Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։
Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։
Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:
Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, և որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։
Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։