Երեկ լրացավ Տյան Ան Մին հրապարակում տեղի ունեցած «Մայդանի» ճզման 25-ամյակը, ու այս ընթացքում այնքան բան է տեղի ունեցել աշխարհում ու Չինաստանում, որ կարելի է բազմաթիվ համեմատական եզրույթներ անցկացնելով, գալ այն պարզ եզրակացությանը, որ Չինաստանի իշխանությունների ձեռնարկած կոշտ գործողությունները միակ ճիշտն էին:

Ի՞նչ խոսք, ցավալի է, որ խառնակիչների ու դիսիդենտների ձեռքով քչփորված ջահելությունից 250-1500 հոգի մարդ զոհվեց, բայց դա այն գինն էր, որը պետք էր վճարել, որպեսզի չարժանանալ ԽՍՀՄ-ի ու բոլոր այն երկրների ճակատագրին, ովքեր այս տարիների ընթացքում չկարողացան կանխարգելել կառավարվող հեղափոխությունների ներդրումն իրենց մոտ:

Վերցնենք նույն ԽՍՀՄ-ի օրինակը: Եթե հաշվենք միայն հետխորհրդային հանրապետություններում փլուզումից հետո սկսված տարբեր պատերազմներում զոհվածների թիվը, ապա գործ ունենք մարդկային մոտ միլիոն կյանքի հետ, էլ չասեմ տնտեսական ու հոգեբանական կորուստների մասին: Վստահաբար կարելի է ասել, որ Չինաստանին էլ լուսավոր ճակատագիր չէր սպասվում Տյան Ան Մինի հաղթանակի դեպքում: Գուցե երկիրը չտրոհվեր մի քանի մասերի, բայց այն նորից կվերադառնար կիսագաղութացված կարգավիճակի ու էլի աշխարհի հզորները կսկսեին խմբակային աշխարհաքաղաքական բռնաբարությունը՝ Օպիումային պատերազմներով ու Նանկինի ջարդերով:

Ամենահատկանշականը, սակայն, հենց չին հասարակության վերաբերմունքն է: Եթե 1989-ին հաջորդած տարիներին Դեն Սյաոպինին մեղադրում էին՝ ասելով «նա սպանեց մեր երեխաներին», ապա ԽՍՀՄ ու Հարավսլավիայի փլուզումից ու Չինաստանի տնտեսական թռիչքային վերելքից հետո չին հասարակությունը արեց այն, ինչ շատ հատուկ է հենց իրենց քաղաքակրթությանը՝ սթափ գնահատեց իրավիճակը ու համակերպվեց, որ Տյան Ան Մինը տանկերով ցրելը ոչ թե չմոտիվացված բռնապետական դաժանության դրսևորում էր, այլ անհրաժեշտ քայլ, իսկ այդ մի քանի հարյուր հոգու արյունը՝ անհրաժեշտ գին, որով վճարվեց հետագա բարեկեցության, զարգացման ու բազմամիլիոնանոց կյանքերի փրկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել