
Մարդու ուղեղն ունակ է վայրկյանում 1016 գործողություն իրականացնել: Ոչ մի համակարգիչ ի զորու չէ նման ծավալի աշխատանք իրականացնել, բայց այսքանով հանդերձ, մարդկային ուղեղը խիստ անհուսալի «սարք» է: Սովորական հաշվիչը կարող է հազար անգամ ավելի արագ կատարել մաթեմատիկական հաշվարկները, քան մարդը: Մեր հիշողությունները սուբյեկտիվ, ջլատված ու փոփոխական են: Շրջապատող իրականության մասին տեղեկատվության մեր ընկալումն ու մշակումը ենթակա են բազմաթիվ մանր խեղումների: Մեր ընկալունակության հենց այս անճշտություններն ու սխալները կոչվում են կոգնիտիվ աղավաղումներ, և դրանք հենց այնպես չեն առաջացել, այլ դրանցից յուրաքանչյուրը պայմանավորված է էվոլյուցիոն անհրաժեշտությամբ: Որպեսզի գոյատևեին, մեր նախնիները ստիպված էին մտածել հնարավորինս արագ ու արդյունավետ:
Մեր գիտակցությունը մինչ օրս էլ պահպանել է նոր տեղեկատվությունը մշակելու արդյունքում ամենակարճ ու արագ լուծումը ընտրելու հատկությունը, որն այլ կերպ կոչվում է էվրիստիկա: Մի կողմից, էվրիստիկաներն օգնում են մեզ արագ որոշումներ կայացնել՝ բարդ կենսական պայմաններում, բայց մյուս կողմից էլ, դրանցից յուրաքանչյուրը բերում է նրան, որ մենք կենտրոնանում ենք բարդ խնդրի միայն մեկ ասպեկտի վրա և չենք կարողանում սթափ և օբյեկտիվ գնահատել շրջապատող միջավայրը: Ձեզ ենք ներկայացնում 12 ամենատարածված կոգնիտիվ աղավաղումները (էվրիստիկաները).
1. Հաստատելու հակվածություն
Մենք պատրաստակամությամբ համաձայնում ենք այն մարդկանց հետ, ովքեր սովորաբար համաձայնում են մեզ հետ: Մենք այցելում ենք այն կայքեր, որտեղ գերակայում են մեզ հոգեհարազատ հայացքներ, իսկ մեր ընկերները, որպես կանոն, կիսում են մեր ճաշակն ու հայացքները:
Մենք ձգտում ենք խուսափել այն անհատներից, խմբերից ու, ասենք, կայքերից, որոնք ստիպում են մեզ կասկածել մեր ընտրած կենսական դիրքորոշման իրավացիության վրա: Ամերիկացի բիհեվիորիստ սկինները այս երևույթն անվանել էր կոգնիտիվ դիսոնանս. մարդիկ չեն սիրում, երբ իրենց գիտակցության մեջ պատկերացումների բախում է լինում՝ արժեքային, գաղափարական, հավատքի կամ էլ էմոցիոնալ կատեգորիաներում:
Որպեսզի խուսափեն այդ ներքին կոնֆլիկտից, մարդիկ անգիտակցորեն փնտրում են այն տեսակետները, որոնք համընկնում են մեր ունեցածների հետ: Միևնույն ժամանակ, այն կարծիքներն ու տեսակետները, որոնք սպառնում են մեր աշխարհայացքին, արհամարհվում ու հերքվում են:
2. Աղավաղում՝ ի օգուտ սեփական խմբի
Այս էֆեկտը նման է հաստատելու հակվածությանը. մենք հակված ենք համաձայնել այն մարդկանց կարծիքների հետ, ում համարում ենք մեր խմբին պատկանող, և հերքել նրանց կարծիքը, ովքեր այլ խմբեր են ներկայացնում: Սա ևս գալիս է մեր նախնիներից, որովհետև այս կերպ մենք ենթագիտակցորեն փորձում ենք անել ու սատարել այն ամենը, ինչ անում են «ցեղի» այլ անդամները: Մեր ժամանակներում կոգնիտիվ աղավաղումները՝ հօգուտ մեր խմբի, ստիպում են մեզ չարդարացված բարձր գնահատական տալ մեր մտերիմների հնարավորություններին ու առավելություններին և հերքել դրանց առկայությունը այն մարդկանց մոտ, ովքեր մեր խմբին չեն պատկանոււմ:
3. Ռացիոնալիզացիա՝ գնում կատարելուց հետո
Հիշեք, թե երբ եք վերջին անգամ ինչ-որ անպիտան, չաշխատող կամ էլ խիստ թանկարժեք իր գնել: Ամենայն հավանականությամբ, դուք երկար համոզել եք ինքներդ ձեզ, որ դուք իրականում շատ ճիշտ բան եք արել: Այս էֆեկտը հայտնի է նաև որպես գնորդի ստոքհոլմյան սինդրոմ, որը, ըստ էության, յուրաքանչյուրս մեջ առկա պաշտպանողական մեխանիզմ է, որը ստիպում է մեզ փնտրել մեր արարքներն արդարացնող փաստարկներ: Անգիտակցաբար մենք ձգտում եննք ապացուցել, որ փողերը իզուր չենք վատնել, հատկապես, եթե այդ վատնած փողերը շատ են:
Սոցիալական հոգեբանությունը բացատրում է ռացիոնալիզացիայի էֆեկտը այսպես. մարդը պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն թե խուսափի կոգնիտիվ դիսոնանսից: Ուստի, գնելով ինչ-որ անպետքական բան, մենք ինքներս ենք ստեղծում կոնֆլիկտ՝ ցանկալիի ու իրականության միջև, և որպեսզի ձերբազատվենք հոգեբանական դիսկոմֆորտից, ստիպված ցանկալին մատուցում ենք որպես իրականություն:
4. Խաղացողի էֆեկտ
Գիտական գրականության մեջ այս երևույթը հայտնի է նաև որպես խաղացողի սխալ կամ Մոնտե-Կարլոյի կեղծ եզրակացություն: Մենք հակված ենք ենթադրելու, որ տարբեր պատահական իրադարձություններ կախված են ավելի վաղ տեղի ունեցած պատահական իրադարձություններից:
Դասական օրինակ է մետաղադրամի նետումը. եթե 5 անգամ «ղուշ» է եղել, ապա մենք հակված ենք ենթադրելու, որ 6-րդ անգամը կլինի «գիր» և հակառակը: Սակայն իրականում ամեն անգամ «ղուշ» կամ «գիր» լինելու հավանականությունը 50/50 է, և դա անկախ է նրանից, թե նախկին անգամները ինչ է ընկել:
Նման զգացողություններ մենք ունենում ենք նոր հարաբերություններ հաստատելիս: Ամեն անգամ մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս անգամ կլինի ավելի լավ, քան անցած անգամ:
5. Հավանականության հերքում
Մեզանից քչերն են վախենում մեքենայով երթևեկելուց, սակայն 11.400 մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռի մեջ գտնվելու գաղափարն իսկ կարող է սարսափեցնել ցանկացած մարդու: Թվում է, թե թռչելը ինչ-որ անբնական ու խիստ վտանգավոր բան է: Միևնույն ժամանակ, գրեթե ամենքը գիտեն, որ ավտովթարից զոհվելու հավանականությունն անհամեմատ ավելի բարձր է, քան ինքնաթիռի ընկնելու արդյունքում՝ համապատասխանաբար՝ 1/84-ի և 1/20.000-ի:
Ամերիկացի հոգեբան ու իրավաբան Կասս Սանստեյնը բնորոշել է այս երևույթը որպես հավանականության հերքում: Մենք ի վիճակի չենք սթափ գնահատել այս կամ այն զբաղմունքի ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը: Որպես հետևանք, մենք կամ արհամարհում ենք ռիսկի հավանականությունը, կամ էլ ընդհակառակը՝ դրան որոշիչ նշանակություն ենք տալիս, ինչը բերում է հենց նրան, որ մենք հարաբերականորեն անվտանգ բաներից վախենում ենք, իսկ իրական վտանգ ներկայացնողներից՝ ոչ:
6. Ընտրողական ընկալում
Մենք անսպասելիորեն կարող ենք ուշադրություններս սևեռել ինչ-որ բանի վրա, որը նախկինում չէինք նկատում: Օրինակ՝ դուք գնել եք նոր մեքենա և դուք սկսում եք ամենուրեք տեսնել մարդկանց, ովքեր ունեն նույնպիսի մեքենա, և մեզ սկսում է թվալ, որ այս մոդելը սկսել է ավելի պոպուլյար դառնալ, սակայն իրականությունը այն է, որ մենք պարզապես մեքենայի տվյալ մոդելը ինքնաբերաբար ընդգրկել ենք մեր ընկալման դաշտի մեջ: Նման բան տեղի է ունենում նաև հղի կանանց մոտ, ովքեր իրենց համար անսպասելիորեն սկսում են նկատել, թե որքան շատ այլ հղիներ են իրենց շրջապատում:
Նույն կերպ մենք սևեռվում ենք մեզ համար կարևոր նշանակություն ունեցող թվի վրա, կամ լսել մեզ դուր եկած երգը: Հենց սա է կոչվում ընտրողական ընկալում, որը կարող է վերաճել վերոնշյալ հաստատելու հակվածությանը: Հոգեբանությունում այս էֆեկտը հայտնի է որպես Բաադեր-Մայնհոֆի ֆենոմեն:
Իրականում շատ հազվադեպ մարդիկ կան, ովքեր կարողանում իրենք իրենց մեջ ճանաչեն ընտրողական ընկալման էֆեկտը և կոգնիտիվ այս աղավաղման պատճառով մեզ համար դժվար է սովորական զուգադիպությանը վերաբերվել որպես այդպիսին, թեև դա իրոք զուգադիպություն է:
Շարունակելի...