«Ոսկին ավելի շատ հոգիներ է սպանել,քան երկաթը մարմիններ»
Վ.Սկոտտ
Ես
Դողացող մատներդ համր չեն,զրուցում են մարմնիս հետ,պատմում,որ ինչ որ մի տեղ իրար սիրո խոսքեր են շշնջում տղան ու բարդին:
Որ ինչ որ մի տեղ երկու սևազգեստ կին ծաղիկ են դնում իրենց հիշողության գերեզմանին:
Դողացող մատներդ ամուր են ու փորփրում են իմ հող-մարմինը անցյալիս հուշերն իմանալու բուռն համառությամբ:
Դողացող մատներդ այնքան երկար են,որ կարողանում են իմ անցյալի մութ քարանձավից հանել ու զոհասեղանին շպրտել իմ նախկին Սերը…
Դողացող մատներդ հասան շուրթերիս..
- Ասա որ սիրում ես,ասա:.
- Լավ էլի,ես քեզ այդ մաշված բառերի փոխարեն ասում եմ “Դու ինձ պետք ես”:
- Չէ,ասա որ սիրում ես:
Սեղմված ատամներս չեն թողնում լեզվիս ասել որ ոչ թե սիրում եմ,այլ խենթանում:
- Դու ինձ պետք ես,հասկացիր..
Բառեր:
Ա~խ բառեր:
Մի անգամ իմիջիայլոց ասացի,որ սիրում եմ, երբ կինը տանը տղամարդու վերնաշապիկով է լինում – համարյա կիսամերկ:
…Զարմացա երբ հաջորդ անգամ ինձ ընդունեցիր այդ տեսքով:
Հետո կարծես ինչ որ բան սիրտս սեղմեց ու խանդը կարճ տարածության ելած մարզիկի արագությամբ անցավ ողջ մարմնովս:
Ու՞մ վերնաշապիկն էր,չգիտեի:
Բառեր:
Ա~խ բառեր:
Ես ուղղակի չէի ասել,որ սիրում եմ երբ ԻՄ վերնաշապիկով են լինում:
* * *
- Փող է պետք,մեծ,շատ մեծ գումար,այսօր վերջին օրն է, եթե վաղը չտամ…
- Նորից խաղացե՞լ ես,չէ՞ որ ես ոչինչ չունեմ քեզ տալու:Ամբողջ ոսկեղենս էլ կորավ…է~խ:
Դու
Մատներս հասան շուրթերիդ:
Երբ նայում եմ քեզ,ուզում եմ որ այդ Ժամանակ կոչվածը կոտրի իր ոտքերը ու էլ չկարողա շարժվել:
Որ ես քեզ նայեմ երկար-երկար:
Պետք եմ քեզ – միգուցե լավ է ասված,իսկ դու,դու պե՞տք ես ինձ …
Դու անհրաժեշտություն ես,որ նայես ինձ քո կապույտ աչքերով և ես զգամ որ անիմաստ չէ իմ գոյությունը,որ ինձ սիրում են:
Սիրու~մ:
Հետո՞ ինչ որ կին ունես:
Ես ինձ երբեք սիրուհի չեմ զգացել:
Հետո ի՞նչ որ քո վերնաշապիկով չեմ,ես եմ գնել քո համար:
Իսկ դու, անցյալ անգամ նեղացար ու հեռացար:
Հեռացար իմ կյանքից ջնջելով անմոռանալի թվացող օրեր:
Ժամանակը չի մահանում,եթե մահանար դու անընդհատ չէիր նայի իմ պատի ժամացույցին (վաղն անպայման կգցեմ աղբարկղը):
* * *
Հեռացար և քո հետ տարար նաև իմ մի քանի զարդեղենը,ես այդ գիշեր երկար արտասվեցի հասկանալով,որ մեր միջև բացի կնոջիցդ ավելացավ մի նոր պատնեշ,մի չեղած ավարտ,մի ետ մղված ձեռք:
Նա
Ժամանակը չի մահանում,եթե մահանար ես կունենայի իմ նախկին աջկական տեսքը,որ ինձ սիրեիր առաջվա նման:
Որ տարին մեկ անգամ մարտի 8-ին բերած ծաղիկները չլինեին պարտադրված ու իմ եփած սուրճին անտրամադիր ժամանակ անուն չկպցնեիր:
Մազերս անխնամ են,մտքերիս նման:
Մտքերս էլ անկապ թռչկոտում են ոստայնում հուշերիս .<Ինչու Աստված ինձ զրկեց երեխա ունենալու հաճույքից>:
Մի՞թե չես հասկանում որ կին եմ ու անսխալ զգում եմ մի այլ կնոջ գոյությունը:
Իսկ ես սիրում եմ,գուցե և ավելի ուժգին քան այն ուսանողական տարիներին:
Այսօր պատահմամբ կոտրեցի հայելին,իմ միակ մխիթարանքը,որի հետ խոսում էի այնպես կարծես թե քո հետ տարիներ առաջ:
Հիմա քեզնով բերնեբերան լցված սիրտս ցավում է:
Ի՞նչ պատահեց քեզ,այդպես էլ չհասկացա::
- Սիրտս մի տեսակ է,այսօր չգոռգոռաս,լավ :
- Ինչու՞ չես գնում բժշկի,գնա, ես կտամ փողը…
Մի՞թե կան բժիշկներ, որ կարողանում են բուժել կարոտը,լքված ու արհամարված լինելը,ոտնահարված զգացմունքները …- չկան :
* * *
Այսօր կարողացա համոզել մորս,որ իր տատիկի հիշատակ ադամանդներով մատանին ինձ տա:
Համոզեցի լաց լինելով, և ստացվեց այն ինչ չէր ստացվել 28 տարիների ընթացքում:
Նա
- Վերցրու,սա շատ թանկարժեք է,միգուցե վերջապես հասկանաս որ գլորվում ես,ախր այդպես չի կարելի…դու միշտ նման խաղերին դեմ ես եղել..
- Ծանոթ զարդ է,ինչպե՞ս համոզեցիր մորդ:
- Ինքը տվեց,չես լսում ինչ եմ ասում:
- Լավ էլի վերջացրու,դու չես հասկանում:
* * *
Հասկացիր ինքդ,թե ինչ կզգաս դու ման գալով դստերդ կամ էլ քո որդուն,որ քո մարմնից սռեղծված հրաշքին,ձեռքդ երկարես`չլինի կողքիդ:
Դու
- Տա±նն ես,գալիս եմ,դուռը բաց արա:Վերնաշապիկով կլինես:
- Այսօր այնքան էլ հարմար չէ,մի նեղացիր լա՞վ ,միգուցե վաղը կամ…
- Ի՞նչ է տեսախցիկներ ես շարել սենյակում,դե լավ կատակում եմ,ուզում էի վերադարձնել ոսկեղենդ,գրավատնից եմ հանել:
- Լավ էլի վերջացրու,դու չես հասկանում:
* * *
Հասկացիր,որ կյանքս մի մեղեդի էր քնքուշ ու չքնաղ, կյանքս - պատմություն մի տխուր սիրո,
Ու ձևափոխվեց կյանքս մեկ օրում, սերս էլ դարձավ է մի երգ ծղրիդի:
Եվ ծղրիդների խմբավարը ծեր,իր խմբավարի զույգ փայտիկներով,իմ չքնաղ երգը սարքում է գիշեր..
Ու ծղրիդներն են երգում գիշերով:
Ես
- Բժիշկ, ճարել եմ գումարը,ահա,ինչքան որ ասել էիք:Միայն չասեք որ արդեն ուշացել եմ:
- Չէ,իսկը ժամանակին, իսկ փոքրիկն իրեն երկու օր է լավ է զգում,ձեզ էր սպասում:
Հա այդպես էլ չասացիք,դուք նրա ի՞նչն եք:
- Չգիտեմ, Ինտերնետով էի կարդացել,որ փոքրիկ Մանեին անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում:
Բժիշկը Բժիշկ էր ու չզարմացավ,վերցրեց փողն ու հեռացավ ժպտալով:
* * *
Վերցրած իմ սիրո հիշողությունները,իջնում եմ Նար-Դոս փողոցով,այնտեղ ասում են լավ դագաղներ են պատրաստում,կգտնեմ մեկին ու..
- Կարո՞ղ ես երկու տեղանոց…
Ով տապանագործ,ինչու՞ զարմացար, պատրաստիր ԵՐԿՏԵՂ տապան ինձ համար,
որ այն աշխարհում ձեռքս երկարեմ, կողքս ինչպես միշտ չլինի դատարկ:
2012 մի երանելի տարի որտեղ ճչում եմ ողջ աշխարհով մեկ,
Որ կաք, շնչում եք, տողերս եք կարդում,որ Ձեզ նվիրված սիրո տողերս
Ծղրիդների մոտ երգեր են դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել