Լյուբիկ Չիբուխչյանը Իլհամ Ալիեւին դիմելուց առաջ բաց նամակ է հղել Սերժ ՍարգսյանինՔիչ առաջ կարդացի իջևանցի բանաստեղծ, Տավուշի մարզպետի երկարամյա խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի երկարաշունչ նամակը, որտեղ ակնարկում է, որ մտադիր է դիմել Իլհամ Ալիևին՝ ստանալու քաղաքական ապաստան: «Հայաստանում միայն մի ամոթ կա, այն էլ ինձ մոտ է, ու ես ամաչում եմ, որ ձեր ազգակիցն եմ: Հիմա պատրաստվում եմ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրել, երբ թշնամուս մոտ էլ մի քանի կամեցող կճարվի»:

Լյուբիկը, որը հայտնի է որպես Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարներին նվիրված երկարաշունչ ձոների հեղինակ, թերևս, կորցրել է իրականության զգացումը. նա երկար տարիներ վայելել է իշխանությունների առատաձեռնությունը և լռելյայն կատարել պալատական ծաղրածուի իր դերը: Ինչու Լյուբիկը իր հանդեպ քաղաքական հետապնդումներ չէր տեսնում այնքան ժամանակ, մինչև Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը որոշեց ազատվել ծաղրածուի այդ տեսակից և պահանջեց դիմում գրել: Լյուբիկը հայտարարում է, որ տարիներ շարունակ իր հանդեպ Սերժ Սարգսյանն ու մյուսները անարդար են եղել. իսկ ինչու այդ մասին չէր բարձրաձայնում՝ նրան ու Պուտինին ձոնված իր երկարաշունչ ներբողներում:

Այժմ որոշել է դիմել Ալիևին՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Թող դիմի, ինքը ամբողջ կյանքում նախապատրաստել է իր ադրբեջանաֆիկացումը: Նա այն հայտնի պալատական բանաստեղծն է, ով գրել է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված «Էլնարա» գիրքը, ով երգում է «Ա բլբուլ» երգը:

Երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:

Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել; Ու այդ մարդը երկար տարիներ Տավուշի մարզպետի խորհրդականն էր, վայելում էր իշխանությունների բարեհաճությունը, և հավանաբար չէին համարձակվում նրա խաթրին կպչել, քանի որ Սերժ Սարգսյանին ու Պուտինին ներբողներ էր ձոնել:

Այժմ ազատվել է և բարձրաձայնում է, որ իր նկատմամբ անարդար են եղել: Սակայն անարդարության դեմ պայքարելու փոխարեն նա գիրք է ձոնել Սերժ Սարգսյանին, Արցախի նախագահին և մյուսներին: Արհամարհանքի է արժանի այն մարդը, որ հանուն իր պաշտոնի համակերպվում է ամեն այլանդակության հետ:

Իսկ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Լյուբիկի քայլից պետք չէ վրդովվել: Թող գնա իր երազանքների երկիրը: Իլհամն ու Գյուլնարան թող խաղաղություն բերեն նրա խռովյալ հոգուն: Նա այստեղ ևս հոգով ադրբեջանցի է, պետք չէ զոռով պահել այստեղ...

Եվ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարզ ասում եմ՝ ապրի Աբովյան Հովիկը, որ ձերբազատվեց պալատական այս ծաղրածուից: Հուսով եմ՝ չի մոռացել նրա հետ ճանապարհել Պուտինին, Սերժ Սարգսյանին և մյուսներին ձոնված երկարաշունչ և տափակ ոտանավորները:

Թող գնա հիմա էլ Ալիևին գրքեր ձոնի: Հեյդարին նվիրված ներբողները, ասում են, լավ են վարձատրվում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել