Գաֆեսճյան արվեստի կենտրոնում նոր արվեստանմուշների հաճելի տեղատարափ է:): Ցամաքով, ծովով եւ օդով, աշխարհի տարբեր կետերից՝ Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ, Նյու Յորք, Մայամի եւ Հոնկոնգ, Հայաստան են ժամանում նոր քանդակներ, որոնցից շատերն արդեն իսկ զբաղեցրել են իրենց տեղերը:
Եվ այսպես, Ջիմ Անսուորթի “Կրկես” մոնումենտալ քանդակը, որը ներկայացնում է կրկեսում գտնվող երեք փղի, տեղադրվել է 50-ամյակի հուշարձանի հարեւանությամբ: Նույն հարթակում է գտնվում նաեւ Պիտեր Հիլ Ջոնսի “Փոքրիկ տնակը”: Իրական շինանյութերից պատրաստված տնակը ճարտարապետական մտքի փոքրիկ մոդել է՝ շրջապատված կանաչ տարածքով, որն էլ ինքնին դարձել է արվեստանմուշի մի մասը: Էկզոտիկ թռչնաքանդակների խումբը շուտով նոր գեղեցկություն կհաղորդի տեղանքի կանաչ հատվածին:):
Կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոյի “Առյուծ 2”-ին է միացել չինացի արվեստագետ Ժաոհուի Լիուի սպիտակ մարմարյա “Բեւեռային արջը” : Կենդանին եկել է հիշեցնելու, որ արվեստը բացի գեղագիտական արժեք լինելուց, կարող է նաեւ անդրադառնալ բնության եւ շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին:
Կասկադի ներսում՝ Շարժասանդուղքների սրահում, նույնպես տեղադրվում են նոր աշխատանքներ: Դրանցից են կալիֆոռնիացի արվեստագետ Լեդդի Ջոն Դիլի եւ Արիզոնայից Օտտո Ռիգանի քանդակները: Արտասովոր դիզայնով ստեղծված աթոռների եւ բազմոցների հավաքածուն կգրավի այցելուներին իր յուրահատուկ նորարարությամբ, մինչ նրանք կտեղափոխվեն այս ցուցասրահի շարժասանդուղքներով:
Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղադրվելու է նաեւ կոլումբիացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ամենակարեւոր աշխատանքներից մեկը՝“Ծխող կինը”: Բրիտանացի արվեստագետ Բարրի Ֆլանագանի երկու աշխատանք՝ “Գենդրդ 1/Գենդրդ 2”-ը կհամալրեն պարտեզում առկա Ֆլանագանի մյուս քանդակների հավաքածուն. երկու փղի վրա կանգնած են արվեստագետի կողմից սիրված նապաստակները:
Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի կապույտ “Կիվին”, որը երկար ժամանակ գտնվել է Նյու Յորք քաղաքում՝ Բրոդվեյի Վերդի հրապարակում, կհանգրվանի Գաֆեսճյան քանդակների պարտեզում՝ Բոտերոյի հանրահայտ“Կատվի” հարեւանությամբ:
Նշենք, որ բոլոր քանդակները համալրում են “Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուն:
Մարտին Դեբենհամի "Ոսկե արծիվը"
Ռեբեքա Ուելցի "Ստորջրյա պարույրը"
Օտտո Ռիգանի հեղինակած քանդակներից
Ջորջիո Լավերի "Շրթներկը"
Մայլի Քրիստիի "Հսկա խոլորձը"
Ուիլյամ Ալենի "Կայմարյան կրիան"
Մարտին Դեբենհամի "Ոսկե արծիվը"
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
Նյութը` Bravo.am-ից