Սերը հիասքանչ զգացմունք է: Դարեր շարունակ մտավորականները փորձել են սահմանել, թե ինչպիսին է սերը, սակայն նրանցից և ոչ մեկին չի հաջողվել իրենց ստեղծագործություններում արտացոլել սիրո ողջ գեղեցկությունը: Սերը խոսքերով չես բնութագրի. այն պետք զգալ: Ստորև ներկայացված են բոլոր ժամանակների 30 ամենագեղեցիկ սիրային ասույթները, որոնցում փորձ է արվում բնորոշել այս զարմանահրաշ զգացմունքը:

1. Որտեղ սեր, այնտեղ էլ կյանք: Մահաթմա Գանդի

Սերն ու կյանքն անքակտելիորեն միահյուսված են: Սերը նոր իմաստ է հաղորդում կյանքին: Առանց սիրո կյանքն աննպատակ ու միապաղաղ է: Հենց դրա համար էլ կարևոր է յուրաքանչյուր նոր օրը լցնել սիրով:

2. Ծաղիկը չի կարող ծաղկել առանց արևի, իսկ մարդ չի կարող ապրել առանց սիրո: Մաքս Մյուլլեր

Սերը մարդկանց համար նույնքան կարևոր է, որքան արևը ծաղկի համար: Այն նպաստում է մեր հոգևոր աճին ու զարգացմանը: Սիրուց զրկված մարդը չի կարող առավելագույնս դրսևորել իր ներուժը: Կան բազում օրինակներ, երբ մարդ չի կարողանում հասնել այն ամենին, ինչին ընդունակ է սոսկ այն պատճառով, որ զրկված է սիրուց: Անձի այսօրինակ ձախողումը ողբերգական է, սակայն այս օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող գոյատևել առանց սիրո:

3. Սիրել նշանակում է ուրիշի մեջ ճանաչել ինքդ քեզ: Էքհարթ Թոլե

Մի իմաստուն ժամանակին գրել է. «Սերը սեփական արժանիքների արտացոլումն է ուրիշի մեջ»: Հետաքրքիր է մտածել, որ այն գծերը, որ մենք սիրում ենք ուրիշի մեջ, հենց այն գծերն են, որ մենք ինքներս ունենք կամ գոնե կցանկանայինք ունենալ: Այն մարդը, որ սիրում է Ձեզ, որոշակի չափով իր իսկ եսն է տեսնում Ձեր մեջ:

4. Իսկական սիրո պատմությունները երբեք ավարտ չեն ունենում: Ռիչարդ Բախ

Իսկական սերը երբեք չի մարում: Այն չի կարող երջանիկ ավարտ կամ տխուր ավարտ ունենալ. այն առհասարակ ավարտ չունի: Այն դիմակայում է բոլոր փորձություններին և տևում մի ողջ հավիտենություն: Սերը կարող է դարեր շարունակ անմար մնալ: Սերը հօդս չի ցնդում անգամ մեր մահից հետո: Մենք ոչ միայն մարմնով, այլև ողջ հոգով ենք սիրում: Ահա թե ինչու ֆիզիկական կյանքի ավարտը չի ազդարարում սիրո ավարտը: Սիրո մասին շատ են գրում հեքիաթներում, սակայն այն իրական է: Այն թակում է բոլորի դուռը, պարզապես պետք է լսել այդ թակոցն ու ժամանակին բացել Ձեր սրտի դուռը:

5. Սերը մի այնպիսի հոգեվիճակ է բերում, երբ մեկ այլ մարդու երջանկությունը առանցքային է քո սեփական երջանկության համար: Ռոբերտ Հայնլայն

Մենք բոլորս ցանկանում ենք երջանիկ լինել և մեր անձնական երջանկությունը շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար: Երբ գիտակցում ես, որ դիմացինիդ ավելի շատ ես երջանկություն ցանկանում, քան անգամ ինքդ քեզ, քեզ համար բացահայտում ես, որ անկեղծորեն սիրում ես նրան: Շատերն ասում են, որ սա դեմ է ինքնապաշտպանական բնազդին, սակայն իրականում հենց սա է սիրո հիմնաքարը: Այսպիսի անձնվիրությամբ աչքի է ընկնում ոչ միայն ռոմանտիկ սերը, այլև ծնողական և ընկերական սերը:

6. Ես շատ եմ ցանկանում ջերմ ու պայծառ լույս լինել, որը ճառագում է այն բոլոր մարդկանց վրա, ում ես սիրում եմ: Քոնոր Օբրեսթ

Մեր սերն ասես պայծառ լույս լինի, որ փայլ է հաղորդում այն բոլորի կյանքին, ում մենք սիրում ենք: Բոլորը չէ, որ կընդունեն մեր սիրո ճառագայթները. կան մարդիկ, ովքեր ընդունակ չեն փոխադարձ սիրո, սակայն դա արդեն նրանց խնդիրն է: Կարևորն այն է, որ մենք վառ պահենք սերը մեր սրտում:

7. Սերն իր բնույթով ոգեղեն կրակ է: Սենեկա

Հոգին հավերժական է, ճիշտ այնպես ինչպես և սերը: Եթե սիրահարվում եք ինչ-որ մեկին, փորձեք ողջ հոգով սիրել նրան:

8. Ցանկացած կենդանի արարած տենչում է սիրել: Դ. Հ. Լոուրենս

Ցանկացած արարած՝ անկախ սեռից, տարիքից ու ազգությունից, սեր է որոնում: Մենք սեր ենք տածում մարդկանց, կենդանիների ու բնության հանդեպ: Մենք կարող ենք դրական էներգիա ստանալ մեր  ընտանի կենդանիների հետ շփումից, մենք կարող են մղոններ անցնել անտառներով ու զգալ վայրի կենդանիներից ու բույսերից բխող սերն ու էներգիան:

9. Ամեն ինչ իմաստավորվում է սոսկ այն ժամանակ, երբ սկսում ես սիրել ինչ-որ մեկին: Էդվարդ Էսթլի Քամինգս 

Առանց սիրո աշխարհը կարող է գորշ ու միապաղաղ թվալ: Սերն է գունավորում ու իմաստավորում մեր կյանքը: Սերն այնքան իմաստնալից զգացմունք է, որ ուժ է տալիս անիմաստ վեճերը հարթելու ու բոլոր արգելքները հաղթահարելու համար: Երբ մտածում ես սիրելիիդ մասին, համակվում ես հանգստության ու թեթևության զգացումով:

10. Սիրո համար ոչ մի բուժում չկա: Սերը բուժվում է միայն ավելի շատ սիրելով: Հենրի Դեյվիդ Թորո 

Եթե սերը խոցել է Ձեր հոգին, մի՛ հիասթափվեք սիրուց: Շարունակեք ավելի բուռն սիրել, միայն թե արժանավոր մարդու: Սերը երբեմն կարող է խոցել, սակայն սիրո վերքերը բուժելու լավագույն սպեղանին ավելի ուժգին սերն է: Սերը հզոր ուժ է: Այդպիսի հզորությամբ օժտված ցանկացած բան կարող է ցավ առաջացնել, սակայն պետք չէ վախենալ այդ ցավից: Այդ ցավը կանցնի ուժգին սիրո շնորհիվ: Սիրե՛ք ինքներդ Ձեզ, սիրե՛ք Ձեր ընտանիքին և մի՛ վախեցեք կրկին սիրահարվել:

11. Ժամանակի ուժը սիրո վրա չի պատում: Սերը միակ բանն է, որ ժամանակից վեր է: Ջիենիեն Ֆրոսթ    

Սերն ու ժամանակը միմյանցից անկախ են: Սիրո բուռն ընթացքը շարունակվում է անկախ ժամանակից: Սերը չի ենթարկվում այն նույն կանոններին, ինչ հասարակ մահկանացուները: Իսկական սերն անանց է:

12. Սերը հյուսվում է հարյուրավոր թելերից: Դևիդ Լևիթման

Այս ասույթում ընդգծված է, թե որքան բարդ բան է սերը: Սերը համեմատվում է հարյուրավոր թելերից հյուսված գործվածքի հետ: Դևիդ Լևիթմանը ցույց է տալիս սիրո անատոմիան՝ նշելով, որ սերն ինքն իրեն է հյուսվում տարբեր թելերից, այսինքն՝ այն առաջանում ու զարգանում է անկախ մեզնից: Սերը հոսում է հավերժության գետերով:  Պարզ չէ, թե արդյոք սիրո թելերը տարբեր մարդկանց ընդհանուր փորձառություններն են, թե մի շարք էմոցիաները: Ցանկացած ոք կարող է յուրովի ընկալել ու մեկնաբանել այս ասույթը:

13. Երբ ինչ-որ մեկը խորապես սիրում է քեզ, դա քեզ ուժ է տալիս, իսկ երբ դու ես որևէ մեկին սիրում, դա քեզ խիզախություն է տալիս: Լաո Ցզի 

Խիզախ լինելու համար ուժ է հարկավոր, իսկ ուժեղ լինելու համար՝ խիզախություն, ուստի ուժն ու խիզախությունը փոխկապակցված են: Երբ գիտես, որ սիրո խոստովանությանդ սիրելիդ փոխադարձ սիրով է արձագանքելու, դա քեզ խիզախություն ու ինքնավստահություն է հաղորդում: 

14. Սերը կյանքի գետ է: Հենրի Վորդ Բիչեր 

Հրաշալի է մտածել, որ սերը գետ է, այն էլ կյանքի գետ: Սերն աշխարհի շարժիչ ուժն է, որի շնորհիվ ամեն օր նոր կյանք է սկիզբ առնում: Սերն է կյանքով լցնում ամեն ինչ: Սիրո գետը հոսում է անգամ ամենահեռավոր վայրերով՝ կենդանություն ու կենսական էներգիա հաղորդելով ամեն ինչին:

15. Կյանքն այն ծաղիկն է, որի համար սերը մեղր է: Վիկտոր Հյուգո

Սերն ու բնությունն անքակտելիորեն փոխկապակցված են: Սերը քաղցրացնում է կյանքը: Այս գեղեցիկ ասույթում միայն մի բան է անհասկանալի. ու՞մ հհետ է հեղինակը համեմատում մեղուներին: Գուցե հենց մենք ենք մեղրատու մեղուները և մենք մեզ տրված կյանքը քաղցրացնում ենք սիրով:

16. Առանց սիրո անցկացրած յուրաքանչյուր րոպեն վատնված է: Տորկվատո Տասսո

Մարդ պետք է ողջ ժամանակ զբաղվի իր սիրած գործով և շփվի իր սիրած մարդկանց հետ:  Եթե Ձեր աշխատանքը Ձեր սրտով չէ, Դուք պետք է փորձեք այնպիսի մի աշխատանք գտնել, որից հաճույք կստանաք: Այդ ժամանակ դա կդադարի Ձեզ համար սոսկ աշխատանք լինելուց, այլ կլինի սիրած զբաղմունք: Եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Դուք Ձեր սիրած բանով չեք կարող զբաղվել, փորձեք գոնե Ձեր մտքում պահել ձեր սիրած բաները, որպեսզի անգամ չսիրած աշխատանը տհաճությամբ չկատարեք:

17. Կյանքը խաղ է բոլորի համար, իսկ սերն այդ խաղի մրցանակն է: Թիմ Բերգլինգ

Սերը մեծագույն պարգև է, սակայն այդ պարգևը միայն մի քանի ընտրյալի չի բաժին հասնում:  Մենք բոլորս էլ կարող ենք սեր ապրել, եթե պատրաստակամ լինենք բացել մեր սրտի դռները մեծ սիրո առաջ:

18. Սիրո վերքերը սերն էլ բուժում է: Հենրի Ռոլինս

Ճիշտ է, որ սերը կարող է սպիեր թողնել, սակայն նույնքան ճիշտ է, որ սերը կարող է նաև բուժել դրանք: Սերը խնդիր չէ, սերը խնդիրների լուծումն է: Եթե մի անգամ վառվել եք սիրուց, պետք չէ վախենալ նոր սպիեր ստանալու վտանգից: Սերը կարող է խոցել, սակայն այն նաև բուժիչ նշանակություն ունի:

19. Սերը կերկերուն երջանկություն է: Խալիլ Ջուբրան

Դժվար թե որևէ մեկը երջանիկ լինի առանց սիրո: Սերն իր հետ երջանկություն է բերում:  Սերը հստակորեն բնորոշելն այնքան դժվար է, որ որքան էլ մտավորականները գլուխ կոտրեն, չեն կարողանա հստակ ձևակերպում գտնել: Սիրո լավագույն բնորոշումներն անգամ թերի են, քանի որ սերն այնպիսի զգացմունք է, որըբառերով չես նկարագրի: 

20. Սերը հոգատարության, նվիրվածության, գիտելիքի, պատասխանատվության, հարգանքի ու վստահության համակցությունն է: Բել Հուքս 

Այս ասույթի հեղինակը թվարկում է սիրո ամենակարևոր բաղկացուցիչները: Սերը հոգատարության, նվիրվածության, գիտելիքի, պատասխանատվության, հարգանքի ու վստահության արմատն է, ինչպես նաև աշխարհիս բոլոր դրական  բաների արմատը:

21. Առանց սիրո մարդ նման է թևաբեկ թռչնի: Միչ Ալբոմ

Սերը մեզ թևեր է տալիս և օգնում ճախրել: Թևաբեկ թռչունը զրկված է իր ամենակարևոր կարողությունից: Այնուամենայնիվ, թռչունը կարող է մի կերպ գոյատևել կոտրված թևերով, սակայն մարդը չի կարող գոյատևել առանց սիրո:   

22. Ես քեզ սիրում եմ ոչ միայն նրա համար, թե դու ով ես, այլև նրա համար, թե ով եմ ես քո կողքին: Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ  

Դուք կարող եք սիրել դիմացինին ոչ միայն նրա դրական հատկանիշների, այլև Ձեր դրական հատկանիշները բացահայտելու կարողության համար: Գիտնականները սերը կապում են բազմաբնույթ քիմիական ռեակցիաների և էլեկտրական իմպուլսների հետ, սակայն իրականում նրանք չեն կարող բացատրել, թե սերն ինչ է: Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է սերը ի դերև հանում մեր բոլոր դրական գծերը: Մենք հաճախ ենք լսում «Ես քո կողքին ինձ թագուհի եմ զգում» արտահայտությունը: Կան մարդիկ, որոնք այնքան են մեզ գնահատում, որ նրանց կողքին մեր ինքնագնահատականը բարձրանում է:

23. Սիրո ուժով մեր երկուսի սրտերը կարող են ողջ աշխարհը լուսավորել: Սըր Քրիստիան Գոլդմունդ Աուման  

Երբ դուք սիրում եք իրար փոխադարձ սիրով, ձեզ մոտ այնպիսի զգացողություն է լինում, ասես դուք կարող եք լուսավորել ողջ աշխարհը: Սոսկ համբույրները դեռևս բավական չեն, որպեսզի ձեզ մոտ նման զգացողություն լինի: Դրա համար հարկավոր են իսկական էմոցիաներ, որոնք  ամրապնդում են հարաբերությունները: Մի սիրող սիրտն էլ կարող է լուսավորել աշխարհը, սակայն այդ լույսը թույլ կլինի, մինչդեռ երկու սիրող սրտերը կարող են շատ ավելի պայծառ լույս սփռել աշխարհում:

24. Հարստությունն ու սերը բարեհաճ են գտնվում խիզախների հանդեպ: Օվիդիուս

Սիրելու համար խիզախություն է պետք, քանի որ սիրո ճանապարհը միշտ չէ, որ հարթ է լինում: Դուք պետք է պատրաստակամ լինեք դիմակայելու սիրո հարվածներին: Եթե Դուք Ձեր մեջ գտնեք այդ խիզախությունը, Դուք կպարգևատրվեք երջանիկ սիրով: Ապրեք Ձեր կյանքը տիրապետելով Ձեր վախերին, իսկ եթե վախերը տիրեն Ձեզ, Դուք չեք կարողանա վայելել սերն իր ողջ գեղեցկությամբ:

25. Սիրում ես ոչ թե այն մարդուն, ում հետ կարող ես ապրել, այլ այն մարդուն, առանց որի չես կարող ապրել: Ռաֆայել Օրտիզ 

Դուք կարող եք համակերպվել ինչ-որ մեկին ու ստիպված ապրել նրա հետ, սակայն եթե սիրում ես մարդուն, կյանքդ չես կարողանում պատկերացնել առանց նրա: Բնական է, որ սիրահարված ժամանակ Ձեզ մոտ այնպիսի զգացողություն լինի, որ Դուք չեք կարող ապրել առանց Ձեր սիրած էակի: Այդ զգացողությունը սիրո անբաժան մասն է կազմում: Ամեն ինչ միանգամից չի կատարվում: Ժամանակի ընթացքում սերը խորանում է, և դու գնալով ավելի ու ավելի շատ ես կապվում սիրելիիդ հետ:

26. Մենք սիրուց ենք ծնվում: Սերը մեր մայրն է: Ռումի 

Սիրո էներգիան է մեզ կյանք պարգևում: Երբ մարդիկ սկսում են ատելությամբ լցվել միմյանց հանդեպ, նրանք մոռանում են իրենց արմատները, մոռանում են, որ իրենք սիրո պտուղ են: Մենք մեր արմատներին վերադառնալու կարիք ունենք: Սերը չպետք է խորթ զգացմունք լինի մեզ համար, սակայն տարիների ընթացքում բացասական փորձառությունների պատճառով մեր համոզմունքները փոխվում են, մենք չարանում ենք ու մեզնից վանում սերը: Սա մեծագույն սխալ է:

27. Ինձ այնպես սիրիր, ասես այլևս երբեք չես տեսնելու: Ալիշա Քիզ

Այս միտքը կարդալով՝ շատերը միայլ հայտնի ասույթ կհիշեն. «Ապրիր կյանքիդ յուրաքանչյուր օրն այնպես, ասես այն վերջինն է»: Երբեք պետք չէ չարաշահել դիմացինիդ սերն ու նվիրվածությունը: Մի՛ մտածիր, որ նա միևնույնն է քոնն է, ուստի կարող ես ացանկացած կերպ վարվել նրա հետ: Այս կյանքում ոչինչ երաշխավորված չէ: Այսօր սիրում է քեզ, իսկ վաղը գուցե հոգնի անտարբերությունիցդ ու հեռանա: Այսպիսի վեջաբանից խուսափելու համար ամեն օր ցույց տուր սերդ: Եթե հիմա ողջ սրտով չսիրես նրան, ձեզ կսպառան բաժանման վտանգը, իսկ հետագա զղջումը գուցե բնավ էլ չօգնի: Հետևի՛ր հայտնի երգչուհու խորհրդին: Այնպես սիրիր նրան, ասես այլևս երբեք չես տեսնելու:

28. Սերը միակ ուժն է, որը կարող է թշնամուն վերափոխել ընկերոջ: Մարտին Լյութեր Քինգ

Ճշմարիտ է ասված, որ միայն մի ուժ կա, որը կարող է թշնամուն վերածել ընկերոջ: Դա սիրո ուժն է: Եթե Ձեր կյանքում թշնամի կա, դա հավանաբար սիրո պակասից է: Սիրեք Ձեր թշնամուն, ու թերևս նրա մեջ ևս Ձեր հանդեպ սեր առաջանա: Թշնամանքը հաղթահարելու լավագույն միջոցը սերն է:

29. Եկեք միշտ ժպիտով ողջունենք միմյանց, քանի որ ժպիտը սիրո սկիզբն է: Մայր Թերեզա

Անկեղծ ժպիտը կարող է հալեցնել անգամ ամենակարծրացած սրտի սառույցը: Մի՛ զլացեք ժպիտով ողջունել ծանոթներին ու անծանոթներին:

30. Ի՞նչ է սերը: Այն այգաբացն է և երեկոյան շողշողուն աստղերը: Սինքլեր Լյուիս

Սերն անցողիկ զգացմունք չէ: Այն միշտ առաջնորդում է մեզ մեր կյանքի ամենակարևոր որոշումներում: Այն նման է երկնքի աստղերին: Միշտ չէ, որ Դուք կարող եք տեսնել դրանք, սակայն դրանք միշտ երկնքում են: Նույն կերպ և սերը կարող է տկարանալ որոշ պահերի, սակայն իսկական սերը երբեք անվերադարձ չի կորչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել