Tert.am-ը գրում է.
Նախիջևանը միշտ էլ որպես երկրորդ ճակատ գոյություն է ունեցել և վտանգ է ներկայացրել երկու հայկական պետությունների համար: Այդ իսկ պատճառով սահմանի այս ուղղությանը մշտապես մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանի պաշտանության նախարարության կողմից: Սակայն կա մեկ այլ գործոն՝ այն, որ Նախիջևանը շատ մոտ է Երևանին ու Հայաստանի կենտրոնական՝ ամենախիտ բնակեցված մարզերին, ու այս ուղղությունից սադրանքների դիմելով՝ Ադրբեջանը փորձում է լարվածության մեջ պահել Հայաստանի գրեթե ողջ բնակչությանը:
Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համաձայնելով «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանի այն հայտարարությանը, որ Նախիջևանով թուրքերն ու ազերիները փորձում են «կիսել» հայկական զինուժը:
«Բայց մենք էլ փորձում ենք այնպիսի հավասարակշռություն պահպանել, որ թույլ չտանք ադրբեջանցիներին՝ այստեղ բացել պատերազմական գործողությունների դեպքում երկրորդ ճակատը»,- ավելացրեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր երկու պայմանագրային զինծառայող:
Քաղաքագետը առանձնացրեց նաև նախիջևանյան ուղղությունում Ադրբեջանի ակտիվության երկու այլ կարևոր հանգամանք: «Առաջինն այն է, որ Նախիջևանը Հայաստանի մայրաքաղաքին աշխարհագրորեն ամենամոտ գտնվող, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքն է: Եվ փաստացի այդ կողմից նման սադրանքներ իրականացնելով՝ Ադրբեջանը փորձում է լարվածության մեջ պահել Հայաստանի ողջ բնակչությանը՝ սպառնալով նաև մայրաքաղաք Երևանին»,- ասաց Հրանտ Մելիք-Շանհազարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Նախիջևանում հատվում է ո´չ միայն հայ-ադրբեջանական սահմանը, այլև՝ տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող պետությունների՝ Իրանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը: «Ըստ այդմ, սադրանքների դիմելով Նախիջևանում՝ Ադրբեջանը, փաստորեն, փորձում է լարվածություն ստեղծել ողջ տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը ներքաշելով նաև Թուրքիային և Իրանին», - վստահ է Մելիք-Շահնազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



