Մարդիկ գալիս են, անցնում են, գնում են, գնում,
Իսկ մենք մնում ենք կանգնած այստեղ`մեր տեղում,
Կյանքի գծած շրջանի ուղիղ կենտրոնում,
Երևակայություն ու երազանքի, իրականության հենց սահմանին
Նայելով անվերջ հեռու աշխարհին,
Ու մարդկանց, ովքեր կամաց-կամաց անցնում են գնում
Մեր կյանքի կողքով, գծված շրջանի երևակայության:
Դեպքերը գալիս են, անցնում են, գնում են, գնում,
Դառնում են ոչինչ, ծնված աղմուկից, մարդկային ձայնից,
Անհետանում են մեզանից հետո, երևույթները անվերջ փոխվում են,
Մեկը դառնում է ուրիշ, ուրիշը վերանում է օդում կախված
Թողնելով մեր հարցերը, որոնք այդպես էլ պատասխան չեն գտնում,
Երևույթները դառնում են թիթեռ, դառնում են փոքրիկ երազի թևեր,
Եվ թռչում են մեր կողքով՝ թողնելով մեզ այստեղ՝ կանգնած այս շրջանում:
Երազանքները գալիս են, անցնում են, գնում են, գնում,
Հեքիաթ են դառնում, ոչ իրականություն, ոչ երևույթ,
Անցնում են աներևույթ ու անտես , ինչպես փոքրիկ աստղը տիեզերքի կենտրոնում,
Գծված ինչ-որ մեկի կողմից մի օր հեռվում, երբ ոչ մի աստղ չկար…
Մատիտով, ինչպես մի փոքրիկ երազանք, ինչ-որ մեկի
Ինչ-որ մեկի իմաստ, հույս, իրականություն, հեռվում,
Տիեզերքի խորքում, անվերջ, անիմաստ ու երկար շղթա,
Դեպի աստղը, որը նկարվել է հենց քեզ համար…
Ծաղիկները դաշտում ծնվում են, ապրում, ապա տխուր մահանում են,
Իրենց հետևից թողնում են միայն լուռ հիշողություն,
Ինչպես մթության սրտում գծված փոքրիկ լույսի այն ճառագայթը,
Ինչպես այն պատահական ծնված ու ապրած քո զգացմունքը,
Ինչպես վերացած երազանքները, փոշի դարձած քո նպատակները, իրականության քո նուրբ պատկերացումներն ու հենց դու…
Ոչինչ չի թողնում իրենից հետո…
Անցնում է , գնում իր հիշողությունը հավերժ թողնելով,
Սրտում տիեզերքի:



