Չեխ փորձագետ Էրիկա Լերները հարցազրույց է տվել Regnum գործակալությանը ու կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահն ուղիներ է փնտրում Եվրասիական միությանն անդամագրվելուց հրաժարվելու համար:
Լերները հիմնավորված ներկայացնում է, որ այդ միությունը տնտեսապես վնաս է Հայաստանի համար, ինչպես նաև վկայակոչում այն փաստը, որ եվրասիական ինտեգրացիայի համատեքստում նախագահն ու կառավարող կուսակցության այլ գործիչներ հակասական գնահատականներ են տվել Ղարաբաղի մասնակցությանը: Գործակալության զրուցակիցը սա ենթադրաբար համարում է Սարգսյանի կողմից մշակված խաղի մաս:
Չեխ փորձագետը լավատես է, ես նույնիսկ կասեի՝ գերագնահատում է մեր էլիտայի պոտենցիալն ու կամքը:
Նախ, Հայաստանի իշխանության եվրասիական ընտրությունն եղել է պարտադրված, սակայն ամենևին ոչ տնտեսական գործոններով:
Երկրորդ, եթե նույնիսկ այս ինտեգրացիայի հիմքում կա ինչ-որ տնտեսական հաշվարկ, դա այն է, որ հարյուրհազարավոր հայեր շարունակեն աշխատել Ռուսաստանում ու նրանց ուղարկած տրանսֆերտների շնորհիվ՝ հայաստանցիները յոլա գնան:
Հայաստանի էլիտան չունի այն որակները, որպեսզի կարողանա «դրսի» հետ խաղեր տալ՝ դիրքորոշումների կոնտրաստի իմիտացիա ստեղծելով: Ներսում ու դրսում բոլորը սովորել են Հայաստանի ղեկավարների իրարամերժ դիրքորոշումներին, ինչը, սակայն, արդյունք է ոչ թե ճկունության, այլ՝ կոնյուկտուրայի:
Այ, Հայաստանում մեկ այլ երևույթ կա. իշխանության ու ընդդիմադիր գործիչները մրցակցում են, թե ով կարող է ավելի հաճոյանալ Կրեմլին: Ըստ այդմ, Հայաստանում չի գտնվի իշխանության հավակնող որևէ գործիչ, ով ինքնակամ հրաժարվի եվրասիական ինտեգրաիայից:
Այլ խնդիր է, որ հանգամանքները մեզ համար գուցե բարեհաջող ընթացք ունենան մեր կամքից անկախ՝ պոտենցիալ գործընկերները չուզենան դռները բացել մեր երկրի առաջ:



