զուտ ներքաղաքական խնդիրներով պարբերաբար հասարական բողոքի ալիքներ էին բարձրանում: Գաղտիք չէ, որ արտաքին աշխարհի հետ առանձնակի կապ չունեցող աբխազական տնտեսությունը առավելապես գործառնում է ռուսական սուբսիդիաների հաշվին: Համաձայն Միջազգային ճգնաժամային խմբի կողմից հրապարակված 2013 թվականի զեկույցի` աբխազական բյուջեի կեսից ավելին գոյանում է ռուսական պաշտոնական տրանսֆերտներից, գումարած այլ հատկացումները երկրի ենթակառուցվածքների պահպանման համար, գյուղատնտեսությանը տրվող դոտացիաները, կենսաթոշակները:
Արդյունքում այս տարիների ընթացքում Աբխազիայում չեն ձևավորվել կայուն գործառնող տնտեսական ինստիտուտներ: Երկրի համար ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու առումով կարևորություն ներակայացնող զբոսաշրջության ոլորտը ևս, մեղմ ասած, ոչ բարվոք վճակում է` շնորհիվ հնամաշ ու չկատարելագործված ենթակառուցվածքների: Հատկանշական է, որ երկրի տնտեսական վիճակի բարելավման տեսանկյունից վերջին շրջանում մեծ կարևորություն էր տրվում Սոչիի օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների շինարարությանը մասնակցելուց ստացվող միջոցներին, սակայն այս հարցում ևս աբխազական իշխանությունները ձախողվեցին` չկարողանալով ստանալ նախատեսված եկամուտները:
Տնտեսական դժվարությունների ֆոնին հասարակություն մեջ լուրջ դժգոհություններ էին ի հայտ եկել` էլէկտրաէներգիայի և բջջային կապի ծառայությունների գների բարձրացման, էներգացանցերի մասնավորեցման, կոռուպցիայի մեծ չափերի և Կրեմլից ստացվող գումարների ոչ նպատակային բաշխման հետ կապված:
Անկվաբի իշխանությունը լայն քննադատությունների արժանացավ նաև Գալիի շրջանի մեգրել բնակչությանը աբխազական անձնագրեր տրամադրելու պատճառով: Համաձայն պաշտոնական տվյալների` շրջանի բնակչության թիվը մոտավորապես հասնում է 46000-ի, որի կեսը ձեռք է բերել աբխազական անձնագիր: Ըստ էության անորոշ վիճակում գտնվող այս մարդկանց կարգավիճակի հարցը լուծելու Անկվաբի փորձերը հասարակությունը և հատկապես առավել պահպանողական սեգմենտը ընկալեց` որպես ֆինանսական գործարքների գնալու, և ի վերջո` երկրում «հինգերորդ շարասյուն» ձևավորելու իշխանությունների քայլ:
Առհասարակ, Աբխազիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներքաղաքական կյանքին մասնակցության հարցը բավական նուրբ խնդիր է: Տարբեր գնահատականների համաձայն` Աբխազիայում իրականցվում է էթնոքաղաքականություն` այսինքն քաղաքական կյանքին մասնակցության մոդելը իրենից ներկայացնում է մասնակցություն ավելի շուտ էթնիկական հիմքով, քան քաղաքացիության: Սա նշանակում է, որ երկրի բնակչության գրեթե կեսից ավել կազմող ազգային փոքրամասնությունները` հայեր, վրացիներ (մեգրելներ), ռուսներ, գործնականում դուրս են մնացել քաղաքական գործընթացներ նախաձեռնելուց և դրանց վրա առարկայական ազդեցություն ունենալուց:
Հատկանշական է, որ ներկայիս ընդդիմությունը, որի ղեկավար Ռաուլ Հաջիմբան դեռ 2004 թվականից վայելում է Կրեմլի աջակցությունը, ևս ինչ-որ առումով դուրս էր մնացել ներքաղաքական գործընթացներից` հատկապես, երբ 2011 թվականին նույնպես նրան չհաջողվեց գալ իշխանության: Դուրս լինելով քաղաքական պրոցեսներից` ենթադրաբար ընդդիմությունը չուներ նաև հասանելիություն երկրի առանց այն էլ սահմանափակ տնտեսական ռեսուրսներին:
Ուստի օգտագործելով իշխանությունների նկատամամբ երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն դժգոհությունը` աբխազական ընդդիմությանը փաստորեն հաջողվեց հասնել իշխանափոխության: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ ներկա վիճակում պայմանավորված Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներով Մոսկվային սպասվում են տնտեսական դժվարություններ, ապա դժվար չէ ենթադրել, որ նվազելու են նաև Աբխազիային տրվող ֆինանսական հատկացումները:
Հետևաբար` այլ զարգացումներից խուսափելու համար ներկայումս Մոսկվայի համար հավանաբար ամենահարմար տարբերակն էր թույլ տալ իշխանության փոփոխություն: Հատկապես, այն դեպքում, երբ աբխազական հասարակության մեջ հասունացել էր դրա անհրաժեշտությունը, առկա է իրական ժողովրդական դժգոհություն, որի վառ վկայությունը Սուխումիում վերջին օրերին տեղի ունեցած բազմահազարանոց ցույցներն էին, ինչը Աբխազիայի նման փոքր երկրի դեպքում ծանրակշիռ գործոն կարելի է համարել:
Կից նյութը կարդացեք այստեղ: