1in.am-ը գրում է.
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն ապաստան տրամադրելու խնդրանքով սահմանված կարգով չի դիմել Բրազիլիայի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի արտգործնախարար Լուիս Ալբերտու Ֆիգեյրեդուն՝ պատասխանելով Globo հեռուստաալիքի հարցին:
«Եթե այդպիսի հայտ լինի, այն կվերլուծվի, բայց դեռ նման հայտ չի ստացվել»,- նշել է Ֆիգեյրեդուն: Globo-ն տարածել էր Սնոուդենի հետ հարցազրույցը, որում վերջինս հայտարարել էր, որ «երջանիկ կլիներ ապրել Բրազիլիայում»:
Բրազիլիայում հասարակության մեջ և պաշտոնական մակարդակով լայն արձագանք գտավ Սնոուդենի սկանդալային բացահայտումը, համաձայն որի՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները լրտեսել են բրազիլական ռազմավարական պետական ընկերություններին և բարձրաստիճան պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին՝ ներառյալ երկրի ղեկավար Դիլմա Ռուսեֆը:
Սնոուդենը Globo-ին ասել է, որ «ինքը մի քանի երկրներ, այդ թվում՝ Բրազիլիա ապաստան տրամադրելու խնդրանք է հղել», իսկ Բրազիլիայի ԱԳՆ-ը պնդում է, որ Բրազիլիան պաշտոնական հայտ չի ստացել Սնոուդենից, այդ պատճառով չեն քննարկել նրան ապաստան տրամադրելու հարցը:
Սնոուդենը բրազիլական ալիքին ասել է, որ իր համար նորություն է փաստը, որ Բրազիլիայում հայտ չեն ստացել: Նա նաև ենթադրություն է հայտնել, որ խնդրանքը հղելիս, «հնարավոր է, չեն պահպանվել որոշ ձևականություններ»:
Անցած շաբաթ ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սնոուդենն ասել էր, որ Ռուսաստանում իր կեցության ժամկետի ավարտից հետո մտադիր է այդ երկրի իշխանություններին խնդրել երկարացնել այն:



