1in.am-ը գրում է.
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունները մարզերում կանցկացվեն 24 քննական կենտրոններում՝ 2-ական կենտրոն կա Արագածոտնի , Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և 3-ական՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում: «Ընդհանուր թվով մարզերում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնի շուրջ 4500 դիմորդ, որից 350-ը՝ Արագածոտնից, 470-ը՝ Արարատից, 570-ը՝ Արմավիրից, 590-ը՝ Գեղարքունիքից, 610-ը՝ Լոռու մարզից, 550-ը՝ Կոտայքից, 580-ը՝ Շիրակից, 420-ը՝ Սյունիքից, 160-ը՝ Վայոց Ձորից և 388-ը՝ Տավուշից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը՝ հավելելով, որ մարզերի քննական կենտրոնները ևս համապատասխանորեն հարդարված են, արձանագրությունները կազմված են: Դիմորդները քննությունից հետո դուրս են գալու պատճենահանված ձևաթղթերով, իսկ 1 ժամ անց նրանք կարող են իրենց աշխատանքները ստուգել ԳԹԿ atc.am կայքում տեղադրված թեստերի պատասխաններով:
Հիշեցնենք՝ հունիսի 3-ին հանրապետությունում անցկացվեցին «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունները, որին մասնակցեց շուրջ 1800 դիմորդ: «Քննությունների անցկացման ժամանակ ոչ մի միջադեպ, խախտում չի եղել, տեխնիկական մասով ևս բողոք չի եղել, քննություններն անցել են հանդարտ, քննասենյակներից դիմորդներ չեն հեռացվել»,- նշեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը: